[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԻ՚ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Կայացավ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի այս տարվա վերջին նիստը, որտեղ հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ ընդունած որոշումներով ՙՂարաբաղ Տելեկոմը՚ բաժանորդներին առաջարկում է այլընտրանքային մի շարք նոր ծառայություններ:  
Հանձնաժողովը սահմանեց ՙՂՏ՚ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական հեռախոսակապի հետվճարային հեռախոսահամարների ՙՇահավետ՚ սակագնային պլանը, որը տվյալ շուկայի բաժանորդներին  կընձեռի առավել մատչելի պայմաններով հեռախոսակապից օգտվելու հնարավորություն: 
Բաժանորդը  վճարելով 5800 դրամ` կստանա ամսական 300 րոպե ներցանցային, այսինքն` զանգերի խոսելաժամանակ և 100 ներցանցային հաղորդագրություն: Փաթեթում ներառված րոպեները գերազանցելու դեպքում ամսվա ընթացքում ելքային զանգի րոպեավճարը առաջարկվում է սահմանել 35 դրամ, իսկ հաղորդագրությունների դեպքում` 10 դրամ: 
Սակագնային պլանի շրջանակներում 300 րոպեի և 100 SMS հաղորդագրությունների սպառման արդյունքում բաժանորդը կտնտեսի 2697 դրամ: Տեղում կատարված թվաբանությունը ցույց տվեց, որ անգամ նշված սահմանը գերազանցելու դեպքում  բաժանորդը շահում է: Այնուամենայնիվ, հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը հայտարարեց, որ շահավետ չլինելու դեպքում խոսք է տալիս վերադառնալ այս հարցին, փոխհատուցումն էլ պահանջել ՙՂՏ՚-ից:
ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի մեկ ուրիշ հայտ նույնպես  վերաբերում էր նոր` ՙ1 Դի՚, ՙ7 Դի՚, ՙ30 Դի SMS՚, ՙ1 Դի SMS՚, ՙ7 Դի SMS՚, ՙ30 Դի SMS՚ ծառայությունների սակագները սահմանելուն: Առաջարկվող նոր ծառայությունների ակտիվացման և օգտագործման պայմանները հետևյալն են. ՙ1 Դի՚ ծառայության դեպքում 120 դրամ արժեքի դիմաց տրամադրվում է  5 ներցանցային րոպե` գործողության ժամկետը` 1 օր: Տնտեսումը կազմում է 54,9 դրամ: ՙ7 Դի՚  ծառայության արժեքը 550 դրամ է, տրամադրվող ժամանակը` 25 րոպե, ծառայության գործողության ժամկետը՝ 7 օր, տնտեսումը կազմում է 324 դրամ: ՙ30 Դի՚ ծառայությունն արժե 2000 դրամ, ներցանցային րոպեների քանակը` 100,  ծառայությունը կգործի մեկ ամիս: Այստեղ տնտեսումը   1499 դրամ է: Իսկ ՙ1 Դի SMS՚  ծառայության դեպքում` 40 դրամի դիմաց տրամադրվում է 5 ներցանցային SMS, ծառայությունը գործում է մեկ օր, տնտեսումը` 10 դրամ: ՙ7 Դի SMS՚ ծառայության դեպքում` 180 դրամի դիմաց, 25 SMS, գործողության ժամկետը` 7 օր, տնտեսումը կազմում է 70 դրամ: ՙ30 Դի SMS՚ ծառայությունն արժե 100 դրամ, որի դիմաց տրամադրվում է 100 ներցանցային SMS, գործողության ժամկետը՝ 1 ամիս, տնտեսումը` 400 դրամ: Նշված սակագնային պլանի հաստամամբ կընդլայնվի էլեկտրոնային հաղորդակցության շարժական հեռախոսակապի կանխավճարային հեռախոսահամարների շուկայում բաժանորդներին առաջարկվող այլընտրանքային ծառայությունների ցանկը:  
Սրանք միանվագ ծառայություններ են: Բաժանորդը հավաքում է հրահանգը, միանում, ծառայության ժամկետը լրանալուց հետո  կարող  է նորից միանալ այդ ծառայությանը: 
Այս որոշումներն ուժի մեջ են պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը և տարածվում են դեկտեմբերի 24-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նիստը մեկ այլ որոշում ընդունեց  տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագների և պայմանների հրապարակայնության կարգի վերաբերյալ, համաձայն որի՝ առաջարկվող ծառայությունները մատուցողները  պարտավոր են ծառայությունների մատուցման սակագների և պայմանների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակել իրենց հաճախորդների սպասարկման գործառնական գրասենյակներում և ինտերնետային կայքերում: Այդ դեպքում անհրաժեշտ է ապահովել հետևյալ նվազագույն պահանջների կատարումը. այդ տվյալները պետք է ամբողջությամբ հասանելի լինեն հասարակությանը` բացառելով դրանց ներկայացման նկատմամբ որևէ խտրական կամ հայեցողական մոտեցումը:
Քննարկված հարցերից մեկով փոփոխություններ կատարվեցին հանձնաժողովի նախկինում ընդունած որոշման մեջ` գազամատակարարման համակարգին վերաբերող` բնական գազի մատակարաման  մատակարար -ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդ  պայմանագրի օրինակելի ձևում: Պայմանագրի տվյալ կետը շարադրվեց նոր խմբագրությամբ. բաժանորդը իրավունք ունի չընդունել անպատշաճ որակի գազ: Եթե բաժանորդն ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է անպատշաճ որակի գազ, ապա սպառված գազի դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է համաձայն սույն պայմանագրի համապատասխան կետի: Այս փոփոխությունը կատարվել է` ելնելով վերջերս հանձնաժողովի ընդունած` ամսական 10 հազար  մետր խորանարդ  և ավելի գազ սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի յուրաքանչյուր ամսվա սահմանված սակագնից, որը հաշվվում է  որոշակի փոփոխական մեծություններից կախված հաշվարկային բանաձևով, ոչ թե թվային մեծությամբ:  
Իսկ հնարավո՞ր է, արդյոք, որոշել անորակ գազը: Սպառողը դա կարողանու՞մ է անել: Զեկուցողի խոսքերով`  գազի որակը որոշվում է նրա կալորիականության միջոցով, նորմալ է  7900 կալորիականությունը, բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ղարաբաղում ստանում ենք 8000-8400 կալորիականության գազ: Այդ ստուգումների տվյալները ամեն 10 օրը մեկ ՙԱրցախգազը՚ ստանում է  ՀՀ համապատասխան լաբորատորիայից:   
Նիստն ընդունեց որոշում՝ կարճել տաքսի ծառայություն իրականացնող ՙՄար Գրուպ՚ ՍՊԸ-ի նկատմամբ օրերս հարուցված վարչական վարույթը` անօրեն հաճախականություն օգտագործելու համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը վերացրել է թերությունները, միաժամանակ զգուշացվել է, որ կրկնվելու դեպքում հանձնաժողովն ավելի  խիստ միջոցների կդիմի: 
 
ՙԱԱ՚