[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ` ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

DSCN9507.jpgԵրկրորդ տարին է, ինչ դեկտեմբերի 24-ը նշվում է որպես ԼՂՀ արհմիութենական աշխատողի օր: Այդ օրը հրավիրվեց ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի տարեվերջյան նիստը` հանրապետությունում գործող 5 ճյուղային հանրապետական և 8 քաղշրջանային արհմիությունների ղեկավար կազմի մասնակցությամբ:
Նիստը, բնականաբար, սկսվեց շնորհավորանքներով: Օրվա կապակցությամբ շնորհավորանքի ուղերձ էր հղել ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը։ 
Նիստում լսվեց Արհմիությունների ֆեդերացիայի մեկ տարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, որով հանդես եկավ ԼՂՀ  ԱՖ նախագահ Արա Ղահրամանյանը: 
Բերված ցուցանիշները վկայում են նախորդ տարվա համեմատությամբ արհմիությունների առաջընթացի մասին: Այսօրվա դրությամբ հանրապետությունում գործում են 741 արհեստակցական կազմակերպություններ` 23640 անդամների ընդգրկմամբ: Հաշվետու տարում ավելացել է 38 արհկազմակերպություն` 1532 անդամներով: 
Արհմիությունների նկատմամբ վստահության մեծացման մի վկայություն է նաև դիմում¬բողոքների թվի աճը, որն այս տարի 1332¬ն էր: ԱՖ ղեկավարի խոսքերով, չկա որևէ դիմում` գրավոր թե բանավոր, որում բարձրացված հարցերն օրենքի սահմաններում լուծված չլինեն: 
747 հիմնարկ-ձեռնարկություններում ստուգվել են աշխատողների աշխատանքային պայմանագրերը և հրամանները: Աշխատանքում վերականգնվել է արհմիության 8 անդամ, որոնցից մեկը՝ դատարանի միջոցով: 193 հիմնարկներում ստուգվել են աշխատավարձերի և արձակուրդների ժամանակին տրման հարցերը: Համապատասխան ոլորտների 45 պատասխանատուների հետ առևտրի և հացաթխման 95 օբյեկտներում ստուգումներ են անցկացվել ժամկետանց և արտադրվող ապրանքների որակի հետ կապված հարցերով: 16 տարբեր հարցերով համապատասխան ատյաններ են ուղղվել 108 առաջարկություններ: 96 դպրոցներում և համայնքային բուժկետներում ստուգվել է առաջին անհրաժեշտության դեղորայքի առկայությունը, 119 ուսումնական հաստատություններում` ուսումնական տարվա և ձմռան նախապատրաստությանը վերաբերող աշխատանքները, 2713 անդամի տրվել են իրավաբանական խորհրդատվություններ: Վերջին այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 5 անգամ: Հաշվի առնելով, որ նման ծառայությունները սովորաբար կատարվում են վճարովի հիմունքներով, ակնհայտ է դառնում ԱՖ-ի կողմից քաղաքացիներին ցուցաբերած  աջակցությունը: 
Տարբեր իրավապահ մարմինների և այլ կառույցների հետ համագործակցելով` ԱՖ-ն պաշտպանել է ՙՍտեփանակերտ-սերվիս՚ ՓԲԸ¬ի արհեստակցական կազմակերպության անդամների շահերը, ինչի արդյունքում աշխատավարձերը լրիվությամբ ստանում են, իսկ տնօրենն ազատվել է աշխատանքից: Ավանդական կապ է հաստատվել ՀՀ  ՙՋերմուկ՚, ՙԱրզնի՚ առողջարանների և ՙՍաթի՚ (Ծաղկաձոր)  հանգստյան տան հետ, մատչելի գներով արհմիության անդամների համար ուղեգրեր հաստատելու վերաբերյալ. արհմիության 581 անդամներ օգտվել են դրանցից: Ավելի քան 5 մլն 400 հազար դրամի նյութական աջակցություն է ցուցաբերվել: 
Ուրախությամբ արձանագրվեց հանրապետության խոշոր սկզբնական կազմակերպության` ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ արհկազմակերպության   ղեկավար Նելսոն Մինասյանի` օրերս Մարտակերտի շրջանից Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու փաստը, որում որոշակի  դեր է խաղացել նաև արհմիությունների աջակցությունը: 
Կատարվածի հետ մեկտեղ անելիքները, չլուծված խնդիրներն էլ քիչ չեն: ԱՖ նախագահը նշեց դրանցից մի քանիսը. արհմիությունների քանակական աճն անհրաժեշտ է դարձնել որակական, նպատակը ոչ այնքան գումարվող նիստերի քանակի ավելացումն է, որքան՝ դրանցում քննարկվող հարցերի համահունչ լինելը կյանքին և այսօրվա մարտահրավերներին:  Լուրջ ուշադրություն պետք է դարձվի սկզբնական կազմակերպությունների և նրանց անդամների թվի ավելացմանը. բոլոր դեպքերում արհմիությունների ազդեցիկ ուժը նրա ընդգրկվածության ծավալների  մեջ է: 
Նիստը բավարար գնահատեց ֆեդերացիայի  մեկ տարվա կատարած աշխատանքը: Լսվեցին նաև 2012թ. ԱՖ բյուջեի կատարողականի և 2013թ. բյուջեի հաստատման, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,  հաստատվեց նոր` 2013թ. աշխատանքային պլանը:       
Նիստի ավարտին հաջորդեց տոնական միջոցառումը: Ա. Ղահրամանյանը ԱՖ մեդալով պարգևատրեց Քաշաթաղի, Շահումյանի շրջանային և ագրոաշխատողների ճյուղային արհեստակցական կազմակերպությունների նախագահներին: Արհմիութենականներին շնորհավորելու էր եկել Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան թատրոնի կոլեկտիվը փոքրիկ ներկայացմամբ` գեղարվեստական ղեկավար, հանրապետության ժողովրդական դերասան Լեոնիդ Հարությունյանի գլխավորությամբ: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ