Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան-Ստեփանակերտ համագործակցության ծրագրի շրջանակներում հունիսի 24-ին  Երևանի ՙՇտապ բուժօգնություն՚ ՓԲԸ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, այնուհետև այցելել Ստեփանակերտի ՙՇտապ բուժօգնության կայան՚ ՓԲԸ: Այցի նպատակային ծրագրերի մասին զրուցեցինք Երևանի ՙՇտապ բուժօգնություն՚ ՓԲԸ տնօրեն Թագուհի ՍՏԵՓԱՆՅԱՆԻ, ինչպես նաև Ստեփանակերտի նույնանուն կառույցի ղեկավար Իրինա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:
Ըստ Թագուհի Ստեփանյանի՝ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև  համագործակցության ծրագիրը վերաբերում է թազմաթիվ ուղղությունների։ Այս այցի ընթացքում  պատվիրակության մասնագետները կծանոթանան Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայանի աշխատաոճին, որպեսզի առանձնացնեն առաջնահերթ օգնության հարցերը և հնարավորինս  կիրարկեն այն ձեռքբերումները, որոնք այս վերջին երկու տարիների ընթացքում ներդրվել են Երևանի ՙՇտապ բուժօգնություն՚ ՓԲ ընկերությունում, և որոնց արդյունավետությունը տեսանելի է: Ի դեպ, համաձայն Թագուհի Ստեփանյանի տեղեկատվության, ներդրումներն այդ ոլորտում կրել են ռազմավարական բնույթ և Երևանի շտապ բուժօգնության աշխատանքը մոտեցրել են միջազգային չափանիշներին: Այսօրվա դրությամբ ընկերությանն են պատկանում շտապ բուժօգնության 35 մեքենաներ, որոնցից 10¬ը՝ ռեանիմոբիլ են, 25-ն էլ` արդի սարքավորումներով հագեցած գծային բրիգադային մեքենաներ: Ըստ ընկերության տնօրենի, վերջիններս ռեանիմոբիլներից տարբերվում են միայն արհեստական շնչառության սարքավորման բացակայությամբ: Տեղեկացնենք, որ դրանք հագեցած են էլեկտրասարքագրիչով, որը թույլ է տալիս անմիջապես գրանցել հիվանդի սրտի աշխատանքը (ԷԿԳ), ինչպես նաև գլյուկամետրի միջոցով իմանալ շաքարի չափը: Տնօրենը նշեց, որ ընկերության ողջ անձնակազմը վերապատրաստման դասընթացներ է անցել Երևանի պետական բժշկական համալսարանում և զինվել ժամանակակից գիտելիքներով: Նա ընդգծեց նաև տեղի ունեցած կադրային փոփոխությունները. ընկերությունում ընդգրկվել են հիվանդանոցներում աշխատող փորձառու բժիշկներ, ինչը նոր որակ է հաղորդել շտապ բուժօգնության գործունեությանը: Այդ ամենի հետ մեկտեղ երկու անգամ բարձրացել է նաև ամբողջ անձնակազմի աշխատավարձը, ինչը նույնպես մեծ դեր է խաղացել կադրային հարցում:
Ըստ Թագուհի Ստեփանյանի՝  այցն առաջինն է այս բնագավառում, բայց ոչ վերջինը. ծրագիրը կլինի շարունակական: Ժամանակն էլ կօգտագործվի լիարժեք` կկազմակերպվեն սեմինարներ, քանի որ պատվիրակության կազմում կան շատ լուրջ մասնագետներ` թե՜ բժիշկներ, թե՜ բուժքույրեր, որոնք պատրաստ են իրենց փորձը փոխանակել նաև պրակտիկ կերպով` տեղի բժիշկների հետ այցելելով հիվանդներին: Մի խոսքով, կդրվեն ուսուցման և փորձի փոխանակման այն բոլոր մոտեցումները, որոնք այսօր կիրառվում են Երևանում: 
Ստեփանակերտի ՙՇտապ բուժօգնության կայան՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Իրինա Մարտիրոսյանը երևանյան գործընկերների այցը գնահատեց որպես շատ պահանջված` բոլոր առումներով։ Նա շատ կարևորեց այն աշխատաոճը, որով այսուհետ կառաջնորդվի նաև Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայանը: Խոսքը վերաբերում է հաստատված արձանագրություններին, որոնցով  առաջնորդվում են քաղաքակիրթ աշխարհի շտապ բուժօգնության ծառայությունները հիվանդին այցելելիս: Այսինքն՝ գոյություն ունեն հիվանդին օգնություն ցուցաբերելու սահմանված չափանիշներ` հաստատված հեղինակավոր մասնագետների կողմից, որոնք արտացոլում են այն առաջնահերթ ու անհրաժեշտ օգնության գործողությունները, որոնք կապված են յուրաքանչյուր հիվանդության հետ։  Բժիշկների անհատական մոտեցումը նման դեպքում բացառվում է, նրանք իրենց փորձը կարող են կիրառել միայն դեղերի դոզավորման, հոսպիտալացման և մի շարք այլ հարցերում: 
Ի. Մարտիրոսյանը մեծ նշանակություն տվեց նաև սեմինար-պարապմունքներին, ինչը նույնպես շատ պահանջված է. Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայանի անձնակազմը բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունեցել այցելել որակավորման դասընթացների, բնականաբար, տեղեկացված չէր բժշկության ասպարեզում արձանագրված վերջին ձեռքբերումներին: Շատ կարևոր են նաև պրակտիկ դասընթացները, այսինքն` բարձր մակարդակի բժիշկների հետ հիվանդին այցելելը և  փորձը հետագայում կիրառելը:
Նշվեց, որ բոլորն անհամբեր սպասում են հանրապետական հիվանդանոցի շինարարության ավարտին և շահագործմանը, որտեղ կտեղափոխվի նաև շտապ բուժօգնության կայանը, ինչի շնորհիվ վերջապես կբարելավվեն հիմնարկի աշխատանքային պայմանները: Կառավարության մակարդակով խոստացված է նաև տրամադրել նոր մեքենաներ` հագեցած ժամանակակից սարքավորումներով, ինչն առավելապես կնպաստի Ստեփանակերտ-Երևան համագործակցության ծրագրի իրականացմանը։ 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ