[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՄԲԱՐԸ ՄՏԵՐՄԱՑՐԵՑ ԲՈԼՈՐԻՆ

SAM_0486.jpgԱմռանը ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղը հոգ է տանում նաև դպրոցականների ազատ ժամանցի կազմակերպման մասին, որի լավագույն տարբերակն է հավաքել նրանց մի տանիքի տակ` ճամբարում և, ստեղծելով ընկերական ջերմ մթնոլորտ, նպաստել ճամբարականների լիարժեք հանգստի կազմակերպմանն ու ազգային արժեքներով դաստիարակմանը:
Երկրորդ տարին է, ինչ ճամբար է կազմակերպվում Գանձասարի վանքի հարևանությամբ (ճեմարանի համար կառուցված շենքում), որի պայմաններից գոհ են թե՜ կազմակերպիչները, թե՜ երեխաները: Այս տարի մոտ 90 դպրոցականներ 10 օր` հունիսի 26-ից-հուլիսի 5-ը ներառյալ, հանգստացան ճամբարում: Ըստ ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի ատենապետուհի Կարինե Դադայանի (ով նաև ճամբարի պատասխանատուն էր), այս տարի որոշվեց ընդգրկել նաև վերաբնակեցված շրջանների երեխաներին: 23 դպրոցականներ ընդգրկվեցին Քաշաթաղի շրջանից, որից 14-ը` Կովսականից, որտեղ վերաբնակեցվել են սիրիահայեր, և որոնց երեխաները շփվելու, հայոց լեզու սովորելու խնդիր ունեն,  25 դպրոցականներ՝ Քարվաճառից և շրջանի գյուղերից, 4-ը՝ Շուշիից, 30-ը` Ստեփանակերտից։ Ընտրության սկզբունքն էր` ընդգրկել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Ճամբարի առօրյան հագեցած էր զանազան միջոցառումներով։ Առավոտն սկսվում էր մարմնամարզությամբ, օրվա ընթացքում կազմակերպվում էին ինտելեկտուալ, մարզամշակութային, միջոցառումներ, ինչպես նաև էքսկուրսիաներ դեպի պատմաճարտարապետական հուշարձանները: Բուռն զգացմունքներով էին անցնում մարզական խաղերը, որոնց կազմակերպիչն էր մարմնամարզիկ Արման Սարգսյանը: Կարինե Դադայանի տեղեկատվությամբ` բոլոր տեսակի մրցույթները խրախուսվում էին նվերներով, պատվոգրերով: Ճամբարային ծրագիրը հագեցած էր նաև հայրենասիրական ոգով կազմակերպված դասընթացներով, որոնք անցնում էին ՙՍա Հայաստան է... և վերջ՚ վերտառությամբ: Իսկ ամենահետաքրքիրը, որին երեխաներն անհամբեր սպասում էին, երեկոյան ամենօրյա խարույկն էր։
Եվ այս ամենը նպաստեց երեխաների մերձեցմանը։ Վերջին օրը շատ հուզումնալից էր. ճամբարականներն այնքան էին ընտելացել, որ չէին ուզում բաժանվել...
...Արդեն անցել է մեկ շաբաթ, սակայն ամեն օր ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղում զանգեր են ստանում ճամբարականների ծնողներից, ովքեր երախտագիտության խոսքեր են փոխանցում լավ կազմակերպված ճամբարային կյանքի մասին։ 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ