ԱՆԴՐԱԴԱՐՁ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ
Տեղահանված քաղաքացիների խնդիրները շարունակում են մնալ արդիական։ Այդ խնդիրների լուծման ընթացքի մասին զրուցեցինք ԱՀ Հադրութի և Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարներ Արթուր Բաղդասարյանի և Գրիշա Հովհաննիսյանի հետ։
Անշուշտ, տեղահանվածների խնդիրները և պետության կողմից դրանց լուծմանը միտված ծրագրերը երկու շրջանների համար նույնն են, սակայն այդ համայնքների իրավիճակը փոքր-ինչ տարբերվող է։ Նախ անդրադառնանք իրականացվող ծրագրերին։ Իհարկե, առաջնախնդիր է կացության հարցը. պետությունը մեծածավալ շինարարություն է ծավալել, ստեղծել այդ հարցերով զբաղվող Բնակարանային հարցերով կոմիտե, որը մշակված սկզբունքներով իրականացնում է վերաբնակեցման պետական ծրագիր՝ առաջնահերթությունը տալով զոհվածների, բազմազավակ և ծանր վիրավորում ստացածների ընտանիքներին։
Հաջորդ ծրագիրը հարկադիր պարապուրդի վճարումներն են, որը նախատեսված էր ավարտել 2022թ. հուլիսի 1-ին, սակայն, հուրախություն բոլորի, այն երկարաձգվել է մինչև 2023թ. հունվարի 1-ը։ Ի գիտություն, ասենք, որ այդ ծրագրի համաձայն, պարապուրդի մեջ գտնվողների ցանկում ընդգրկված չեն համատեղությամբ աշխատողները։ Տեղահանվածների սոցիալական խնդիրների մեղմման ծրագիրը կգործի հուլիսի 1-ից, ըստ որի հուլիս ամսից յուրաքանչյուր անձի կտրամադրվի 40.000 դրամ՝ մինչև բնակարանային կարիքի բավարարումը։ Սոցիալական հարցերի մեղմմանն աջակցում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից գործող ծրագիրը, ըստ որի՝ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման համար տեղահանվածներին հատկացվում է 500.000 դրամ, ընդ որում՝ փաստաթղթային, ցուցակների ճշտգրման հարցում ԿԽՄԿ-ն համագործակցում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ։ Ի դեպ, վարչակազմերի ղեկավարները հավանություն տվեցին ծրագրի՝ 2 փուլով իրականացման մոտեցմանը. 1-ին փուլում տրվում է 250.000 դրամ, և երբ ներկայացվում է կենցաղային տեխնիկայի գնման դիմաց համապատասխան կտրոնը, հատկացվում է հաջորդ 250.000 դրամը։ Նշենք, որ շահառուները չեն կարող 2 անգամ գնել նույն իրերը։
Կորցրած գույքի /անասուններ, այգիներ, մեքենաներ, խանութներ, հասարակական օբյեկտներ, ձեռնարկներ/ փոխհատուցման ծրագրի իրականացման համար էլ պետության կողմից ստեղծվել է Գույքի փոխհատուցման կոմիտե, որն արդեն իրականացրել է զոհվածների ընտանիքների կորցրած գույքի դիմաց փոխհատուցումը։ Շեշտենք, որ փոխհատուցման շեմը՝ 5 մլն դրամը, տրվում է առձեռն, մնացածը՝ պարտատոմսերի եղանակով։ Ի դեպ, շահառուներն առաջարկել են փոխհատուցման այլ տարբերակ. գումարը հատկացնել 2 փուլով. 1-ին փուլում 2,5 մլն. դրամը բաժանել բոլորին, 2-րդ փուլում՝ նրանց, ովքեր դեռ ունեն փոխհատուցում ստանալու գումար։ Կոմիտեի կողմից առաջարկը քննարկվում է, շուտով համապատասխան որոշում կընդունվի և կսկսվի կորցրած գույքի փոխհատուցման գործընթացը մնացած տեղահանվածների համար։Ըստ Հադրութի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի ասածի, որն այդ պաշտոնում նշանակվել է 2021թ. հունվարին, այսօրվա դրությամբ 5500 մարդ բնակվում է Արցախում, 5670-ն էլ՝ Հայաստանում, ովքեր հերթագրված են ԱՀ բնակարանային հարցերով կոմիտեի ցուցակներում և վերադարձը կապում են բնակարան ստանալու հետ։ 38 զոհվածների և մոտ 10 բազմազավակ հադրութցիների ընտանիքներ արդեն ապահովված են բնակարաններով Ստեփանակերտում։ Նա արդիական է համարում ԿԽՄԿ-ի սոցիալական աջակցման ծրագիրը, որի իրականացումը թույլ կտա կենցաղային տեխնիկայով բավարարել տեղահանվածների մոտ 80 տոկոսին։
Վարչակազմի ղեկավարի մտահոգիչ հարցերից է աշխատանքով ապահովումը, որը նույնպես դժվար լուծելի է։ Այսօրվա դրությամբ՝ պետական կառույցներում ռեալ աշխատանքով ապահովված են Հադրութի շրջանի 3 ՊՈԱԿ-ները /Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, Տողի արվեստի դպրոցը, սպորտի, մշակույթի կենտրոնը/ հիմնական ու երաժշտական դպրոցները, մանկապարտեզը, համայնքները և վարչակազմը։ Անշուշտ, մարդկանց մի մասը գտել է աշխատանք, որն, ըստ Ա. Բաղդասարյանի, Արցախում և ՀՀ-ում միասին կազմում է մոտ 70 տոկոս։ Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը, որն այդ պաշտոնում աշխատում է 2020թ. դեկտեմբերից, նշում է, որ Շուշիի շրջանի բնակչության 80 տոկոսը վերահաստատվել է Արցախում և միայն 20 տոկոսն է ապրում Հայաստանում կամ այլ երկրներում։ Այսօրվա դրությամբ բնակարանով ապահովված են զոհվածների, վիրավորում ստացածների, բազմազավակ և միայնակ ընտանիքները։ Զոհվածների 10-12 ընտանիք ցանկացել է ապրել ՀՀ-ում. նրանք հայտ են ներկայացրել բնակարանի գնման սերտիֆիկատ ստանալու համար։ Նման դեպքերի համար գործում է ծրագիր, որի համաձայն 2 հոգուց բաղկացած ընտանիքին հատկացվում է 20 մլն. դրամի համարժեք նպատակային սերտիֆիկատ, իսկ 3 հոգուց բաղկացած ընտանիքին՝ 21 մլն. դրամի։ Կան ընտանիքներ, որոնց համար պետությունը տուն է գնել երկրորդային շուկայից։ Վարչակազմի ղեկավարի տեղեկատվությամբ՝ 50-60 ընտանիք բնակարան է ձեռք բերել երկրորդնային շուկայից։ Բնակարանաշինությունն էլ լայն թափով շարունակվում է. մասնավորապես՝ Քարին տակ գյուղի համար Նորագյուղի շարունակությամբ կառուցվում է 145 առանձնատուն՝ յուրաքանչյուրը 1000մ տնամերձ տարածքով։ Քիրսավանի համար էլ Դահրավ գյուղում հատկացվելու է 20 տուն։ Եթե շինարարությունը նման տեմպով շարունակվի, 2023 թվականին այդ գյուղերի տեղահանվածներին հնարավոր կլինի ապահովել առանձնատներով։
Շուշիի գրեթե բոլոր ՊՈԱԿ-ներն աշխատում են՝ բացառությամբ գրադարանի ու թերթի։ Գործում են Աբովյանի և Ղազարյանի անվան դպրոցները, աշխատում է «Վարանդա» երգչախումբը, 165 երեխա ընդգրկող մանկապարտեզը, սպորտդպրոցը։ Երիտասարդները, հիմնականում, ծառայում են տարբեր ուժային կառույցներում, բնակչության մի մասն էլ զբաղված է շինարարությամբ։ Ամենայն հավանականությամբ, բացի ՊՈԱԿ-ներում աշխատողներից, շուշեցիների մոտ 50 տոկոսը գտել է աշխատանք և ինտեգրվում է։
Վարչակազմի ղեկավարի տեղեկատվությամբ՝ գույքի փոխհատուցման ծրագրի գործարկումն ավարտված է արցախյան բոլոր պատերազմների զոհվածների ընտանիքների հանդեպ, սկսված է մնացածների փոխհատուցման գործընթացը։
Գ. Հովհաննիսյանի կարծիքով՝ բնակարանների վարձակալության նոր ծրագիրը, ըստ որի՝ յուրաքանչյուր շահառուի ամսական կտրվի 40 հազ. դրամ, անարդար է, հատկապես մեկ անձից բաղկացած ընտանիքների, թոշակառուների հանդեպ։ «Նրանք ի վիճակի չեն լինելու այդ գումարով տուն վարձակալել, կեցություն ապահովել, քանի որ, վարձով տուն տրամադրողների «ախորժակն անընդհատ մեծանում է», պետությունն էլ լծակներ չունի ազդելու։ Անարդար մոտեցում է նաև հյուրանոցներում ապրողների և միանձնյա ընտանիքների կեցության հնարավորություններին. հյուրանոցներում ապրողներին օրական հասնում է 3.000 դրամ, այսինքն՝ 1 ամսում 90.000 դրամ, իսկ նշված խավին ամբողջ ամսվա համար կտրամադրվի 40.000 հազ. դրամ»,- ընդգծեց նա։
Էմմա ԲԱԼԱՅԱՆ