ՔԱՂԱՔԸ` ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Քաղաքն Արցախյան պատերազմի տարիներին եղել է հրետակոծության և ռմբակոծության թիրախ, ինչի հետևանքով բնակելի ու հասարակական նշանակության գրեթե բոլոր շենքերն ու տներն այս կամ այն չափով ավերվել են:
Հետպատերազմյա տարիներին պետության և հովանավորների միջոցներով քաղաքը վերականգնվել է: Շատ շենքեր ու փողոցներ հիմնանորոգվել են, սակայն նրա ընդհանուր պատկերը դեռ շատ է հեռու բարեկարգ ու կոկիկ կոչվելուց:
Սահմանամերձ քաղաքի գլխավոր խնդիրների ու դրանց լուծման շուրջ էր մեր
զրույցը Հադրութի քաղաքապետ Արմեն
ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ։ Մինչ այդ մենք հետաքրքրվեցինք` շրջկենտրոնից բնակչության արտահոսք կա՞, թե՞ ոչ, ինչին քաղաքապետը պատասխանեց, որ արտահոսք չի նկատվում, ավելին, վերջին տարիներին բնակչության աճ է արձանագրվել. Հադրութն այսօր արդեն մոտ 4000 բնակիչ ունի:
-Պրն Աբրահամյան, կխնդրեինք նախ խոսել անցած տարում Հադրութում արձանագրված դրական տեղաշարժերի մասին։
-2012 թվականին Հադրութի քաղաքապետարանը որոշակի բարեկարգման աշխատանքներ է տարել գրեթե բոլոր փողոցներում և բազմաբնակարան շենքերի տարածքներում: Խճապատման, կից պատերի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Ազատության, Անկախության, Սարալանջ, Մայիսի 9-ի փողոցներում: Ամբողջովին լուսավորվել են Կասպարովի, Անկախության փողոցները: Վերանորոգվել են մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներ, կարգի են բերվել շենքերի մուտքերը: Համայնքի կազմում են նաև Վանք և Տյաք գյուղերը: Անցած տարում հաջողվել է լիովին վերանորոգել Վանքի ակումբի տանիքը, ընթացքում են ներքին հարդարման աշխատանքները:
Եթե խոսելու լինենք ընդհանրապես Արցախյան պատերազմին հաջորդած տարիներին արձանագրված առաջընթացի մասին, կարելի է ասել, որ կատարվածը շոշափելի է։ Մոսկվաբնակ բարերար Մ. Բաղդասարովի միջոցներով կառուցվել են հրապարակ, առևտրի կենտրոն, մի շարք արտադրական և առևտրի նշանակության օբյեկտներ: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվել է Հադրութի հիվանդանոցը: Կաթոլիկ օգնության ծառայության միջոցներով կարիքավոր երիտասարդ ընտանիքների համար կառուցվել է բնակելի թաղամաս: Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին հուշակոթող է կանգնեցվել: Հադրութում գործարաններ, առանձին արտադրամասեր չկան, սակայն բնակչության շրջանում աշխուժություն կա: Կառավարության ծրագրերը միտված են գյուղատնտեսության զարգացմանը, իսկ մեր շրջանը միշտ էլ զբաղվել է գյուղատնտեսությամբ:
- Քաղաքի բնակչությունը շատ է բողոքում ջրի հիմնախնդրից: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:
- Ջրամատակարարման հարցն իրոք մեծ խնդիր է մեր բնակչության համար: Չնայած կատարված աշխատանքներին՝ այն չի կարելի բավարար համարել: Ներքին ջրատար ցանցը կառուցվել է 1976 թվականին, տարիներ շարունակ ջրագծերի մաշվածության պատճառով հաճախ վթարներ էին լինում, ու մարդիկ օրերով զրկվում էին ջրից: Դեռևս 2008-ին Արջաղբյուր-Հադրութ 22 կմ երկարությամբ ջրագծով խմելու ջուրը հասցվեց շրջկենտրոն, սակայն դարձյալ ջրի կորուստները մեծ էին: Ինչպես հայտնի է, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով անցյալ տարի մեկնարկել է Հադրութ քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման ծրագիր, որով նախատեսվում է կառուցել շուրջ 33 կմ երկարություն ունեցող ներքին ցանց, պոմպակայան և 2 ջրամբար, վերանորոգել 70-ականներին կառուցված խորքային հորն ու ջրավազանները: Իհարկե, լավ կլիներ ունենալ ջրային տնտեսություն, որը բնակչության ջրամատակարարումը կվերցներ իր վրա:
- Ո՞ր փուլում են այսօր աշխատանքները: Շատ հադրութցիներ բողոքում են, որ աշխատանքները, չգիտես ինչու, դադարեցվել են, իսկ փողոցները հայտնվել են քարուքանդ վիճակում:
- Իմ կարծիքով, անիմաստ է մինչև աշխատանքների ավարտը շինարարներից պահանջել բարեկարգել փողոցները: Շուրջօրյա ջուր ունենալու համար պետք է կարողանալ նաև ժամանակավոր անհարմարությունները հաղթահարել: Ջրատար ցանցի կառուցման ծրագրին, որքանով տեղյակ եմ, մասնակցում են մի քանի շինարարական կազմակերպություններ` հիմնականում ՀՀ-ից: Մինչև նախորդ տարվա աշնան սկիզբն աշխատանքներն ընթանում էին ամբողջ թափով: Շուտով դրանք կվերսկսվեն և, հավանաբար, այս տարի ավարտին կհասցվեն: Ծրագրել ենք տեղադրել ջրաչափեր, որոնց բացակայությունը ևս իր բացասական գործն է անում, շատ բնակիչներ պարզապես չեն փակում ծորակները:
Փողոցներն, իրոք, քարուքանդ վիճակում են, սակայն որոշները, ինչպես նշեցի, հընթացս խճապատվում են:
- Յուրաքանչյուր քաղաքի համար խիստ կարևոր են սանիտարական մաքրման և կանաչապատման աշխատանքները: Ինչպիսի՞ն է վիճակը Հադրութում:
- Դրանով զբաղվում է ՙՀադրութի կոմունալ տնտեսություն՚ ՊՓԲԸ-ն: Ճիշտ է, ընկերության ներկայիս տեխնիկական հագեցածությունն ու ֆինանսական հնարավորությունները չեն համապատասխանում աշխատանքների ծավալներին, սակայն նախորդ տարվա ընթացքում կանաչապատման ու փողոցների մաքրման ուղղությամբ ևս քիչ բան չի արվել: Ծայրամասային թաղամասերում տեղադրվել են աղբարկղեր: Պետք է ասել, որ առկա է աղբի տեղափոխման համար հատկացված միայն մեկ մեքենա, ինչը ևս դժվարացնում է կառույցի աշխատանքները: Նախորդ տարվա դեկտեմբերին հանրապետության նախագահի մոտ խորհրդակցություն կայացավ` նվիրված քաղաքների նորմալ կենսագործունեության ապահովմանն ու քաղաքապետարանների աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերին: Պետությունը հետամուտ է քաղաքների բնականոն զարգացմանը, և մենք հուսով ենք, որ առկա խնդիրներն ընթացիկ տարում հնարավոր կլինի լուծել: Այսօր պակաս կարևոր չէ նաև ջրահեռացման նորմալ համակարգ ունենալը: Ներկայում ծայրամասային թաղամասերից անձրևաջրերն ու ցեխաջրերը հոսում են դեպի կենտրոն։ Պատճառն այդ թաղամասում ջրահեռացման համակարգերի բացակայությունն է։ Ասեմ, որ խորհրդային տարիներին կենտրոնական փողոցներում տեղադրված ջրահեռացման գծերն էլ նպատակին չեն ծառայում:
- Հադրութն այսօր նաև երիտասարդության զբաղվածության և ժամանցի խնդիր ունի:
- Երիտասարդության զբաղվածության հարցերն ավելի հեշտ կլուծվեն, եթե լիարժեք գործեն ՓՄՁ ծրագրերը: Ինչ վերաբերում է ժամանցին, ապա մեր երիտասարդությունը միշտ էլ այն կազմակերպելու հետաքրքիր գաղափարներ ունի: Անգամ պատերազմի տարիներին լիարժեք գործում էին մշակույթի տունն ու դիսկոակումբը։ Ժամանցի խնդիր երևի թե բոլոր փոքր քաղաքներում է առկա: Նախորդ տարվա ընթացքում երիտասարդական այգի ունենալու նպատակով մեր նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ մաքրման աշխատանքներ են կատարել մշակույթի տանը հարող տարածքում: Մինչև տարեվերջ այդ տարածքը պետք է վերածեինք զբոսայգու, որը պետք է դառնա ոչ միայն տեղի բնակչության համար հետաքրքիր ժամանցի կամ հանգստի վայր, այլև քաղաքի գեղատեսիլ անկյուններից մեկը: Ցավոք, տեխնիկայի խնդիր առաջացավ, աշխատանքներն ընդհատվեցին ֆինանսական խնդիրների պատճառով, սակայն այս տարի մտահղացումն անպայման կյանքի կկոչվի:
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ