Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

2_2.jpgԴա  անցած հարյուրամյակի մոտավորապես քառասնական թվականների վերջերին էր։ Ես արդեն այդ ժամանակ ՙվարակված էի բանաստեղծելու ախտով՚, գրում էի պատմվածքներ՝ հաճախ գտնվելով պատերազմական ֆիլմերի ազդեցության տակ։ Հիշում եմ, մենք այն ժամանակ դպրոցում ավելի քան տասը գրավոր և բանավոր քննություններ էինք հանձնում։ Ինչպես ասում են՝ աչքի առաջ ավելի ու ավելի խելացի էինք դառնում։ 
Տասներեք-տասնչորս տարեկանում մեզ թվում էր, թե մենք, կարելի է ասել, ավելի խելոք ենք հենց Արիստոտելից, թեկուզ այն պատճառով, որ մեր մոլորակը երեք կետաձկների վրա  չի հենված, այլ գունդ է, որը պտտվում է Արեգակի շուրջ։ Իսկ, այ, ինքը՝ Արիստոտելը, և ուրիշ հանճարեղ փիլիսոփաներ դա  չգիտեին։ Բայց իրոք, չգիտեին, որ մեր Երկիրը տասնչորս անգամ ավելի վառ է լուսավորում, քան Լուսինը, որ մարդը Լուսնի վրա վեց անգամ ավելի թեթև է կշռելու։ Իսկ մենք գիտե՜նք։ Այսպես էինք մենք համադասարանցիներով դատում միամիտ ու ինքնագոհ։ Սակայն պետք է խոստովանեմ, որ անձամբ ես նույնիսկ չափազանց կասկածում էի հույն մեծ իմաստունների նկատմամբ մեր առավելությանը։ Բանն այն է, որ տանն ունեի իմ Արիստոտելը։ Ճիշտ է, անգրագետ էր։ Եվ ես ողջ կյանքում նրան անվանել եմ անգրագետ Արիստոտել։ Դա իմ պապն էր։ Մարկոս պապը։ Ստեփանակերտում նրան կոչում էին Մարկոս դայի։
Ինձ շատ բան է տվել դպրոցը, շատ բան են տվել անտառը, ուր ամեն օր փայտի էի գնում, Կարկառ գետը, ստեփանակերտյան փողոցները, որտեղ անցնում էր ժամանակիս մեծ մասը։ Վերին ու Ներքին (Պյատաչոկ) բուլվարները, աչքիս առջև կառուցվող Ստեփանակերտը, զինվորական ավանը, գրքերը, սպորտը, բանաստեղծությունները, ՙՀոկտեմբեր՚ կինոթատրոնը, համբալ Ռուբենը, պել Ժորան, արևածաղիկ ու սիգարետ վաճառող Փիրուզան, փողոց մաքրող Արամը, ֆուտբոլի թիմը՝ Քաչալ Սուրենի գլխավորությամբ, օրենքով գող Մամիկոնը, որը երբեմն հայտնվում էր մեր քաղաքում՝ հերթական անգամ ազատ արձակվելուց հետո, Բարխուդարով Գենան՝ իր վեցլարանի կիթառով, Հաղորտի տանող ճանապարհը և բուն Հաղորտի գյուղը, որտեղ անցկացնում էի դպրոցական տարիների յուրաքանչյուր ամառ…Թվարկումը կարող եմ շարունակել, բայց ամենից շատ բան ստացել եմ պապիցս՝ իմ Մարկոս պապից, որը պատերազմի առաջին տարիներին ռազմաճակատում կորցրեց իր երեք որդիներին։
Այն մասին, որ ես իմ համարյա բոլոր ութսուն գրքերում ու գրքույկներում գրել եմ Մարկոս պապիս մասին, ես իմացա ակադեմիկոս Մերգեյ Սարինյանի՝ իմ ստեղծագործությանը նվիրված մենագրությունից։ Ճիշտ է, ես համոզված եմ, որ գրքերից ոչ մեկում չկա այն, ինչ ուզում եմ հիմա պատմել։ Դա մնացել է միայն իմ հուշատետրերում։ Իմ սիրելի ուսուցչուհի Սոֆյա Համբարձումովնան մի անգամ ասաց, թե մաթեմատիկան, ինչպեսև պոեզիան, բացի ամենայնից, ուժեղացնում է հիշողությունը։ Եվ ահա այդ օրը, դպրոցից տուն վերադառնալով, հենց շեմից դիմեցի պապիս.
- Ինչի՞ համար է մարդուն պետք հիշողությունը։
- Ապագայի համար,-պատասխանեց պապս առանց մտածելու, ասես պատրաստ էր նման հարցի։
- Բայց չէ՞ որ մենք հիշում ենք միայն անցյալը,- ձեռք չէի քաշում ես։
- Այո,- համաձայնվեց իմ Արիստոտելը,- բայց մենք հիշում ենք անցյալը, որպեսզի կատարվի ապագան։ Հակառակ դեպքում իմաստ չունի։ Այնպես որ, դուրս է գալիս՝ հիշողությունը մեզ պետք է ապագայի համար։
Ընդհանուր առմամբ Մարկոս պապիս  ավելի քան վաթսուն տարի առաջ կազմած այդ բանաձևն ինձ համար գործուն մնաց ողջ կյանքում։ Իսկ այդ մասին ես հիշեցի վերջերս, երբ միայնակ (ինչը հազվադեպ է պատահում) զբոսնում էի իմ Ստեփանակերտում։ Այդ ժամանակ էլ միտք արեցի. բայց չէ՞ որ ներկայիս Ստեփանակերտը նման չէ իմ այն քաղաքին, իմ այն Ստեփանակերտին, որի մասին այնքան շատ բանաստեղծություններ եմ գրել և՜ մանկության տարիներին, և՜ գտնվելով տնից հեռու։ Եվ հանկարծ, անցնելով այսօրվա, այսպես ասած, նորակառույցների կողքով, որոնցից եվրոպական ճարտարապետություն է բուրում, ես մտածեցի, որ դեռևս ոչ շատ վաղուց, դեռևս քսաներորդ դարի կամ երկրորդ հազարամյակի վերջերին, մի խոսքով՝ դեռևս տաս-տասներկու տարի առաջ Ստեփանակերտն իրականում այն քաղաքն էր, որ կառուցվել էր իմ աչքի առաջ, այն մարդկանց աչքի առաջ, ովքեր կյանք էին տվել, որպեսզի հնարավոր լինի կառուցել Արցախի, ըստ էության, նոր մայրաքաղաքը։
Շրջում եմ հարազատ քաղաքի փողոցներով, անընդհատ հիշելով հին տները, մեծ ու փոքր փողոցները, պարապուտները, իմ սերնդի սիրահարների հանդիպման վայրերը։ Եվ ահա, անցնելով նախկին հյուրանոցի, ներկայիս ՙԱրցախբանկի՚ շենքի մոտով, ես հանկարծ հիշեցի, որ դրա առաջին հարկում, սկսած 1944 թվականից, երբ դեռ երկրորդ դասարանցի էր, ապրում էր իմ համադասարանցի Էդմոնդ Շիրինյանը, որի ազգանունը թնդում էր մեր քաղաքում։ Միայն հետագայում իմացա, որ այդ ազգանունը թնդում էր ոչ միայն մեր քաղաքում, այլև համարյա թե բոլոր շրջկենտրոններում և առանձնապես Շուշիում։ Մենք այն ժամանակ չէինք գիտակցում, որ ողջ կյանքում սիրելու ենք մեր քաղաքը նաև այն պատճառով, որ այնպիսին էր, ինչպիսին կառուցել էր իմ համադասարանցի Էդմոնի հայրը՝ Արամ Ավանեսի Շիրինյանը։
…Հաջորդ օրը, գտնվելով հարազատ քաղաքում անցկացրած զբոսանքի թեժ ազդեցության տակ, ես սկսեցի հարցուփորձել ինձ հանդիպող համարյա յուրաքանչյուրին, թե գիտե՞ն այդպիսի մարդու՝ Արամ Շիրինյանին։ Ավա՛ղ։ Ոչ ոք։ Ճիշտ է, այն առավոտ, քայլելով Վերածննդի հրապարակում, ես իմ հասակակիցներին չհանդիպեցի։ Պատահում էին հիմնականում երիտասարդներ, այդ թվում՝ երիտասարդ ծնողներ՝ փոքրիկ երեխաներով։ Շատերը, հավանաբար, չգիտեն, որ իմ պատանեկության տարիներին այդ տեղում բանջարանոցներ էին, մի քանի ցածրիկ տներ, քաղաքային դատարանը և ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի խմբագրությունը։ Ինչպեսև, կարծում եմ, չգիտեն այն մասին, որ արդեն հիսունական թվականներին այստեղ արդեն ստեղծվել էր, հենց ստեղծվել էր հրապարակ՝ շքերթների համար տրիբունայով և Լենինի հուշարձանով։ Եվ այդ համալիրի հեղինակը Արամ Շիրինյանն էր։ Ճակատագրի կամոք այդ ականավոր ճարտարապետը, ինչպես նրան կոչում էին՝ Ստեփանակերտի Թամանյանը, վախճանվեց հենց 1988 թվականին, վերապրելով երջանիկ ժամեր, երբ իր ստեղծած հրապարակում փետրվարի 20-ին հավաքվեց ժողովուրդը և հայտարարեց հաղթական Ղարաբաղյան շարժման սկիզբը։ Եվ դա արդեն այն սերունդն էր, որն ապրում էր, ըստ էության, Շիրինյանի կառուցած քաղաքում։
Իմ սերնդի օրոք վեր խոյացան Ստեփանակերտի Պետական դրամատիկական թատրոնը և Թալիշի Մշակույթի պալատը։ Մեր աչքի առջև կառուցվեց մեր լեգենդար մարզադաշտը, և մենք երեխաներով հաճախ էինք շինարարների մեջ տեսնում մի մարդու՝ կոստյումով ու փողկապով։ Դա Արամ Շիրինյանն էր, որը Ստեփանակերտում Շահումյանի և Շուշիում Նելսոն Ստեփանյանի հուշարձանների ճարտարապետական հեղինակն էր դարձել։ Մեզ՝ դպրոցականներիս տանում էին այդ հուշարձանների հանդիսավոր բացմանը։ Եթե  իմանայիք, թե ի՛նչ էր կատարվում մեր հոգիներում, երբ օր ու գիշեր Շիրինյանի նախագծով կառուցում էին քարաշեն ՙԵռաղբյուրը՚, որը դարձավ Ստեփանակերտի յուրօրինակ խորհրդանիշը։ Ստեփանակերտցիներից ո՞վ չի հիշում գեղեցիկ դրվագված տուֆաշեն հուշաղբյուրը՝ Մանկական զբոսայգում։ Դա Արամ Շիրինյանի և Յուրի Հակոբյանի (ով նույնպես արժանի է սերունդների հիշողությանը) մտահղացումն էր։ Բաքվից ժամանող պաշտոնյաները նրանց կշտամբում էին (մեղմ ասած) նրա համար, որ Հայաստանից բերված տուֆ էին օգտագործել։ Ճիշտ է, դա արդեն այն բանից հետո էր, երբ ՙծայրաստիճան լկտիացած՚ գլխավոր ճարտարապետը դարձյալ տուֆաշեն հուշաղբյուր կառուցեց թատրոնի կողքին։ Եթե իմ հասակակիցներից որևէ մեկը հիշում է Լենինի ու Գորկու փողոցի շատրվանները կամ Պետբանկի դիմացի քարե ծաղկեսափորները, ապա հիշեցնեմ, որ դրանց հեղինակը նույնպես Շիրինյանն էր, իմ ընկերոջ հայրը։ Հիշեցնեմ նաև, որ բացի վերը նշված հուշարձաններից, Արամ Շիրինյանին են պատկանում նաև Կնունյանցի, Մյասնիկյանի, Գորկու, Հակոբյանի, Մուրացանի հուշարձանների ճարտարապետական ձևավորումները, ինչպես նաև ՙՏասնմեկերորդ Կարմիր բանակի մարտիկները՚ համալիրը։ Այո, որոշ հուշարձաններ հանվեցին ԽՍՀՄ փլուզումից հետո, բայց դա մեր պատմությունն է, և այն՝ պատմությունը, կերտվել էր Արցախի գլխավոր ճարտարապետ Արամ Շիրինյանի ձեռքով։
Տունը, որտեղ ապրել է բարի սրտով ու քաղաքաշինարարի շռայլ տաղանդով օժտված այդ մարդը, լիովին ավերվեց Շուշիից արձակված հրթիռակոծումներից, որն ազերիների կողմից վերածվել էր չարաղետ կրակակետի։ Սակայն Արամ Շիրինյանն ապրել է մեր, ինչպես սիրում էր կրկնել  պայծառահիշատակ Լեոնիդ Հուրունցը, աթոռանիստ Վարարակն-Ստեփանակերտ քաղաքում, որտեղ անջնջելի հետք է թողել։ Հենց այդ պատճառով էլ սուր անհրաժեշտություն կա գործուն կերպով և երախտագիտորեն հիշել այն մարդուն, առանց որի անհնար է պատկերացնել ցավի պես հարազատ մեր հերոս-քաղաքը։ Կարծում եմ, մեր աթոռանիստ քաղաքում տեղ կճարվի այն կերտողի հիշատակն անմահացնելու համար։ Հիշատակ և հիշողություն, որը պարտք ենք ոչ այնքան Շիրինյանին, որքան, ինչպես կասեր իմ իմաստուն Մարկոս պապը, ապագային։ Մեր ապագային։ 
 
Զորի ԲԱԼԱՅԱՆ