[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԷՋԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

DSC_5134.jpgՎարչության պետ Սերգեյ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ մամուլի ասուլիսը 
Դեկտեմբերի 25-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը հրավիրեց մամուլի ասուլիս, լրագրողներին  ներկայացրեց տարվա ընթացքում ոլորտում կատարված աշխատանքների ամփոփ նկարագիրը։ Նույն օրը կայացավ նաև վարչության պաշտոնական կայքէջի շնորհանդեսը։
Նորագույն տեխնոլոգիաների զարգացման ներկա դարում, երբ տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրը համացանցն է, անչափ կարևորվում է կայքէջերի գոյությունը։ 
Այն կրկնակի կարևորություն է ձեռք բերում հատկապես զբոսաշրջային ոլորտի համար, այդ իսկ պատճառով կայքէջի պատվիրատուներն ու ստեղծողները փորձել են այնտեղ առավելագույն տեղեկատվություն զետեղել Արցախի մասին, իսկ կայքէջը թե՜ դիզայնի, թե՜ բովանդակության առումով դարձնել հետաքրքիր և արդիական։ Այն տեղակայված է Karabakh. travel.ru հասցեում և առանձնանում է բաժինների բազմազանությամբ։ ՙՂարաբաղի մասին՚ բաժնում զբոսաշրջիկները (և ոչ միայն) հնարավորություն ունեն ծանոթանալ Արցախի շրջաններին, քարտեզներին։ Տուրիզմի բաժնում զետեղված են մշակութային, կրոնական, հնագիտական, արկածային, գյուղական տուրիզմին առնչվող նյութեր և լուսանկարներ։ Այցելուներն այստեղ տեղեկատվություն կարող են ստանալ հանգստի և զվարճանքի կետերի, հյուրանոցային համալիրների, սպասարկման օբյեկտների մասին և այլն։ Հետաքրքիր և պրակտիկ տեղեկատվություն կա զետեղված նաև մի շարք այլ բաժիններում. դրանք մեր ավանդույթների, սովորույթների, օրենքների, առաջին անհրաժեշտության գործող օբյեկտների, պետական կառուցվածքի մասին են։ Մի խոսքով, կայքէջը խոստանում է լինել Արցախ այցելող ցանկացած մարդու անփոխարինելի տեղեկատուն։ 
Այս տարի կառուցվածքային փոփոխություն է կատարվել Զբոսաշրջության վարչությունում, ինչի արդյունքում այն վերանվանվել է ՙԶբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն՚։ Գալիք տարվանից վարչությունը ցած կդնի թանգարանների նկատմամբ իր լիազորությունները (այն փոխանցվելու է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը)։ Սրա նպատակահարմարությունը վարչության պետը պարզաբանեց նրանով, որ այսպիսով զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը լիազորություններ կունենա իր անվանմանը համապատասխան։
Ս. Շահվերդյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վարչությանը հաջողվել է զարգացման և գործունեության՝ վերջին 3 տարվա տեմպերը պահպանել, և արձանագրվել է  զբոսաշրջիկների թվաքանակի ավելի քան 35 % աճ՝ նախորդ տարվա 40 %¬ի փոխարեն։ Որոշակի նվազումը Ս. Շահվերդյանը բացատրում է նրանով, որ Արցախում պետական մակարդակով մի քանի խոշոր միջոցառումներ են եղել, և զբոսաշրջիկների մի մասը պաշտոնական հյուրի կարգավիճակով է Արցախ այցելել, դուրս մնալով այդ հաշվառման մեխանիզմից։ Իսկ 35-40 %-ով աճ՝ նշանակում է՝ 15000 զբոսաշրջիկ է եղել այստեղ, սա լուրջ ներդրում է մեր երկրի տնտեսության համար։ Նվազագույն հաշվարկներով՛ այդ 15000 զբոսաշրջիկները 6 մլն դոլարի ներդրում են կատարել։ 
Շարունակվել են քարոզչական աշխատանքները երկրի դրական վարկանիշի ձևավորման ուղղությամբ, վարչությունը տարվա ընթացքում մասնակցել է միջազգային զբոսաշրջային երկու ցուցահանդեսի։ Տեղեկատվական գովազդի շրջանակներում ստեղծվել է կայքէջ, միաժամանակ` էջ  Facebook-ում և Youtube¬ում, հրատարակվել են զբոսաշրջային տեղեկատուներ։
Հուշարձանների պահպանության ոլորտը դեռ զգալի աշխատանք է պահանջում. Ս. Շահվերդյանի խոսքերով՝ այն կարգավորման կարիք ունի, քանի որ տարիներ շարունակ առաջխաղացում չի նկատվել։ Այս ոլորտի աշխատանքը նա բաժանեց 2 խմբի՝ հուշարձանների ուսումնասիրման և պահպանության և՝ վերականգնման։
Ս. Շահվերդյանն առանձնահատուկ  նշեց ՙԿարկառ՚  բերդաքաղաքի հայտնաբերումը՝ Ստեփանակերտի մոտակայքում, ինչը կարող է կարևոր զբոսաշրջատեղիի վերածվել։ Գալիք տարվա բյուջեով այս հնավայրի պեղման աշխատանքների  համար հատկացվել է 10 մլն դրամ։ Շարունակվել են Տիգրանակերտի պեղումները, աշխատանքներ են տարվել այլ հուշարձանների պահպանության մասով։
Որպես նոր երևույթ ընդգծվեց մասնավոր հատվածի հետ համագործակցությունը. այս տարի Կաշենի հանքավայրում ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության կողմից հայտնաբերված աղյուսաշեն շինությունը, որը 15-րդ դարի հետքերն է կրում, բացվել և պահպանվելու է նույն ընկերության ֆինանսական աջակցությամբ։
Առաջին անգամ խորացվել է միջազգային համագործակցությունը. իտալական ՙԱնաստասիս՚ հիմնադրամի հետ հուշագրի ստորագրման արդյունքում այն  էական աջակցություն կցուցաբերի Դադիվանքի վանական համալիրի վերականգնման աշխատանքներում։ Ընթացիկ տարում աշխատանքներ են տարվել երեք հուշարձանների՝ Գտչավանքի, Տողի մելիքական  ապարանքի և Սարուշենի եկեղեցու վերականգնման ուղղությամբ։ 
Խնդիրներ կան վարչարարության, ազգաբնակչության շրջանում հուշարձանների նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորման առումով, որի շուրջ էլ վարչությունը միջոցներ է ձեռնարկում։
Լրագրողներին հետաքրքրեց Գանձասարի վանական համալիրի պարսպի սալիկապատման հետ կապված օն¬լայն քննարկումների վերաբերյալ  վարչության գնահատականը, ինչի մասին Ս. Շահվերդյանը նշեց, որ իրենց պաշտոնական դիրքորոշումն արդեն հնչեցվել է։ Դեռևս 2011թ. ուսումնասիրելով՝ մասնագետները  հանգել են այն եզրակացության, որ համալիրը կարիք ունի ամբողջական վերականգնման, ինչը կիրականացվի համապատասխան գիտավերականգնման նախագծով։ Բոլոր այն աշխատանքները, որ կատարվել են մինչ այդ, դիտարկվում են որպես ժամանակավոր միջոցառումներ, որոնք որևէ կերպ չեն կարող ազդել նախագծային լուծման վրա։
Ս. Շահվերդյանը մեծ և գրեթե անլուծելի խնդիր է համարում վերականգնող ¬ վարպետների բացակայությունը։ Այն խնդիր է ոչ միայն մեզ մոտ, այլև Հայաստանում, այդ պատճառով ստիպված  են վերականգնման աշխատանքներում ներգրավել ոչ վերականգնող մասնագետների։ ՙՍա մեկ¬երկու տարվա լուծելու հարց չէ, և մենք փորձում ենք ուղիներ փնտրել իրավիճակը շտկելու համար՚,¬ ասաց նա։
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ