[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ-ՈՒՄ ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՐԻՊԱՆՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՆՎԱԶՄԱՆ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԵՆ

altԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով (ԱՀԿ)՝  2013թ. փետրվարի երկրորդ կեսից սկսած, ոչ միայն եվրոպական, այլև մեր տարածաշրջանում արձանագրվել է սուր շնչառական վարակների հիվանդացության աճ։ Այդ մասին են վկայում ԱՀԿ անդամ 53 երկրների կողմից ներկայացված մշտադիտարկման արդյունքները: Աճ է արձանագրվել նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատված գրիպի և դրանից առաջացած բարդությունների առումով: Բոլոր երկրներում էլ շրջանառվում են ինչպես գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, Բ տեսակը, այնպես էլ շնչառական վարակների այլ հարուցիչներ՝ ռեսպիրատոր վիրուսներ: 
Արձանագրված սուր շնչառական վարակների աճը պայմանավորված էր ինչպես գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային բնույթով, այնպես էլ առողջության առաջնային պահպանման հաստատություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ: Ինչպես հոսպիտալացված, այնպես էլ ամբուլատոր հիվանդների շրջանում կազմակերպված և իրականացված վիրուսաբանական հետազոտությունների արդյունքում մեր տարածաշրջանում գերակշռում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը։ Արձանագրվում են նաև գրիպի Բ տեսակը և այլ շնչառական վարակների հարուցիչներ:
Նշենք, որ ԼՂՀ առողջապահության նախարարությունը դեռևս 2012թ. նոյեմբերի 1-ից  հանրապետությունում իրականացնում է գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների դիտարկումներ։ Տարբեր բուժհիմնարկներից ստացված ամենօրյա տվյալները հաղորդվում են ԼՂՀ  ԱՆ համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն, վերջինս էլ՝ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն։ Հանրապետության բոլոր նախադպրոցական և ուսումնական հաստատություններում նույնպես իրականացվում են դիտարկումներ, որոնց տվյալները հաղորդվում են տեսչությանը։ ԼՂՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի տեղեկատվությամբ՝ ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարությունների կողմից գրիպի և սուր շնչառական վարակների առումով իրականացվող մշտադիտարկումների արդյունքներով՝ 2013թ. ապրիլ ամսվա առաջին կեսից նկատվել է սուր շնչառական հիվանդությունների նվազում։ Եթե 2013թ. մարտի 1-15-ը ԼՂՀ-ում գրանցվել է 1997 դեպք, որից  1573-ը` մինչև 18 տարեկան երեխաների շրջանում (79%), ապա  ապրիլի 1-15-ն արդեն արձանագրվել է 1216 դեպք, որից 1023-ը երեխաներ էին (84%)։ Ընդհանուր առմամբ՝ վերին  շնչուղիների սուր վարակները  նվազել են 781 դեպքով, կամ 1,6 անգամ, իսկ երեխաների մոտ՝ 1,5 անգամ, կամ  550-ով։ Հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում մարտի 1-15-ը հոսպիտալացվել է սուր շնչառական վարակներով 183 հիվանդ, իսկ  ապրիլի 1-15-ը՝ 85. ստացիոնար հիվանդների թիվը նվազել  է 2,2 անգամ։ Նվազում է նկատվել նաև շտապ օգնության կանչերի  առումով։ Ամենօրյա մշտադիտարկումների արդյունքներով դպրոցներում և մանկապարտեզներում  պարզաբանում են բացակայությունների պատճառները։ Հիվանդության պատճառով  ապրիլի  2-15-ը բացակաների թիվը նվազել է շուրջ  5%-ով։ Դիտարկումները կշարունակվեն մինչև ապրիլի վերջը։ 
Բնակչության ակտիվ դիմելիությունը գրիպի հետագա  բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է, որը նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը։ Ի դեպ, հոկտեմբեր ամսից նշված հիվանդությունների մասով տեսչության մասնագետները կարանտին են սահմանել ԼՂՀ ԱՆ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում և ՙՄոր և մանկան պահպանման կենտրոն՚ ՓԲԸ-ում։ Օ. Հարությունյանի  խոսքերով՝ անհրաժեշտության դեպքում հիվանդների բուժման համար կօգտագործվի տամիֆլյու դեղամիջոցը, որի անհրաժեշտ չափաբաժինները տրամադրվել են բոլոր բուժկանխարգելիչ հաստատություններին։
Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման  օդակաթիլային մեխանիզմը, ինչպես  նաև  ԼՂՀ-ում համաճարակաբանական  իրավիճակը կայուն պահելու անհրաժեշտությունը` մասնագետները կրկին զգուշացնում են խստիվ պահպանել հիգիենայի տարրական կանոնները։ 
Պետք է հիշել, որ գրիպանման երևույթների առկայության՝ բարձր ջերմության, հազի, մկանացավի, գլխացավի, հոդացավի, հարբուխի և նման այլ նշանների դեպքում  անհրաժեշտ է մնալ տանը  և դիմել բժշկի։ Նման ախտանշանների դեպքում անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ, հետևել բժշկի խորհուրդներին։ Հիվանդ վիճակում արգելվում է այցելել հասարակական վայրեր, ուսումնական հաստատություններ, աշխատանքի։ Այդ հիվանդությունների վարակի հիմնական ճանապարհը օդակաթիլայինն է, այն մարդուց մարդ փոխանցվում է հազի, փռշտոցի միջոցով։ Վարակը փոխանցվում է նաև կենցաղային ճանապարհով։ Հիվանդի հազի և փռշտոցի ժամանակ վիրուսով աղտոտվում են շրջակա միջավայրի առարկաները։ Առողջ մարդը, շփվելով դրանց հետ, առանց ձեռքերը լվանալու հպվում է իր իսկ բերանին ու քթին և վարակվում։ Կրկնում ենք. անհրաժեշտ է պահպանել հիգիենայի տարրական կանոնները, հազալու և փռշտալու վարվելակարգը, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հագնվել եղանակին համահունչ, սնվել լիարժեք՝ ընդունել սպիտակուցներով, հանքային աղերով և վիտամիններով հարուստ սնունդ, ինչպես նաև մարզել մարմինը և քնել լիարժեք։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ