Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ

DSC04020.jpgԱյգեստանցիները  (նախկին չայլուեցիները)   պինդ եւ աշխատասեր  մարդիկ են,  բռնատեղահանությունից  հետո   վերաբնակվելով մի ավերված գյուղում,  ամեն ինչ սկսել են զրոյից՝ գյուղն էլ անվանակոչելով Նոր Այգեստան։
Համայնքն ունի 35 տնտեսություն, 170 բնակիչ։  2004թ.¬ից  գյուղը ղեկավարում է Արշակ Բաղդասարյանը՝ մեկը նրանցից, ովքեր  շատ լավ գիտեն  տունուտեղը հարկադրաբար  թողած մարդկանց հոգսերը, դժվարությունները, հոգեկան ապրումներն ու ուրախությունները։
Այգեստանցիների զբաղմունքն անասնապահությունը, հողագործությունն ու դաշտավարությունն է։ Այս տարի  գյուղատնտեսական  մշակաբույսերից միջին բերքատվություն է գրանցվել։ Գյուղում կատարվել է 104 հա հերկ։  Կան նաև արտագնա աշխատանքի մեկնողներ, բայց նրանք մեծ թիվ  չեն կազմում։ Արտերկիր մեկնողները գյուղից ժամանակավորապես են բացակայում։ Նրանք որոշ ժամանակ անց վերադառնում են։ Կարճ ասած ՝  խոշոր արտագաղթի միտում  չկա։
Գյուղն ունի բուժկետ։ Համայնքի միջնակարգ դպրոցում սովորում է 42 աշակերտ։ Համայնքի թիվ  1 խնդիրը խմելու ջուրն է։ Պակաս կարևոր չէ նաև մանկապարտեզի հարցը։ Ներհամայնքային ճանապարհները բարեկարգ են։  2011թ. պետական միջոցներով գյուղում կառուցվել է 2 բնակելի տուն։ Այս տարի կառուցվում է 6¬ը՝  իր բոլոր հարմարություններով։ Համագյուղացի երեւանաբնակ Վլադիմիր Գալստյանի բարեգործությամբ  գյուղում կառուցվում է հուշարձան Արցախյան գոյամարտում նահատակված այգեստանցիների հիշատակին։  
-Շատ եմ կարևորում  համայնքում մանկապարտեզի  կառուցումը,¬ ասում է համայնքի  ղեկավարը,¬ այս տարի գյուղում ծնվել են 3 երեխա, աճող գյուղ է, առաջխաղացում է նկատվում։ Գյուղացիները  կամաց-կամաց գալիս են, ուղղակի բնակարաններ չկան։ Ամենակարևոր հանգամանքներից մեկը գյուղի գազիֆիկացումն է։ 
Համայնքի բնակիչներն ըմբռնումով  են մոտենում գյուղի առջև ծառացած խնդիրներին։ Նրանք հասկանում ու գիտակցում են, որ հնարավորինս ամեն ինչ արվում է, որպեսզի հիմնախնդիրները հասցվեն նվազագույնի։ 
Ի դեպ,  դպրոցի հետ կապված խնդիրներն  առաջնային են համարվում այստեղ. դպրոցը մշտապես գտնվում է  համայնքի ղեկավարի  ուշադրության կենտրոնում. տնօրենի հետ միասին նրանք փոխհամագործակցված աշխատանք են տանում։ ՙԳյուղում, ինչպես ընտանիքում, համերաշխություն պետք է տիրի, սեր և հարգանք՚,- համոզված է գյուղապետը։
   Նոր Այգեստանի  բնակիչները  գյուղապետից դժգոհելու որևէ  պատճառ չունեն։ Նրանք տեսնում են, որ համայնքի ղեկավարը, հնարավորության սահմաններում, ամեն ինչ անում է, որպեսզի թեթևացնի գյուղական դժվար առօրյան, օգնում է սոցիալապես անապահով ընտանիքներին։  Այգեստանն ունի նաև իր ավանդույթները, տոներն ու ծեսերը, որոնք գյուղաբնակները ձգտում են պահպանել։  Այս օրերին  Նոր Այգեստանում գրեթե  չկա մի տուն, որտեղ հավաքած առատ բերք ու բարիքից  գինի, օղի չթորեն։  Իսկ եթե փորձես անցնել նրանց տան կողքով՝ համատարած հյուրասիրություն է լինում ամեն մի  այգեստանցու հյուրընկալ  օջախում։
Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բերքի տոնին իրենց մասնակցությունն  են ունեցել  նաեւ նորայգեստանցիները՝ գինով, բերք ու բարիքներով։
 Սիրո, համերաշխության, փոխադարձ ըմբռնման մթնոլորտում էլ  Նոր Այգեստանում փորձում են քարը քարին դնել,  կամաց-կամաց առաջ տանել հոգսաշատ գյուղի գործերը։ 
Շատ դժվարությամբ, սակայն աստիճանաբար  իրենց ուժերով նրանք  արարում, ստեղծում են։  Նոր Այգեստանի  բնակչությունը համեմատաբար բարեկեցիկ պայմաններ ունի։ Համայնքի ղեկավարը հուսով է, որ օտար ափերից  կվերադառնան այգեստանցիները եւ կմասնակցեն Նոր Այգեստանի վերկանգնմանը։ 
 
Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ
ք. Մարտակերտ