[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

DSC04957.jpgԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ ՀԿ-ն օրերս հերթական անգամ այցելեց Ստեփանակերտի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոն։ Հանդիպման նպատակն էր այցելել Կենտրոնի հաշմանդամներին, շփվել, զրուցել և օգնություն առաջարկել։ 
Կազմակերպության նախագահ Սուսաննա Պետրոսյանն առաջին կամավոր ուսանող թարգմանիչներից էր, ով դեռևս 13 տարի առաջ, երբ անհրաժեշտություն առաջացավ օգնել  Արցախյան պատերազմից հետո  ստեղծված վերականգնողական կենտրոնին, առանց վարանելու ցանկություն հայտնեց աշխատել այստեղ։        Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնն իր նոր անդամներով պարբերաբար ճանաչողական այցեր և հանդիպումներ է կազմակերպում։ Այս անգամ ՀԿ-ի նոր անդամները մեծ սիրով այցելեցին վերականգնողական կենտրոն, ծանոթացան այն մարդկանց ճակատագրերին, ովքեր ստանում են համալիր բուժում, որպեսզի առօրյա կյանքում դառնան հնարավորինս ինքնուրույն։ Ներկայումս վերականգնողական բուժում է ստանում 17 հաշմանդամ, իսկ ցերեկային ժամերին ամբուլատոր բուժում ստանում են առավել շատ մարդիկ։ Այստեղ նրանց հետ աշխատում են տարբեր մասնագետներ, որոնց շնորհիվ իրականացվում են զանազան միջոցառումներ՝ լավագույն արդյունքներ ունենալու համար։
Վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը ողջունեց երիտասարդների նախաձեռնությունը՝ նշելով, որ ցանկացած աշխատանք, թեկուզ շատ փոքր, պետք է սիրով կատարել։ Սահմանափակ կարողություններով անձինք,  բացի բժշկական ծառայություններից, կարիք ունեն շփման, հաճելի զրույցների, քննարկումների, ու այստեղ կարևոր է հենց երիտասարդների դերը։ Մասնագետները հիմնականում զբաղվում են իրենց աշխատանքով, իսկ երիտասարդ կամավորականների աջակցության կարիքը կենտրոնում զգացվում է։ Ս. Պետրոսյանի խոսքերով՝ Կենտրոնի ուսանողների առաջին կամավորական քայլը հենց շաբաթ օրվա այցելությունը կլինի։ Նրանք կցուցադրեն ՙԱռանց ձեռքերի, առանց ոտքերի՚ ոգևորիչ ֆիլմը, որի հերոսը հուսահատությունից սկզբում ուզում էր ինքնասպան լինել։ Նա իրեն զգում էր հասարակության ոչ պիտանի անդամ. ձեռքեր ու ոտքեր չունի։ Սակայն իմանալով Աստծո սիրո մասին՝ ոգևորվում է, գտնում իր տեղն ու դերը կյանքում։ ՙԱյդ ֆիլմով մենք ուզում ենք ուժ ու հավատ ներշնչել սահմանափակ կարողություններով մարդկանց, քանի որ այս աշխարհում ամեն ինչ ժամանակավոր է, սակայն կարևոր է մարդու հոգևոր ամրությունը, և որ Աստված սիրում է բոլորին՚,- նշեց Ս. Պետրոսյանը։ 
Վերջում երիտասարդները փոքրիկ հյուրասիրություն կազմակերպեցին Կենտրոնի սահմանափակ 
կարողություններով անձանց համար՝ խոստանալով շարունակել։
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ