[ARM]     [RUS]     [ENG]

ԶՈՐԱՎԻԳ ԽԱՉԻՆ

IMG_0054.jpgԱջակցություն ինքնորոշված Արցախին՚ ֆրանսիական կազմակերպությունը բարեգործական ծրագրեր վաղուց է իրականացնում պատերազմի արհավիրքներով անցած ու վերականգնվող մեր  հանրապետությունում: 
Ծրագրերից է նաև զանգվածային մկրտությունների կազմակերպումը, որը Քաշաթաղի շրջանում առաջին անգամ իրականացվեց 2008 թվականին. Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում մկրտվեցին մոտ 100 հոգի՝ կնքահայրերից ստանալով ոսկե խաչեր: Կազմակերպության ներկայացուցիչ Արա Նավոյանն իր հետ բերել էր նաև լվացքի մեքենաներ ու սառնարաններ, որոնք տրվեցին բազմազավակ, սոցիալապես անապահով, զոհված ազատամարտիկների ընտանիքներին: 
Երկրորդ մկրտության ժամանակ  օծվեց 50 հոգի՝ դարձյալ ստանալով ոսկե խաչեր: Այս տարի՝ նոյեմբերի սկզբին, որպես ավանդույթ,  կատարվեց նմանատիպ երրորդ մկրտությունը, որը դարձյալ կազմակերպել էր Արա Նավոյանը՝ բերելով համապատասխան քանակի ոսկե խաչեր: Նրան, ինչպես միշտ, աջակցում են զինվորական եղբայրներ Ժորա և Մկրտիչ Դիլանյանները, որոնք և անցած ու այս մկրտության ժամանակ նաև կնքահայրեր էին: 
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու կամարների տակ շրջանի հոգևոր հովիվ Աթանաս վարդապետը կատարեց 50 հոգու՝ նորածնից մինչև տարեցներ,  մկրտության արարողություն: Բերձորի և այլ համայնքներից մի քանի ընտանիքների երեխաներ, նաև ծնողներ մկրտվեցին Սուրբ ավազանի Սուրբ մյուռոնով և Խաչով օրհնված ջրով, օծվեցին: Յուրաքանչյուր ընտանիք ունեցավ իր կնքահայրը, որոնք շրջանում գործող կառույցների պատասխանատու աշխատակիցներ են: Նրանցից Արթուր Մնացականյանը, լինելով Արցախի ազատամարտիկների միության շրջանային խորհրդի նախագահը, միշտ համագործակցում է մկրտության կազմակերպիչների հետ: Մկրտությունից հետո բոլոր ներկաներին մատուցվեցին  մատաղ և կարմիր գինի: 
Եթե անցած մկրտությունների ժամանակ համերգով հանդես եկան հայտնի երգիչներ Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Արսեն Գրիգորյանը և ուրիշներ, ապա այս անգամ ներկաների առջև հանդես եկան Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի պարի խմբակի սաները, ՙԲերձոր՚ ժողգործիքների երաժիշտները և պատանի երգիչ Նարեկ Մաթևոսյանը: Միջոցառմանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, Սուրբ Համբարձման եկեղեցուն կից ծխական խորհրդի անդամներ, քաղաքապետ Արթուր Սահակյանը, սիրիահայեր, որոնք բնակություն են հաստատել մեր շրջանում, հյուրեր, այդ թվում՝ Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ղեկավարներ և դասախոսներ՝ տնօրեն Վահրամ Հայրապետյանի գլխավորությամբ: Օրն ավարտվեց աստծվածահաճո արարողությամբ՝ 50 հայորդու մկրտությամբ, որն իրականացավ բարերարների աջակցությամբ: Կնքահայրերից պահեստազորի փոխգնդապետ Ժորա Դիլանյանին վերջերս հանդիպեցի Երևանում՝ ՙՆարեկացի՚ մշակութային կենտրոնում, որտեղ այժմ աշխատում է։ Նա  ասաց, որ նույն ՙԱջակցություն ինքնորոշված Արցախին՚ բարեգործական կազմակերպությունը նպատակ ունի ձեռնարկել միջոցառումներ՝ օգնելու Քաշաթաղում բնակություն հաստատած  սիրիահայերին: Տեղեկացրեց նաև, որ կազմակերպությունն ունի մասնաճյուղ նաև Երևանում, որը ղեկավարում է գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, ով նույնպես ներգրավված է այդ գործում: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր