[ARM]     [RUS]     [ENG]

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՇԱՑՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐ

 

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անտուն մնացած բազմահազար ընտանիքների տարաբնույթ խնդիրների լուծման գործը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հիմնականում հանձն էին առել հայկական երկու հանրապետությունների կառավարությունները: Անմիջապես գործարկվել են աջակցության մեկ տասնյակի չափ ծրագրեր։ Դրանցից առաջինը յուրաքանչյուր շահառուի միանվագ դրամական օգնության տրամադրումն էր 68-հազարական դրամով (նաև լրացուցիչ 15000 դրամ՝ այն շահառուներին, որոնք այլ վայրերում չեն ունեցել սեփականություն)։ Չմոռանանք նշել, որ այդ 68 հազարաները, չգիտես ինչու, տրամադրվել են նաև գույքային ու նյութական որևէ այլ կորուստ չկրած բոլոր արցախցիներին՝ բացառությամբ 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող արական սեռի ներկայացուցիչներին (ասենք՝ պատերազմից հետո դա, կարծես, բնական էր դիտվում տուն ու տեղից կտրված ու ՀՀ մայրաքաղաքում ու մարզերում պատերազմի ավարտին սպասելու պարագայում): Հաջորդած ծրագրերը ևս նախատեսում էին դրամական օգնության տրամադրում Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված տարածքների բնակիչներին, պատերազմի հետեւանքով գույքը կորցրածներին, զոհերի, վիրավորների եւ անհետ կորածների ընտանիքներին։ Պատերազմից մի քանի ամիս անց սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում նախատեսված համեստ չափի գումարներն սկսեցին ուշացումով հասնել հասցեատերերին, հատկապես դանդաղում էին բնակարանների վարձավճարների փոխհատուցման գումարները. դրանք մի քանի ամիս ուշացումով էին հասնում վարձատուներին` առիթ դառնալով բազմաթիվ բողոքների ու վարձակալների հետ տարաձայնությունների: Իսկ Փառուխի դեպքերից հետո բացահայտ հայտարարվեց, որ տարհանվածների խնդիրները պետությունը առժամանակ մղում է երկրորդ պլան: Իրավիճակի համեմատաբար կայունացումից հետո էլ գործընթացը չի կարգավորվել, փոխարենը` գնալով ավելանում է տեղահանվածների հարցերով զբաղվող պետական կառույցների թիվը: Մենք փորձեցինք պատկան կառույցներից մեկի` ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ղեկավարի տեղակալ Վահրամ Առաքելյանից պարզել աջակցության գործընթացի ձգձգման պատճառները:

-Պրն Առաքելյան, մեր թերթի խմբագրություն են դիմում հունվար-փետրվար ամիսների համար տեղահանված անձանց 40 և 20 հազար ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի իրականացման ընթացքից դժգոհ բազմաթիվ քաղաքացիներ: Ինչպես հայտնի է, ծրագիրը նախաձեռնել էր ՀՀ կառավարությունը, իրականացման հարցերով զբաղվում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, եթե չեմ սխալվում` երրորդ ամիսն է` ձեր գերատեսչությունն է զբաղվում ծրագրով, պարզաբանեք, խնդրեմ, ո՞րն է ուշացման պատճառը:
-Պետք է կրկնեմ արդեն բազմիցս հայտարարվածը. Ձեր կողմից նշված, ինչպես նաև 68000-ական դրամի չափով սոցաջակցության գումարների, կենսաթոշակառուների և երեխաների համար սահմանված 50000-ական դրամի չափով սոցաջակցության գումարների ուշացումների պատճառը պետական բյուջեի միջոցների բաշխման առաջնահերթությունների փոփոխություններն են, որոնք պայմանավորված էին հանրապետության անվտանգային համակարգի ուժեղացման համար անհրաժեշտ գործողությունների իրականացմամբ:
-Ապրիլի 19-ին ԱԺ նիստում Դուք տեղեկացրել էիք, որ 15 բանկերից 13-ի քարտապանների վճարումները լրիվությամբ իրականացվել են, «Արցախբանկի» վճարումներն իրականացվել են մասամբ, իսկ ՎՏԲ բանկի և «Արցախբանկի» մնացած հաճախորդների վճարումները կիրականացվեն մոտ օրերս: Ձեր նշած 13 բանկերի քարտապաններից կան քաղաքացիներ, որոնք առայսօր չեն ստացել գումարը, ո՞ւմ կարող են դիմել նրանք: «Արցախբանկի» տեղահանված հաճախորդներին տեղեկացվել է, որ գումարները տեղաբաշխվում են այբբենական կարգով, սակայն այստեղ ևս կարծես խառնաշփոթ է ստեղծվել անգամ ընտանիքի` նույն ազգանունը կրող անձանց պարագայում, մինչդեռ այդ ընտանիքներին ընդհանուր գումար էր պետք` իրենց սոցիալական խնդիրները փոքրիշատե լուծելու համար: Առկա խնդրի համար ի՞նչ լուծումներ է տեսնում նախարարությունը և ի՞նչ է կիրառվում ապագայում նման ծրագրերն ավելի կանոնակարգված իրականացնելու համար:
-Առկա իրավակարգավորումների համաձայն՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն իրականացնում է հաստատված գումարների փոխանցումները համապատասխան բանկերին: Վճարացուցակները բանկերին են տրամադրվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Եթե անձի կողմից առցանց եղանակով լրացված դիմումն ընդունվել է և մեր նախարարության կողմից տվյալ բանկի շահառուների գումարները փոխանցվել են, ապա առաջացող խնդիրների լուծման կամ դրանց պատճառներն իմանալու համար պետք է դիմել տվյալ բանկի մասնաճյուղին կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ Միասնական սոցիալական ծառայությանը: Ինչ վերաբերում է վճարացուցակների կազմման եղանակին, ապա կրկին հայտնում եմ, որ մեր նախարարությունը վճարացուցակների ձևավորման և բանկերին տրամադրելու գործառույթներ չի իրականացնում:
Ի դեպ, վճարացուցակը բանկին տրամադրելու դեպքում նշված ծառայության կողմից այդ վճարացուցակում ընդգրկված անձի հեռախոսահամարին ուղարկվում է կարճ հաղորդագրություն:

 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ