Logo
Print this page

ՔԱՆԴՎԱԾ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ՈՒ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ

 IMG_0369.jpgՍա Հայաստան է և՝ վերջ…

  Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ
              Քաշաթաղի շրջանի Շալուա գետը Հակարիի ձախակողմյան վտակն է, որը գոյանում է Շալուայի, Զոլասարի, Ագռավասարի միջին բարձրություններից հոսող աղբյուրներից: Ավելի ներքևում Շալուային է միանում Հոչանց գետը, այնուհետև՝ Աղավնոն: Եվ դեպի Արաքս է հոսում այս երեքի միացումից առաջացած Հակարին:
Մեծ Հայքի Սյունիք և Արցախ նահանգների այս տարածքի գավառները՝ Աղահեճք (հետագայում Քաշաթաղ՝ Քշթաղ, Խոժոռաբերդ), Վայկունիք, Մաղավուզ և այլն, մինչև 18-րդ դարի երկրորդ կեսերը եղել են հայաշատ ու ծաղկուն: Տարածքների ազատագրումից հետո, երբ մեր նախնիների բնօրրանը վերստին հայացավ, հնարավորություն  ընձեռվեց ուսումնասիրել պատմական հուշարձանները: Մեր պապերը մեզ թողել են հոգևոր մեծ  ժառանգություն՝ վանքեր ու եկեղեցիներ, մատուռներ ու խաչքար-կոթողներ, կամուրջներ, դամբարաններ, բերդեր: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ արդեն մի քանի հարյուր խաչքար ու տապանաքար է հայտնվել բնակելի ու անբնակ բնակավայրերում, անտառներում ու ձորերում, սարալանջերին ու բլուրներին: Ինչքան էլ ժամանակն ու մեր թշնամիներն ավերել ու կործանել են դրանք, այնուամենայնիվ, այսօր էլ բազում հուշարձաններ վկայում են, որ, ինչպես կասեր հայրենիքի նվիրյալ, այս տարածքների համար կյանքը զոհաբերած Լեոնիդ Ազգալդյանը՝ ՙՍա Հայաստան է և՝ վերջ…՚: Արցախյան գոյամարտի հերոս հրամանատարի անունով է կոչվում Շալուայի ձախափնյա լանջերին գտնվող Արտաշավի պատմական գյուղի դպրոցը, բնակավայր, որտեղ Ավետարան է գրվել միջնադարում, և որտեղ պահպանվել են տապանաքարեր ու խաչքարեր՝ շատերը բեկորների վերածված. տարածքի հայաթափումից հետո այստեղ բնակություն հաստատած մահմեդականները քանդել են հայոց հանգստարանը և շիրմաքարերն օգտագործել որպես շինանյութ  (նման պատկերներ շատ կան Հակ, Եզնագոմեր, Սպիտակաջուր, Միրիկ, Հերիկ, Սթունիս, Գողթանիկ, Շալուա, Դրախտաձոր և այլ բնակավայրերում): Դրանք այժմ հանվել են պատերի միջից և դրվել  գյուղի կենտրոնում:  
Վերջերս հերոսի 70-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու  համար այցելեցի Արտաշավի: Մինչև ցերեկույթն  սկսելը դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Վահրամ Հարությունյանի հետ եղանք Շալուայի ափամերձ նորակերտ Վարդուտ գյուղում: Վահրամը գետի աջափնյա լանջերին պատահաբար շիրմաքարեր էր տեսել. բարձրացանք՝ ճշտելու՝ արդյո՞ք հայկական են: Անցնելով գետը՝ բարձրացանք նոսր անտառով պատված լանջն ի վեր: Վերջապես երևաց մի բլուր. պատերի հետքեր երևացին, և մի գորշավուն քար՝ պատից քիչ հեռու ընկած: Ծավալները հուշեցին, որ շիրմաքար է. արդեն 17 տարի է, ինչ տարածքում նման շատ վայրերում եմ եղել և նման շիրմաքարեր հայտնաբերել: Առաջին հայացքից թվում է՝ դրանք սովորական քարեր են,  փորձեցինք շուռ տալ՝ հաջողվեց: Լավ է պահպանվել խաչը, որի ներքևի և կողի մասերը փռված տեսք ունեն, իսկ վերևինը եռաճյուղ է: Բարձրանում ենք վեր. մոտ 10 տների հետքեր են պահպանվել, հավանաբար, գյուղատեղի է, ով գիտե՝ հնարավոր է այստեղ նաև եկեղեցի է եղել: Առաջին ավերակի չափերը դա են հուշում: Շրջում ենք տարածքում. ամենուր շիրմաքարեր են։ Այս տարածքը կարևորվում է նաև նրանով, որ դեպի արևմուտք ընկած բլրի հետևում է գտնվում պատմական Ալիղուլի գյուղը, որտեղ մինչև 20-րդ դարի սկիզբը հայեր էին բնակվում, և որտեղ թուրք-թաթարների կողմից 1905 թվականին  կազմակերպվեց հայերի ջարդ։
Բարձրանում ենք Արտաշավի, մասնակցում Լեոնիդ Ազգալդյանի 70¬ամյակին նվիրված ցերեկույթին, որի ՙգործող անձինք՚  կրթօջախի 42 աշակերտներն են: Նրանք  իրենց խոսքով,  երգով, այստեղ ապրելով ու շենացնելով՝ Լեոնիդին, մյուս նահատակ   քաջորդիներին ասում են՝ մենք ձեր գործի շարունակողներն ենք... 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ 
ք. Բերձոր  
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.