ԿԱՐԿԱՌ. ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՎԱՅՐՈՒՄ

Այս թեմային անդրադարձել էր նաև ՙԱզատ Արցախ՚ թերթը, որին տված հարցազրույցում ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության պատմամշակութային հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ Ս. Սարգսյանը նշել էր, որ պեղումները կշարունակվեն, եթե համապատասխան ֆինանսական միջոցներ հայթայթվեն։ Անցյալ տարի քաղաքի մի հատված (կլոր կացարանն ու նրան սնող ջրանցքը) բացվել էր։ Արդեն երկու շաբաթ է, Կարկառի տարածքում պեղումները վերականգնվել են: Հոկտեմբերի 25-ին աշխատանքները ղեկավարող հնագետ Գագիկ Սարգսյանը դրանց ծանոթացրեց լրագրողներին։
Տեսակետ կա, որ Կարկառ քաղաք¬ամրոցը հենց Շուշին է. այն հայտնաբերվել է Շուշիից 2 կմ դեպի արևելք։ Հնագետներ Հ. Պետրոսյանն ու Վ. Սաֆարյանը, պեղումներ կատարելով Շուշիում, հայտնաբերել են 12-14 րդ դարերին վերաբերող բազմաթիվ գտածոներ: Ըստ դրանց, Կարկառը ներկայացվում էր որպես քաղաք և ամրոց պարսից արքա Խոսրով Անուշիրվանի ժամանակներից (531-578 թթ.)։
Ըստ անցյալ տարվա հրապարակումների, Շուշիի շրջակայքում, Շոշ գյուղից 1,5 կմ հյուսիս, Կարկառ գետի ձախափնյա՝ ավտոմայրուղու վերին ապառաժոտ լեռան սարահարթի վրա է գտնվում Կարկառը, որը զբաղեցնում է 20 հա տարածք և կոչվում է ՙԹագավորեն տեղ՚։
Այս տարվա պեղումները կարծես որոշակիորեն փոխել են հնագետների պատկերացումները քաղաքի գոյության ժամանակաշրջանի և տարածքի վերաբերյալ։ ՙՍա փաստորեն Արցախի պատմական մայրաքաղաքն է, Ստեփանակերտի նախանախապապը, որի արմատները տանում են դեպի երկաթե դարի ժամանակները, մինչև մ.թ.ա. 6-7-րդ դար։ Այս տարվա պեղումներն ապացուցում են, որ քաղաքն իրականում շատ ավելի հին է, քան պարսից արքա Անուշիրվանի ժամանակները։ Այստեղ պեղումների արդյունքում բացվել են կիկլոպյան շարվածքով պատեր, որոնք մ.թ.ա. 6-7-րդ դարերի՝ ուրարտական ժամանակաշրջանի մասին են խոսում՚,¬ ասաց հնագետը, նշելով, որ ճիշտ է, զուտ ուրարտական մշակույթ այնտեղ չկա, բայց պարզ է, որ ուրարտական ժամանակաշրջանից ունեցել ենք մի բավականին մեծ քաղաք՝ իր պաշտպանական համակարգով և բոլոր ենթակառույցներով։ Նրա խոսքերով, Անուշիրվանը հետո է այդ քաղաքում շինարարություն կատարել. դրա հետքերը նույնպես երևում են հնագիտական նմուշների վրա։ Քաղաքի մոտավոր տարածքը 35-40 հա է, հյուսիսային պարսպի երկարությունը՝ 1100 մ , իսկ պարսպի տակ հայտնաբերվել է ջրի խանդակ:Պարսպից ներքև կան 3-4 արհեստական դարավանդներ, որոնք եղել են պարսպապատ և հանդիսացել են քաղաքի պաշտպանական համակարգի մի մասը։ Քաղաքն, ըստ հնագետի, ունեցել է միջնաբերդ, այստեղ այժմ բլուր է, այնտեղ կան պատեր, շինությունների հատվածներ, երևում են պարսպապատ տարածքներ։ Գ. Սարգսյանը կարծիք հայտնեց, որ քաղաքը հիմնականում ավերվել է մարդու կողմից, քանի որ Կարկառը որպես քարհանք է ծառայել ինչպես Շոշ գյուղի բնակիչների, այնպես էլ շուշեցիների համար։ Բացի այդ, Կարկառ քաղաքի տարածքում խորհրդային տարիներին արհեստական անտառ է աճեցվել, ինչը, բնականաբար, վերջնական հարված է հասցրել քաղաքի ոչնչացմանը. տրակտորով հերկվել է տարածքը, տնկվել կաղնու անտառ։
Պեղումների ընթացքում ուրարտական ժամանակի մասին խոսվող հնագիտական նյութեր են հայտնաբերվել՝ խեցեղեն, ուլունքներ, բրոնզյա իրեր, երկաթյա դանակ, երկու տեղում բացվել է քարից կրակարան՝ դարձյալ հեթանոսական ժամանակաշրջանից։ Պեղված շինությունների պատերը հում աղյուսից են, և քանի որ այստեղ շուրջբոլորը կավահող է, տարիների ընթացքում աղյուսը կամաց ¬ կամաց վերածվել է կավահողի։ Կրակարանից պեղված փայտածուխը ևս կենթարկվի փորձաքննության։
Զբոսաշրջության վարչության պետ Ս. Շահվերդյանը նշեց, որ երկու տարվա պեղումների արդյունքները գալիս են ապացուցելու, որ այստեղ մեծ բնակավայր և բերդ է եղել։ Ս. Շահվերդյանը նշեց, որ հնագետների հետ կմշակեն հնավայրի պեղումների ծրագիր և լայնածավալ աշխատանքներ կիրականացնեն։ Վարչության պետի խոսքերով՝ սրա բացառիկությունը, բացի պատմահնագիտական արժեքից, կայանում է նաև նրանում, որ այն հաջողված նոր զբոսավայր կարող է դառնալ, քանի որ մոտ է Ստեփանակերտին ու Շուշիին։ ՙՍտեփանակերտում, ինչպես գիտեք, շատ հնություններ չկան, և Կարկառը մասամբ կգա լրացնելու այդ բացը՚,¬ ասաց նա։
Հնավայրի պեղման աշխատանքները շարունակվում են։