[ARM]     [RUS]     [ENG]

Արցախում աճել է շինարարության ծավալն ու տնտեսական ակտիվության ցուցանիշը

 

 Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում շինարարության ծավալն աճել է 10,1 տոկոսով՝ կազմելով 15,3 միլիալրդ ՀՀ դրամ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Սուսաննա Հարությունյանը։ Նրա հաղորդմամբ՝ 2022թ. առաջին չորս ամիսներին Արցախի Հանրապետությունում ընթացիկ գներով արդյունաբերական արտադրանքը կազմել է 36 մլրդ դրամ: Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը 2021թ. հունվար-ապրիլ ամիսների համեմատ 136,5 տոկոս է։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2022թ. հունվար-ապրիլ ամիսներին 16,3 տոկոսով աճել է մսի, 18 տոկոսով՝ ձվի և 10,2 տոկոսով` նվազել կաթի արտադրությունը: «Տնտեսական ոլորտում արդեն նկատելի են ջերմոցային տնտեսությունների գործունեության արդյունքները: Ըստ ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների՝ մինչև հունիսի 1-ը ջերմոցներում արտադրվել է շուրջ 40 ցենտներ վարունգ, 15ց լոլիկ, 45ց կանաչեղեն, մշակվել և իրացվել են նաև ծաղիկներ»,-նշեց Ս. Հարությունյանը։ Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն Արցախում այս տարվա հունիսի 1-ի դրությամբ ընթացիկ գներով կազմել է 76 հազար 816 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 43 հազ. 399 դրամ: Ցուցանիշը նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 7.4 %-ով: Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022թ. ապրիլին նախորդ ամսվա համեմատ կազմել է 87.4%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 110.7%, 2021թ. հունվար-ապրիլի նկատմամբաճողական 109.3%:

Ս. Հարությունյանը պարզաբանեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը /ՏԱՑ/ երկրի տնտեսությունում արտադրանքի թողարկման իրական ծավալի փոփոխության ամսական ագրեգացված ցուցանիշ է:

Աննա Ալեքսանյան