[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻ. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ՝ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ

Shushi.jpgՎերջին շրջանում արագընթաց քայլեր են ձեռնարկվում Շուշին մաքուր և օրինակելի քաղաք դարձնելու ուղղությամբ։ Այդ առիթով վերջերս տեղի ունեցած  շրջանային խորհրդի նիստի ժամանակ համապատասխան հանձնարարականներ տրվեցին պատկան մարմիններին։ Այդ ուղղությամբ կատարված աշխատանքների մասին է պատմում  Շուշիի ՙԲարեկարգում՚ ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ ՀԱՅՐՈՒՄՅԱՆԸ։
-Մեր ընկերության հիմնական նպատակը քաղաքի սանիտարական նորմալ վիճակի ապահովումն է, կանաչապատման և աղբահանման աշխատանքների իրականացումը։ Յուրաքանչյուր քաղաքի մասին  հյուրերը կարծիք են կազմում ոչ միայն նրա ճարտարապետական ոճով և պատմական հուշարձաններով։ Փողոցների և պուրակների մաքրությունը, խնամված ծառ ու ծաղիկը լրացնում են քաղաքի դիմագիծը, մի առանձին շուք հաղորդում նրան։ Շուշին թոթափում է պատերազմից ստացած ՙժառանգությունը՚։ Վերջին տարիներին քաղաքը  հսկայական շինհարթակի է նմանվում։ Արցախ այցելած զբոսաշրջիկները գերադասում են այցելել Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին ու հաղորդակցվել քաղաքի շնչին։ Ուստի այսօր բերդաքաղաքի գեղեցիկ արտաքին տեսքի ստեղծումը մեր գործունեության կարևորագույն մասն է։ 
Ասվածի  անհրաժեշտությունից ելնելով՝ մեր կողմից մշտապես համապատասխան աշխատանքներ են իրականացվում։ Անցած ամիսներին խճապատվել են մի շարք փողոցներ, ապակեպատվել որոշ բազմահարկ շենքերի շքամուտքերի պատուհանները, վերանորոգվել նկուղների ջրահեռացման և ջրամատակարարման խողովակները, ճանապարհային ազդանշաններ են տեղադրվել խաչմերուկներում, համապատասխան այլ վայրերում։ Ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագրի շրջանակներում ձեռք կբերվի մոտ 10 տոննա տեխնիկական աղ՝ փողոցներում ավտոմեքենաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար։ Իրականացվել է մի շարք  բազմահարկ շենքերի տանիքների վերանորոգում։ Անսարք տեխնիկան բերվել է պատրաստ վիճակի։ Այս ամենը խոսում է այն մասին, որ, իրոք, ակտիվացվել են քաղաքի բարեկարգման աշխատանքները։ Սանմաքրման աշխատանքներն իրականացվում են ոչ միայն իրավասու կազմակերպության աշխատողների, այլև պարբերաբար կազմակերպվող շաբաթօրյակների միջոցով։ 
Կապված քաղաքում տարվող հսկայածավալ շինարարական աշխատանքների հետ, խնդիրներ են առաջանում կուտակված շինարարական աղբի՝ քաղաքից դուրսբերման հետ։ Այստեղ պետք է նշել, որ անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել բնակչության հետ՝ կենցաղային և շինարարական աղբը դրանց համար նախատեսված վայրերում թափելու ուղղությամբ։ Մի շարք բակերում ու  փողոցներում կառուցված աղբակուտակման կետերը և դրանցում տեղադրված աղբարկղերը որոշ չափով նպաստել են հարցի կարգավորմանը։ Պուրակներում և այլ կանաչ տարածքներում ծառերի էտման, սնիտարական հատման և նորերի տնկման ու ջրման աշխատանքներն իրականացվում են կանաչապատման տեղամասի աշխատողների կողմից։ Նրանց ընդգրկմամբ մի շարք փողոցներ և պուրակներ մաքրվել են  խառնիխուռն աճած թփերից, չորացած ծառերի ճյուղերից ու մոլախոտերից, ստացել հաճելի  տեսք։
Շրջվարչակազմի ղեկավարի հանձնարարականով խստիվ միջոցներ են ձեռնարկվում քաղաքի փողոցներով անասունների շարժն արգելելու ուղղությամբ։ Շուշիի քաղաքային համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ կարգազանց անասնատերերը ենթարկվում են վարչական պատասխանատվության, իսկ խախտումը կրկնվելու դեպքում կիրառվելու են ավելի խիստ միջոցներ։ 
Ոստիկանության շրջբաժնի հետ համատեղ աշխատանքներ են տարվում թափառող շների վերացման ուղղությամբ։
Կարծում եմ, ժամանակն է, որպեսզի մեր քաղաքը շնչի ազատ  ու լիաթոք, ունենա թարմ տեսք։ Դրան են միտված  բոլորիս ջանքերը։
 
Գրի առավ 
Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ