[ARM]     [RUS]     [ENG]

ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞… ՈՒՂՂԵԼ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՍԽԱԼԸ

Օրեցօր ընդարձակվում է մեր սիրելի  Ստեփանակերտը, թևերը տարածում շուրջբոլոր: Քաղաքը փոխակերպվել է մեծ  շինհրապարակի, թափով վեր են խոյանում գեղեցիկ ու հարմարավետ շենքեր, առանձնատներ: Դա անչափ ուրախալի է: Սակայն կա մի թերություն. մայրաքաղաքում  հուշարձանները   մատների վրա կարելի է հաշվել… Մենք համայն  աշխարհին հազարավոր  եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր  եւ այլ հուշարձաններ պարգևած  ժողովրդի օրինական ժառանգորդն ենք։ 
Երկրագնդի լավագույն քաղաքներն  ուշադրություն  են գրավում ոչ միայն ինքնատիպ ու գեղեցիկ շենքերով, այլև նրանցում կառուցված կամուրջներով, ջրանցքներով, եկեղեցական շինություններով, հուշարձաններով: Միջնադարյան Անին հարյուրավոր եկեղեցիների  քաղաք էր, Ջուղան` խաչքարերի, Սանկտ Պետերբուրգն աչքի է ընկնում բազմաթիվ կամուրջներով, Վենետիկն ու Ճենովան` գեղեցկատեսիլ  անկրկնելի ջրանցքներով…
Ինչի՞  համար է  այս երկարաշունչ առաջաբանը՝ կհարցնի ընթերցողը։ Որովհետեւ ինձ հանգիստ չի տալիս մի տխուր փաստ` կապված նույնպես հուշարձանի հետ: Խոսքս Ստեփանակերտում ԱԼեքսանդր Մյասնիկյանի կիսանդրու մասին է, որը պատվանդանից իջեցվեց Արցախյան շարժումն սկսվելուց  օրեր անց եւ… տեղափոխվեց անհայտ ուղղությամբ։ Ու թե ինչ  բախտի արժանացավ` չգիտենք: 
Այս դատապարտելի  ՙակցիայի՚ հեղինակները երևի թե լավ չգիտեին Մյասնիկյանին: Կուսակցականությունը թողնելով մի կողմ` նշենք, որ 20-րդ դարի երկրորդ տասնամյակի վերջին հայ հասարակական-քաղաքական միտքը  Ստեփան Շահումյանի գնդակահարությունից հետո հիմնականում ուղղված էր դեպի Ալ. Մյասնիկյանը: Հայ ժողովրդը մեծ  սպասելիքներ ուներ նրանից, բայց իրավիճակը, ժողովրդի ու հենց իր` Մյասնիկյանի նկատմամբ կազմակերպված եւ իրականացված դավադրությունները խանգարեցին դրանց լիարժեք իրագործմանը:
Քաղաքակիրթ երկրներում անգամ  ռեակցիոն գործիչների հուշարձաններին, մահարձաններին ձեռք չեն տալիս, որովհետև դա իրենց նյութական մշակույթի անբաժանելի մասն է, որն անհնար է դուրս նետել ՙպատմության գնացքից՚:
Կիսանդրին  շպրտողներին չէր խանգարի իմանալ, որ Մյասնիկյանն իր ժողովրդի նկատմամբ  հանցագործություն չի կատարել: Օրինական հարց է ծագում. միայն կուսակցական պատկանելության համար արժե՞ր կատարել վանդալիզմի նման ակտ: Գիտեի՞ն, արդյոք, այդ տհասները, որ հեռավոր Բելոռուսիայում, Ռուսաստանում ու հենց Հայաստանում Մյասնիկյանի հուշարձաններից ոչ մեկը չի  ապամոնտաժվել…
Մյասնիկյանին սիրում, գնահատում էին մեր ժողովրդի պանծալի զավակներ հանդիսացող մտավորականները,  քաղաքական, պետական, ռազմական գործիչները` Վ. Տերյանը, Ավ. Իսահակյանը, Հովհ. Թումանյանը, Ե. Չարենցը, Ա. Բակունցը, Ալ. Թամանյանը, Ստ.Շահումյանը,  Ս. Կասյանը, լեգենդար Գայը և ուրիշներ: Այս  մեծությունները հիանում էին նրա գործունեությամբ: Մյասնիկյանին  անկաշառ ու անձնուրաց հայանպաստ գործունեության համար ուղղակի պաշտում էին մարդիկ:
Բելոռուսիայում և Ռուսաստանում մեծ  հեղինակություն ձեռք բերած   Ալ. Մյասնիկյանը 1921-ին եկավ Հայաստան, դարձավ փոքրիկ հանրապետության առաջին դեմքն ու ղեկավարը: Նրա տիտանական գործունեությանն ահա թե ինչպիսի գնահատական է տվել ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը. ՙՆա պատկանում է այն սակավաթիվ պատմական դեմքերի շարքին, որոնց անունները պարտավորեցնում են   սերունդներին:... Նրա անմիջական ղեկավարմամբ ստեղծվեցին այն հիմնական նախադրյալները, որոնց վրա վերջին տարիների ընթացքում ծավալվեց Հայաստանի տնտեսական և մշակութային շինարարության գործը, Հայաստանի աշխատավորության նյութական ու կուլտուրական վերածնունդը՚:
Մեջբերենք էլի տողեր հայոց մեծերից:
ՙԱլեքսանդր Մյասնիկյանը չկա, չկա այլևս ամենալավ հայերից մեկը… Ափսո~ս,  շա՛տ ափսոս., ի~նչ կյանք ունեցավ` ի~նչ մեծ գործ կատարեց՚:
Ավետիք Իսահակյան
ՙՄյասնիկյանը կուլտուրապես խոշոր մարդ էր: Հազվագյուտ մեծ դեմք՚:
Մարտիրոս Սարյան
Կուսակցության պահանջով Հայաստանից տեղափոխվելով Թիֆլիս` Մյասնիկյանն ստանձնեց Անդրերկրկոմի առաջին քարտուղարի պատասխանատու պաշտոնը եւ այնտեղից էլ ամեն կերպ օգնում էր Հայաստանին, նրա ղեկավարներին տալիս օգտակար խորհուրդներ:
1921-1925թթ. Հայաստանում ծավալված վիթխարի աշխատանքների կազմակերպիչն ու ոգեշնչողը եղել է հենց Մյասնիկյանը: Նրա երկաթե կամքը, անաղարտ բարոյական կերպարը, անկաշառ նվիրվածությունը Հայաստանում ծավալված ստեղծագործական աշխատանքներին ժողովրդի մեջ առաջ էին բերում խանդավառություն և լավատեսություն, հավատ վաղվա օրվա նկատմամբ։ Հանրագիտարանային գիտելիքների տեր այս եռանդաշատ գործչի շնորհիվ Հայաստանից դուրս ապրող` տարբեր բնագավառներում անուն հանած հայազգի լավագույն մասնագետները, մտավորականները, զինվորական գործիչները հրավիրվեցին հանրապետություն, որպեսզի երկրում ստեղծվեն իրոք լավագույն ու  հուսալի պետական, քաղաքական և հասարակական կառույցներ, կյանքն էլ դառնա  աշխույժ ու հետաքրքիր:
Բերեմ ընդամենը մեկ օրինակ: Լինելով խոշորագույն ռազմական գործիչ և զբաղված լինելով տարաբնույթ բազմաթիվ հարցերով, չկարողանալով լրիվությամբ տրվել այդ բնագավառին, նա անմիջապես  Հայաստան հրավիրեց լեգենդար զորահրամանատար Գային (Հայկ Բժշկյանց), ու երկուսով շատ բան արեցին Հայաստանում  բանակաշինության գործի համար: Անսալով ու հավատալով Մյասնիկյանին` Հայաստան եկան ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, նկարիչ Մարտիրոս Սարյանը, կոմպոզիտոր Ռոմանոս  Մելիքյանը և ուրիշներ: Նրա օրոք (1921-1925թթ.) Հայաստանը շտկեց իր մեջքը` որբերի երկրից  աստիճանաբար դառնալով արդյունաբերական ու գյուղատնտեսական երկիր:
Ոմանք ասում են` ինչու՞ հայ բոլշևիկները Մյասնիկյանի գլխավորությամբ  չկարողացան Ղարաբաղն ու Նախիջևանը, նաև մեր մյուս պատմական հողատարածքները, կցել նորաստեղծ Սոցիալիստական Հայաստանին: Հարցին կարելի է  հակադարձել` իսկ ինչու՞ ավիավթարի զոհ  դարձավ Ալ.Մյասնիկյանը, արդյո՞ք, դա պատահականություն էր…
Այս հարցը հասկանալի դարձնելու համար գուցե սկսենք Կամոյի¢ սպանությունից: Սսկզբնական շրջանում լինելով  Ստալինի ամենամտերիմ զինակիցներից մեկը` Կամոն  հետո  հեռացավ նրանից ու դարձավ Շահումյանի, Մյասնիկյանի, Աթարբեկյանի և մյուսների մտերիմը: Լինելով հայ և արդարադատ մարդ` Կամոն պաշտպանելու էր հայկական դատը, մեր ժողովրդի հողային պահանջները: Վախենալով նրա բնածին հնարամտությունից, հանկարծաստեղծ ու անսպասելի  գործողություններից, Ստալինը  ավտովթարի միջոցով նրան նենգորեն հանեց շարքից…
Ստալինը վախենում էր նաև Մյասնիկյանի, Կիրովի, Օրջոնիկիձեի ջերմ    բարեկամությունից, ու Լենինի միջոցով նրանց խորամանկորեն հեռացրեց Մոսկվայից: Ամենից շատ նա վախենում էր հենց Ալ. Մյասնիկյանից, որը հիշյալ եռյակում առաջատար էր եւ, բացի դրանից` խոչընդոտում էր Ղարաբաղը և Նախիջևանը, հայկական մյուս հողատարածքները երկու թուրքական պետություններին նվիրելու տարբերակների իրականացմանը…
1925 թվականին Ստալինի ու Բերիայի կողմից կազմակերպված ավիավթարի զոհ դարձան  Մյասնիկյանը, Աթարբեկյանը, Մոգիլևսկին: 1934 թվականին էլ ոչնչացրին Կիրովին, քիչ ավելի ուշ` Օրջոնիկիձեին, որին պարզապես ստիպեցին ինքնասպան լինել:
Անհանդուրժողականությունը վատ խորհրդատու է: Վաղուց ժամանակն է, որ Մյասնիկյանի կիսանդրին  դրվի իր տեղը: Հիմնախնդրի խոր իմացություն է պետք` անտեղի չմեղադրելու  ժամանակի հայ քաղաքական, պետական, կուսակցական գործիչներին, թե իբր ցանկության դեպքում նրանք կարող էին ձեռքից չտալ, ինչ-որ ձևով պահել մեր պատմական հողերը: Հիմա էլ դեռ կան մարդիկ, որոնք լավ չեն պատկերացնում, թե իրենից ինչ էր ներկայացնում սոցիալիզմի լենինյան-ստալինյան մոդելը, երբ ժողովուրդների, ազգերի, էթնիկ  խմբերից պատգամավորները  համապատասխան խորհրդարաններում նստած` զրկված էին ազգային ցավոտ հարցը լուծելու համար նախաձեռնություն ցուցաբերելուց:
Լենինից հետո Ստալինը գրողի ծոցն ուղարկեց երկրի մտավորականության, զինված ուժերի կադրերի լավագույն մասը, երկիրը վերածեց համակենտրոնացման ճամբարի: Նման անօրեն ու անիրավ երկրում ցանկացած հայ գործիչ զրկված էր ազգային-պահանջատիրական հարցում սեփական ժողովրդին լրջորեն օգնելու հնարավորությունից: Մյասնիկյանն իրոք եղել է հայ ժողովրդի հանճարեղ ու հավատարիմ զավակը և նրան երբեք հուսախաբ չի արել:
 Կարծում եմ` այսքանն էլ բավական է, որպեսզի ընթերցողը համոզվի ասվածի իրավացիության մեջ: Երեւանի կենտրոնում հենց այնպես չէ, որ առ այսօր կանգնած է մեծ հայի հոյակերտ  հուշարձանը: Իսկ մենք ունենք…Մարտունի փողոց` առանց Մարտունի-Ալեքսանդր Մյասնիկյանի։ Սա, իրոք,  անհեթեթություն է:
 
 
Ռոբերտ ԲԱԲԱՅԱՆ