Logo
Print this page

2012թ. ԶԳԱԼԻՈՐԵՆ ՆՎԱԶԵԼ Է ԳԱՅԼԵՐԻ ՈՐՍԸ

russianrocker.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ-ում գիշատիչների կտրուկ աճի և գլխաքանակի կարգավորման, ինչպես նաև որսորդներին խրախուսելու նպատակով պետբյուջեից հատկացվում է որոշակի գումար։ Դեռևս 2006 թվականից ԼՂՀ-ում կատարվում է գիշատիչների գլխաքանակի, բնակության վայրի և որջերի, նրանց ակտիվության, տարբեր առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում ու  ընդհանրացում։ 
Նշված տարում գիշատիչների որսի համար սահմանված են եղել հետևյալ  դրամական պարգևատրումները. մեկ գայլի համար՝ 25 հազար, մեկ շնագայլի՝ 4000 դրամ։ Այնուհետև  2009թ. ԼՂՀ կառավարության մեկ այլ որոշմամբ 1 գայլի պարգևավճարը կազմեց 50 հազար դրամ, իսկ շնագայլինը մնացել է նույնը՝ 4000 դրամ։ Այս որոշումը  ենթարկվել է լրամշակման, և 2010թ. նոյեմբերի 1-ից որսորդներին շահագրգռելու նպատակով ԼՂՀ կառավարության կողմից սահմանվել են հետևյալ դրամական պարգևավճարները՝ 1 գայլի դիմաց՝ 100 հազար, իսկ շնագայլի՝  8000 դրամ։ Այդ առումով 2011թ. հատկացվել է 22 մլն դրամ, որից 18մլն-ը՝ պետական բյուջեի համապատասխան ծրագրով, իսկ 4 միլիոնը՝ ԼՂՀ կառավարության պահուստային ֆոնդից։ Քանի որ գիշատիչների աճը շոշափելի վնաս է հասցնում բնակչությանը, անասնապահությանը, ԼՂՀ կառավարության 2012թ. փետրվարի 8-ի համապատասխան որոշմամբ հաստատվել է դրանց գլխաքանակի կարգավորման միջոցառումների նոր ծրագիր։ 
Ինչպես մեզ իրազեկեց ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության տարածքային վերահսկողության բաժնի պետ Ռաֆիկ Մաթևոսյանը, վերջին տարիներին գրանցվում են շատ դեպքեր, երբ գայլերը հայտնվում են բնակավայրերում՝ վտանգի տակ դնելով բնակիչների կյանքը, ինչպես նաև հարձակվում են գյուղատնտեսական  կենդանիների վրա։ Մեր զրուցակցի խոսքերով՝ միջոցառումները կազմակերպվում են բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, տվյալ տարածքի բնակչության և որսորդների համագործակցությամբ։  
2011թ. կտրվածքով ոչնչացվել է 216 գայլ (2008թ.՝ 51, 2009թ.՝ 146, 2010թ.՝ 176 գայլ)։ 
Ռ. Մաթևոսյանի պարզաբանմամբ՝ 2012թ. համար նույնպես պետբյուջեից հատկացվել էր նույնքան գումար։ Բայց, ի տարբերություն 2011-ի՝  2012 թվականին որսացվել է ընդամենը 134 գայլ և 266 շնագայլ։ Փաստորեն բավականին կրճատվել է որսացած գայլերի քանակը։ 
Ռ. Մաթևոսյանի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի  2012թ. փետրվարի 15-ի  հրամանով պետական բյուջեով նախատեսված՝ գիշատիչների գլխաքանակի կարգավորման միջոցառումների ծրագրի իրականացումն ապահովելու համար հատկացված 18մլն դրամից 4մլն-ը տրվել էր շնագայլերի որսի դրամական պարգևատրման համար։ Հրամանի համաձայն՝ շնագայլերի գլխաքանակի կարգավորման համար նախատեսված գումարը հատկացվել է Ստեփանակերտ քաղաքի, շրջկենտրոնների ծայրամասերում և մոտակայքում շնագայլերի ոչնչացմանը։ Այսինքն, տեսչությունը պայմանագրեր է կնքել վերոնշյալ տարածքներից ընտրված որսորդների հետ, ովքեր պարտավորվել են որսալ շնագայլերը։ Այսպես, Ստեփանակերտ քաղաքում պայմանագիր էր կնքվել 3 որսորդի հետ, ովքեր նշված ժամկետում պետք է կատարեին որսը։ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Քաշաթաղի շրջաններում պայմանագիր էր կնքվել 2-ական որսորդների հետ՝ յուրաքանչյուր շրջանում 50 շնագայլի որսման համար, իսկ Շուշիի և Շահումյանի շրջաններում՝ համապատասխանաբար՝ 30 և  20 շնագայլերի որսի համար։ Արդյունքում  2012թ. ընթացքում Ստեփանակերտ քաղաքի շրջակայքում ոչնչացվել է 90 շնագայլ, Մարտակերտի շրջանում՝ 45, Մարտունու՝ 50, Ասկերանի՝ 10, Հադրութի՝ 50, Շուշիի՝ 12 և Քաշաթաղի շրջանում՝  9 շնագայլ։ Իսկ գայլի որսն իրականացվում է առանց պայմանագրի։ Դիտարկվող ժամանակաընթացքում Մարտակերտի շրջանում որսացվել է 46 գայլ, Մարտունու՝ 13, Ասկերանի՝ 26, Հադրութի՝ 16, Շուշիի՝ 2, Քաշաթաղի՝ 18, իսկ Շահումյանի շրջանում՝ 13 գայլ։ 
Տեսչության մասնագետների պարզաբանմամբ՝ որսացած գիշատիչների գրանցումը, զննումն իրականացվում են հաստատված կարգի համաձայն ստեղծված հանձնաժողովի կողմից։ Որսի ընդունման և զննման ձևերը մնացել են նույնը։ Գայլի որս կատարողը տասնօրյա ժամկետում պետք է տեսչություն ներկայացնի որսի մասին տեղեկանք համայնքից, որսացած կենդանու մորթին։ Ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը  փաստաթղթերը ներկայացնում է վարչության աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժին՝ վճարումն իրականացնելու համար։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.