[ARM]     [RUS]     [ENG]

ԳԼԽԻՎԱՅՐ ՇՐՋՎԱԾ ԿՅԱՆՔ

 

Նախկինում էլ, մինչև այս ամենացավոտ հետևանքները թողած դժվարագույն պատերազմը, երիտասարդ ընտանիքներն ունեին բազմաթիվ խնդիրներ, ոչ մի կերպ չհաղթահարվող դժվարություններ. պետությունը միայն նման ընտանիքներում մեծացող հինգ և ավելի երեխաների դեպքում էր պարտավորվում բնակարանով ապահովել նրանց, դա էլ հաճախ իրականություն էր դառնում տարիներով սպասելուց հետո: Ինչ-որ բան չէր հերիքում, մեկն աշխատասեր էր, իր գյուղում ու քաղաքում օրնիբուն աշխատում էր` երեխաներին արժանապատիվ կյանք ապահովելու համար, մեկն էլ սովոր էր օրերը անարդարությունների դեմ բողոքելով ու ուրիշի փողերը հաշվելով անցկացնել: Հետո, երբ արդեն ուշ էր սեփական կյանքում ինչ-որ բան փոխելու համար, պարզվեց, որ մինչև 2020թ. սեպտեմբերն ամեն ինչ ուղղակի հրաշալի էր, անհավատալի հեքիաթ` այն ամենի համեմատությամբ ինչ պիտի լիներ հետո:

Քառասունչորսօրյա պատերազմը շուրջ 92 հազար արցախցիների դարձրել է անտուն, նրանց գերակշիռ մասը կանայք և երեխաներ են, տարեցներ, ում համար կյանքը գլխիվայր է շրջվել, կորցրել իմաստը: Նրանց համար դժվար է շարժվել առաջ, մտածել հանապազօրյա հոգսերի, ընտանիքի կարիքների, ինչ-որ համայնքում, քաղաքում հիմնավորվելու մասին: Դժվար է ընթանում տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, առաջնահերթություն ասվածը բազմաթիվ հարցականների տեղիք է տալիս հենց նույն խմբերի շահառու հանդիսացող բազմաթիվ քաղաքացիների մոտ: Տեղահանվածներին աջակցություն տրամադրելու գործընթացի շրջանակներում հարուցվել ու հարուցվում են քրեական գործեր, սակայն դրանից այդ նույն տեղահանվածների կյանքի որակը չի փոխվում: Այսօր այդ կարգավիճակում հայտնված շատ քաղաքացիներ իրենց անտեսված են զգում, ամիսներով ուշանում են սոցիալական համեստագույն գումարները: Ամենացավալին այն է, որ պետական ու բարեգործական կազմակերպությունների կողմից անուշադրության են մատնված նաև բազմանդամ շատ ընտանիքներ: Մոռացության են մատնվել հաշմանդամ երեխաներ ունեցող շատ ընտանիքներ, մինչդեռ տարիներ շարունակ նման խոցելի խմբերի հիմնախնդիրներով զբաղվող կառույցներն այս ավելի քան մեկուկես տարվա ընթացքում որևէ կերպ պիտի հետաքրքրվեին Հադրութից, Շուշիից, Քաշաթաղից, Քարվաճառից ու Ասկերանի ութ համայնքներից տեղահանված այդ ընտանիքների ճակատագրով: Իրենց մասին բարձրաձայնողներին, պետական դռներ մաշողներին, ինչ խոսք, որոշակի օգնություն հասնում է, սակայն կան նաև կորստի ցավից դեռևս ուշքի չեկած ընտանիքներ, նրանցից մեկը Նարեկ և Արև Սարգսյանների ընտանիքն է:
Ապրում էին Հադրութի Վանք գյուղում, որը կպած է Հադրութին ու քաղաքի վարչական տարածքի մեջ է մտնում: Չորրորդ երեխան 2020-ի հուլիսին է ծնվել: Պատերազմից հետո Ասկերանում մեկ տարի ապրելուց հետո այս ընտանիքը Ստեփանակերտ է տեղափոխվել, Վաղարշյան փողոցում հյուրատան վերածած նորակառույց տան առաջին հարկի մի մասն են զբաղեցնում` երկու նեղլիկ ննջարանով ու մեկ նույնատիպ նախասրահով: Պայմաններից դժգոհ չեն, տանտիրոջից` նույնպես. նոր վերանորոգված ու չբնակեցված տունն է կիսել Շուշիից ու Հադրութից տարհանված երկու բազմանդամ ընտանիքների միջև: «Թե որքան գումար է տալիս պետությունը, դա իրենց գործն է, լավ մարդ է, ասել է` միայն ռեմոնտս չփչացնեք»,- ասում է Արևը: Երեխաներից երկուսն առանձին ննջասենյակ ունեն, մյուս երկուսը ծնողների սենյակում են: Զգեստապահարան, սեղան ու աթոռներ չունեն: Ասկերանում բնակվելու ընթացքում մի սառնարան են ստացել ու երկու ծալովի մահճակալ, դա է բազմազավակ ընտանիքի ստացած միակ օգնությունը: Ծալովի մահճակալներից մեկի վրա երեխաների հագուստն է դասավորված:

Ընտանիքի երրորդ երեխան` 11 տարեկան Մերին, հաշմանդամ է, մանկական ցերեբրալ կաթված ունի. մասնագետ լինել պետք չէ` հասկանալու, որ առկա է 4-րդ աստիճանի կաթված, որը նրան թույլ չի տալիս քայլել, մի դիրքով նստել, ինքնուրույն ուտել և անգամ գդալ բռնել: Դաժան ախտորոշման հետ նաև առկա է էպիլեպսիա: Պարբերական դարձած ցնցումներն սկսել են երեք ամսականում` բարձր ջերմությունից հետո: Սկզբում տեղի մասնագետները դժվարացել են որևէ հիվանդություն ախտորոշել, հետո, երբ արդեն հասակակից երեխաներն սկսել են քայլել ու վազել, իսկ իր երեխան նստել էլ չէր կարողանում, երիտասարդ մորը Երևանում բացատրել են, որ հիվանդության առաջացման պատճառը, թերևս, շրջանային մանկաբույժի` ջերմիջեցնող ներարկման չափաբաժինը սխալ հաշվարկելն էր: Ընտանիքի հիմնական եկամուտը Հադրութի էլեկտրացանցում աշխատող ամուսնու համեստ աշխատավարձն էր, երեխայի հաճախակի հետազոտությունները, հակացնցումային դեղերը մեծ գումարներ էին պահանջում, իսկ հաշմանդամ երեխաների խնամքի համար պետությունն ընդամենը 23 հազար դրամ էր հատկացնում: Ապրում էին ՌԴ-ում բնակվող համագյուղացու տանը, վարկեր էին վերցրել, վերանորոգել, կահույք ու անհրաժեշտ ամեն ինչ ձեռք բերել, ընթացքի մեջ էր տունը սեփականություն դարձնելու գործընթացը: «Լավ էինք ապրում, հողամաս ունեինք, ամեն ինչ աճեցնում էի, ողջ տարվա ընթացքում մեր բանջարեղենն ու միրգն էինք օգտագործում, խոզ, ճագար էինք պահում, հարյուրով հավ ու հնդկահավ: Իհարկե, շատ էի չարչարվում, բացի դրանից, Մերիս միշտ պիտի ուշադրության կենտրոնում լիներ: Ով կարող էր պատկերացնել, որ թուրքը մեր գյուղը կհասնի»,-ասում է Արևը: Պատերազմի առաջին օրերին գյուղից չի հեռացել, ինքը հիվանդ Մերիին էր գրկում, ավագ որդին` երկու ամսական Վահագնին ու գյուղի` համեմատաբար ամուր տներից մեկի ներքնահարկն էին վազում: Ամուսինն ամեն օր աշխատանքի էր, էլեկտրացանցի մասնագետների կարիքն ամենուր էր: Հաջորդած օրերին Հին Թաղերում, Արևշատում ապաստանելուց հետո երեխաների հետ հասնում է Գորիս, ապա` Երևան: Պատերազմից հետո այլ իրականության մեջ հայտնվեց երիտասարդ այս ընտանիքը:
Վերադարձան Ստեփանակերտ, որտեղ ազատ տուն գտնել արդեն հնարավոր չէր: Նարեկը ընկերոջ հետ Ասկերանում ազատ սեփական տուն գտան, միասին ապրում էին, մեկ տարուց հետո տեղափոխվեցին մայրաքաղաք: Նարեկին վերականգնել են աշխատանքում, 150 հազար աշխատավարձ է ստանում: Հետզհետե ուզում են վերականգնել նախկին կյանքի նշույլները, երեխաները ճագարաբուծությունն են վերսկսել, տանտիրոջ թույլտվությամբ հողամասն են օգտագործում: Ասկերանից դժվար էր ամեն անգամ հիվանդ երեխային ստուգման հասցնել մայրաքաղաք: Արևը գոհ է մանկական հիվանդանոցի բժիշկներից, նյարդաբանը երիտասարդ մասնագետ է, նրբանկատ, ինչ իր հնարավորությունների սահմանում է՝ անում է, սակայն դրական դինամիկա չի նկատվում:
Ամեն ինչ հարազատ գյուղում թողած ընտանիքն այստեղ է հասցրել միայն վարկերի բեռը. Ներդրումային հիմնադրամը մերժել է դրանք փոխհատուցելու դիմումը` պարզաբանելով, որ Նարեկը չի ներկայացել զորահավաքին: Նարեկը բազմազավակ հայր է, խնամակալության տակ ուներ ծանր հաշմանդամություն ունեցող երեխա, նման անձինք ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում զորակոչի ենթակա չեն: «Զորահավաքին չներկայացած» Նարեկը, սակայն, Մոբ-ի գումար է ստացել պատերազմից հետո: Պատմում է, որ Խծաբերդում իրենց հերթափոխելու եկած ջոկատի տղաներն են գերեվարվել: Ներդրումային հիմնադրամի վարկային բաժնի մասնագետը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ տեղահանվածներին մերժելիս հիմք են ունեցել ՊԲ ներկայացրած ցուցակները` հավելելով սակայն, որ ընթացքում է դրանց վերանայման գործընթացը և, հավանաբար, Նարեկ Սարգսյանի նման շատ դիմումատուներ կվերականգնվեն պետական ծրագրի շահառուների ցուցակում: Հարազատ գյուղում ամեն ինչ թողած երիտասարդ ընտանիքի համար այսօր ամենահրատապ խնդիրը սեփական հարկի տակ հավաքվելն է, դիմել են բնակարանային վարչություն, խոստացել են ընդգրկել առաջնահերթ բնակարանով ապահովելու ենթակա ընտանիքների ցանկում և մինչև տարվա վերջ գոնե հատկացնել բնակարան: Կապրենք, կտեսնենք`ասում է Արևը:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ