[ARM]     [RUS]     [ENG]

ԴԵՊԻ ԹԲԻԼԻՍԻ` ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏՔԵՐՈՎ

hhh_1.jpgԷքսկուրսիաները դարձել են ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս: Դա ժամանցային և ուսուցանող նշանակություն ունի ոչ միայն դպրոցականների, այլև ուսուցիչների համար, ովքեր էլ հենց դրանք կազմակերպում են: Վերջին տարիներս հաճախ ենք ականատես լինում, որ Արցախի ուսուցիչները կոլեկտիվ  էքսկուրսիաներ են կազմակերպում դեպի  մայր Հայաստանի պատմամշակութային վայրեր` այդ այցելություններն անվանելով ուխտագնացություն:
 Իսկ անցած տարվանից սկսած` նրանք նաև այցելում են Արևմտյան Հայաստան: Անշուշտ, ճանաչողական այցերը  նպաստում են դասավանդումն ավելի հետաքրքիր դարձնելուն և արդյունքում` դասի արդյունավետության բարձրացմանը: 
Վերջերս Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնի աշխատակից Անահիտ Մեսրոպյանը մայրաքաղաքի դպրոցների մանկապատանեկան աշխատանքների գծով դպրոցի տնօրենների տեղակալների համար, որպես խրախուսանք  լավ աշխատանքի դիմաց, կազմակերպել էր էքսկուրսիա դեպի Թբիլիսի: Նշենք, որ Ա. Մեսրոպյանը դա կազմակերպել է իր անձնական կապերի միջոցով, ինչն առաջին դեպքը չէ: Կրթության բաժնի վարիչ Կ. Մարգարյանը նամակ էր հղել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին` նշելով, որ Ստեփանակերտ քաղաքի ուսուցիչները ցանկություն են հայտնել տեսնել հայ  մշակույթի երբեմնի օրրան Թիֆլիսը և կապեր ստեղծել տեղի հայության հետ: Նամակ-առաջարկը սիրով ընդունվեց:   
Մասնակիցների թիվը նախատեսվածից ավել էր. ճամփորդելու ցանկություն էին հայտնել ոչ միայն  կազմակերպիչ աշխատող մանկավարժները, այլև դասավանդող ուսուցիչներ: Անգամ շրջանից (Մարտունուց) կային մասնակցողներ: Հրավիրել էին նաև տողերիս հեղինակին: 
Եվ այսպես, 21-հոգանոց մեր խումբն  օգոստոսի 7-10-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում էր:  
Առհասարակ, ցանկացած էքսկուրսիայի հաջողություն պայմանավորված է երկու հիմնական գործոններով՝ նախապատրաստում և իրականացում: Ասենք, որ նախապատրաստումը բարձր մակարդակով էր արվել.  կազմակերպիչ Ա. Մեսրոպյանը բոլոր մասնակիցներին  նախօրոք ծանոթացրել էր ծրագրին, անգամ՝ թե որ ժամին որտեղ կգտնվեն, ինչ կտեսնեն, ինչպես կհանգստանան և այլն: Բոլոր ժամերը նպատակային պլանավորված էին ոչ միայն տեսնելու և ճանաչելու առումով, այլև` հանգստանալու: Այսպես, Ստեփանակերտից   խումբը նշանակված ճիշտ ժամին` օգոստոսի լույս 7-ի ժամը երեքին, ուղևորվեց, որպեսզի արևածագը դիմավորի Սևանում: Ճանաչողական էքսկուրսիան այստեղից էլ սկսվեց. նախ այցելեցինք բարձունքում գտնվող Սևանավանք` 9-րդ դարի կառույց, որը հիմնադրել է Աշոտ  Առաջին  Բագրատունու դուստր Մարիամը: Առավոտյան արևի ճաճանչներից  նազող Սևանը  իր  գույներով մի առանձին գեղեցկությամբ էր երևում բարձունքից:  Թարմ օդը, գեղեցիկ պատկերները ոգևորել էին ուսուցիչներին, և նրանք արտասանում էին Գեղամա գեղեցկուհու մասին չափածո տողեր, երգերից հատվածներ: Շատերս առաջին անգամ էինք այցելում Սևանավանք: Երկար սանդղաշարը, որով բարձրացանք վանք,  ուրիշ անգամ գուցե հոգնեցնող  թվար, բայց այս պարագայում, ինչպես ուխտի գնացող հավատացյալների մոտ, հոգեկան թեթևության զգացումն էր պարուրել մեզ: Եվ շտապում էինք    մոմավառությամբ ու աղոթքով զորակցություն, խաղաղություն, բարեկեցություն, առողջություն հայցող մեր ցանկությունները հղել Բարձրյալին:
Ավելի մեծ թեթևությամբ իջանք լողափ, որտեղ բազմաթիվ ընտանիքներ կային` տարբեր տարիքի ներկայացուցիչներով: Մեր խմբի մի մասն անմիջապես նետվեց ջուրը կամ նավակներով զբոսանքի դուրս եկավ, մի մասն էլ գերադասեց զբաղվել  խորովածի պատրաստությամբ: 
Այստեղ մի քանի ժամ անցկացնելուց և լավ հանգստանալուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը: Հետևում մնացին  Դիլիջանն ու Իջևանը: Դարձյալ նույն գեղեցիկ բնությունն էր, ինչպիսին տեսել էի 30 տարի առաջ, երբ որպես ուսանող Երևան էի գնում այդ ճանապարհով: 
Թբիլիսի տանող ճանապարհն անցնում էր  Տավուշի մարզի գյուղերով: Ցուցանակներին ծանոթ անուններ էին: Մինչ այդ կարդացել էի Իջևանի նախկին շրջկոմի առաջին քարտուղար Ջեմմա Անանյանի ՙՀայոց օջախ՚ գիրքը, որտեղ պատմվում է ադրբեջանական բնակավայրերին սահմանակից գյուղերի մասին: Այդ գյուղերը դեռևս խորհրդային տարիներին ենթարկվում էին ադրբեջանցիների խարդավանքներին, Արցախյան պատերազմի ժամանակ` նրանց զինված հարձակումներին և հիմա էլ դարձյալ հակառակորդի կողմից մշտական թիրախ են դարձել: Անցնելով այդ բնակավայրերով, մի առանձին խանդաղատանք էի զգում այդտեղ ապրող հերոս բնակիչների նկատմամբ: 
Հայաստանի ամեն շրջան ունի իր անկրկնելի բնությունը, ըստ աշխարհագրական տարածքի` իր բնական յուրահատկությունները. ձմեռային մարզաձևերով զբաղվելու համար խիստ ձմե՞ռ ես ուզում, խնդրեմ, գնա Ծաղկաձոր, ուզում ես անդնդախոր ձորեր,  լեռներ տեսնե՞լ` գնա Սյունյաց աշխարհ, հանքային ջրերով առողջարաննե՞ր` Ջերմուկ կամ Արզնի… Մենք ծով չունենք, սակայն դրան էլ փոխարինում է կապուտակ Սևանը: Ի դեպ, երբ անցնում էինք այդ վայրերով և տեղանքն էինք ուզում ճշտել, տեղացիները մեր հարցին ի պատասխան` միշտ ՙծով՚ բառն էին օգտագործում: Հայ ժողովուրդը թեպետ դարերի ընթացքում շատ տարածքներ է կորցրել, այդուհանդերձ, բնական գեղեցկությամբ առանձնացող քիչ վայրեր չունի հիմա, որոնք պարզապես սիրել ու պահպանել է պետք:
…Ի վերջո, հասանք հայ-վրացական սահման, որտեղ պիտի իջնեինք ու մաքսատանը համապատասխան գրանցում կատարեինք: Մենք իրեր չունեինք, ընդամենը պիտի անձնագրում նշում կատարեին, բայց մեզանից յուրաքանչյուրից  մաքսատան աշխատողը  500 դրամ պահանջեց: Մեր խմբի ղեկավարը հակաճառեց` ասելով, որ վիրահայոց թեմի հրավերով ենք մեկնում: Ես էլ, որպես լրագրող, հաստատեցի` ասելով, որ գնում եմ լուսաբանելու: Մաքսատան աշխատողն ասաց, որ այդ դեպքում պետք է մտնենք բաժնի պետի մոտ` թույլտվություն վերցնելու: Դեռ մի քանի քայլ էինք արել, երբ կանչեց մեր հետևից, ասելով, որ ինքն արդեն զանգել է բաժնի պետին ու թույլտվություն վերցրել: Թե ինչքանով էր ճիշտ նրա ասածը` չեմ կարող ասել: Վրացական անցակետում ավելի արագ տեղի ունեցավ գրանցումը:  
Երեկոյանում էր, երբ հասանք Թբիլիսի: Մեզ արդեն սպասում էին եկեղեցու բակում: Դիմավորողները հոգևոր ապասավորներ, եկեղեցու բարեկամներ էին: Ասացին, որ  Սրբազանը տեղում չէ, գործով մեկնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, բայց կարգադրել է  պատշաճ կերպով մեզ դիմավորել, տեղավորել, կազմակերպել էքսկուրսիան: Եկավ Միքայել Ավագյանը`  մի երիտասարդ, որը ներկայացավ որպես ՙՀայարտան՚ աշխատող, և անմիջապես էլ սկսեց զբոսավարի իր պարտականությունները: Շտապեմ ասել, որ Միշան (այդպես էին նրան դիմում) նաև հայկական դեսպանատան աշխատող է: Ամբողջ ժամանակ նա մեզ հետ էր գտնվում, առանց ձանձրանալու` մեզ տարավ նախատեսված բոլոր վայրերը: Լավ տեղեկացված էր, մեզ հետ  խոսում էր  հայերեն, դժվարանալու դեպքում` ռուսերեն, իսկ վրացիների հետ` վրացերեն: 
Մենք ծանոթացանք Թբիլիսիին:  Եկեղեցին, որտեղ առաջինը ոտք դրեցինք, գտնվում է Հավլաբար թաղամասում և  կոչվում է Սուրբ Էջմիածին: Միակ եկեղեցին է, որ Մայր Աթոռից դուրս կոչվում է Սբ. Էջմիածին: Ամենանոր եկեղեցիներից է, կառուցված է 20-րդ դարի սկզբին: Մինչև 1921թ. Թիֆլիսում գոյություն ուներ 27 հայկական գործող եկեղեցի: Հիմա մնացել է երկուսը` Սբ. Էջմիածինը և Սբ. Գևորգը, որտեղ թաղված է Սայաթ-Նովան: Սակայն վերջինս  ժամանակավոր փակված էր վերանորոգման պատճառով: Հիշյալ երկու գործող եկեղեցիներից բացի, կա ևս հինգ փակ եկեղեցի, որոնց պատկանելությունը, այսպես կոչված, վիճելի է: Միշայի խոսքով` իրականում դրանք վիճելի չեն, հայկական եկեղեցիներ են: Մյուսները խորհրդային ժամանակ կամ քանդվել են, կամ վիրահայությունից գողացվել: Եկեղեցու տարածքում 2011թ. բացվել է ՙՀայարտուն՚ կրթամշակութային կենտրոնը` վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ:  Դա մի օջախ է, որը կոչված է պահպանելու պատմական ՙՀայարտուն՚ կենտրոնի բարի ավանդույթները` ստեղծված 1921 թվականին` Հ. Թումանյանի կողմից, և որը գործել է մինչև 1940-ական թվականները: Այստեղ հավաքվում է թիֆլիսահայ մտավորականությունը` նկարիչներ, երաժիշտներ, գրողներ: ՙՀայարտունը՚ մեծ առաքելություն ունի  վիրահայոց շրջանում հայոց լեզվի ու մշակույթի, երգի ու պարի, հայոց պատմության ու կրոնի ուսուցման և այդ ամենը սրբությամբ պահպանելու խնդիրներն իրականացնելու համար: 
ՙՀայարտունը՚ գործունեություն է իրականացնում 3 ուղղությամբ` մշակութային, կրթական և երիտասարդական: Այստեղ գործում է կիրակնօրյա դպրոց, նախակրթարան այն երեխաների համար, որոնց ծնողներն ուզում են, որ իրենց երեխաները հայերեն սովորեն: Գործում են  տարբեր խմբակներ` երգի-պարի, շախմատի և այլն: Կազմակերպվում են ցուցահանդեսներ, գրքերի քննարկումներ, կլոր սեղաններ,  ցուցադրվում հայ ժողովրդի պատմության մասին կինոնկարներ: Մեզ ասացին, որ վերջին երկու տարում Արցախից շատ ուխտավորներ են գալիս: Համերգներով հանդես են եկել նաև Արցախի երգչախմբերը: Այստեղ նաև  գալիս են  ՀՀ պետական այրերը: Արձակուրդների պատճառով տվյալ պահին այդտեղ հաճախորդներ չկային:
Թբիլիսիում ապրում է շուրջ հարյուր հազար հայ, բայց բոլորը հայ եկեղեցու հաճախորդներ չեն: Գոյություն ուներ 8  հայկական դպրոց, ներկայումս մնացել է մեկը` հ.104 դպրոցը:  
Սբ. Էջմիածին եկեղեցու տարածքում  է գտնվում Խոջիվանք կոչվող հայկական գերեզմանատունը, որտեղ թաղված են Րաֆֆին,Հ. Թումանյանը, Գր. Արծրունին, Մ. Եկմալյանը, Պ. Պռոշյանը, Մուրացանը, աշուղ Ջիվանին,  Ղ. Աղայանը, Գ. Սունդուկյանը, Ալ. Ծատուրյանը,  Նար-Դոսը և ուրիշ նշանավոր  արվեստագետներ ու հասարակական գործիչներ:
Խոջիվանքի տարածքը նախկինում ավելի մեծ էր: Ընդհանրապես, այդ հողատարածքը հնուց պատկանել է վրաց Ռոստոմ արքայի գանձապետ Աշխարհբեկ Բեհբուտյանին և սկզբում եղել է Բեհբուտյանների տոհմական գերեզմանատունը: Վրաց արքան բարձր է գնահատել Աշխարհբեկի հավատարիմ ծառայությունը և նրան անվանել  Խոջա Բեհբուտ: Աշխարհբեկն իրեն շնորհված իրավունքներով ընդարձակել է գերեզմանատունը, անցկացրել ջրի խողովակներ, տնկել ծառեր, իսկ 1655թ. գերեզմանատանը կառուցել Սբ. Աստվածածին եկեղեցին, որը ժողովուրդն անվանել է Խոջիվանք, այսինքն` խոջայի կառուցած եկեղեցի: Հետագայում ամբողջ գերեզմանատունը կոչվել է Խոջիվանք: 
1936թ. Բերիան քանդել է տվել գերեզմանատունը, պայթեցրել եկեղեցին, բոլոր մատուռներն ու դամբարանները: Տեղում  կառուցվել է բարեկամության զբոսայգի, որը կար մինչև 1990թ.: Ներկայումս  այդ տարածքի վրա կանգնած է վրաց ուղղափառ եկեղեցու Սբ. Երրորդության մայր տաճարը: Շնորհիվ նկարիչ Գևորգ Շարբաբչյանի և ճարտարապետ Ռուբեն Աղաբաբի ջանքերի՝ քանդելու ժամանակ  փրկվել են մի քանի մասունքներ ու տապանաքարեր, որոնք հուղարկավորվել են Րաֆֆու գերեզմանի կողքին: Եվ միայն 1967թ. մարտի 17-ին նախկին գերեզմանատան տարածքում կառուցվեց հավաքված գերեզմանաքարերը և աճյուններն ամփոփող՝ հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնը: 2002թ. նոյեմբերի 9-ին Թբիլիսիի և Երևանի քաղաքապետարանների, Վրաստանում ՀՀ դեսպանատան, Վրաստանի հայերի միության, ՙԵրևան՚ հիմնադրամի և ուրիշների ջանքերով վերականգնվեց ու հանդիսավորությամբ բացվեց Խոջիվանք պանթեոնի ներկա տարածքը: 2002թ. այն  դրվեց Թբիլիսիի քաղաքապետարանի իրավասության ներքո: 
Այստեղ նաև խաչքար կա Սումգայիթի զոհերի հիշատակին:  Իսկ ամեն Մայիսի 9-ին ծառ է տնկվում` նվիրված Արցախյան պատերազմի հաղթանակին և զոհերի հիշատակին: 
Լսելով այս պատմությունները` ակամայից զուգահեռներ ես անցկացնում նախկինում Բաքվում և ներկայումս Թբիլիսում ապրող հայերի նկատմամբ տարվող խտրական քաղաքականության միջև ու գալիս  այն եզրակացության, որ գրեթե տարբերություն չկա, թե ում իշխանության տակ է ավելի վատ` մուսուլմանի՞, թե՞ քրիստոնյայի: Միշայի կարծիքով` մուսուլմանների հետ ավելի հեշտ է այն առումով, որ  տարբեր են հավատները, և եթե հատուկ քաղաքականություն չի տարվում,   ուծացում տեղի չի ունենում, ինչպես, օրինակ` Սիրիայում կամ Իրանում: Միևնույն ժամանակ, նույն հավատը կրողները հեշտորեն տարալուծվում են, ինչպես դա այսօր տեղի է ունենում Ռուսաստանում, Ուկրաինայում, այս պարագայում նաև` Վրաստանում։
Առաջին օրվա հագեցած տպավորություններով հյուրընկալվեցինք Ալբերտ և Վիոլետա (Մովսիսյան) Գևորգյանների տանը. մի բարեպաշտ, ազգասեր ու հյուրասեր օջախ, որի ամենամեծ ուրախությունը հայրենակիցներին ընդունելն է: Բոլոր հայերը, առանձնապես արցախցիները, գալով Թբիլիսի և լինելով եկեղեցում, անպայման դառնում են Գևորգյանների սպասված հյուրը: Տիկին Վիոլետան արմատներով Հադրութից է: Արցախի հետ կապը պահում ու նրանից կարոտն առնում է  այնտեղից ժամանած մարդկանց հյուրընկալելով: 
Ընտանիքի երկու դուստրերը` Ինեսան և Լալան, ծնողներից ժառանգել են բարություն ու ազգասիրություն: Ավագը երեք չքնաղ բալիկներ է մեծացնում և ծնողների հետ միասին մասնակցում  հայրենակիցների ընդունելությանը: Լալան ուսուցիչ է աշխատում ՙՀայարտանը՚: Ընտանիքի բարեպաշտության մասին է խոսում ոչ միայն տանը սուրբ անկյուն ունենալը, այլև Վիրահայոց թեմի կողմից ընտանիքին օրհնության գրով պարգևատրելը` թեմին մատուցած եկեղեցասեր ծառայությունների, ավանդապահության ու ազգասիրության համար: Բարեբախտաբար, նման ընտանիքները քիչ չեն Թբիլիսիում, որոնցից ամեն մեկն իր ավանդույթներով, լեզվով, մշակույթով  մի փոքրիկ Հայաստան է: Նրանց բոլորին  միավորում է  հայոց եկեղեցին:      
Ճամփորդության այլ ուշագրավ  դրվագների մասին կպատմենք  հաջորդ համարներում:
 
Ստեփանակերտ-Թբիլիսի-
Ստեփանակերտ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ