[ARM]     [RUS]     [ENG]

ԿԵՐԵՆԻ ՀՆԱՎԱՅՐՈՎ՝ ՇԱԹԱՌՈՒԶԻ ԵԿԵՂԵՑԻ

 8.jpgՔաշաթաղի շրջանի Կերեն գյուղը գտնվում է Կապան-Կովսական ճանապարհի վրա՝ Ողջի գետի աջ ափին: Գյուղի հարավային մասն անտառապատ սարալանջ է, որտեղ պահպանվել են հազարամյակների պատմություն ունեցող  դամբարաններ: Հնագետներ Գագիկ Սարգսյանի և  Արտակ Գնունու հետ բարձրանում ենք հնավայր:

Ըստ Գնունու, ով արդեն 10 տարի է՝ պեղումներ է կատարում այստեղ, բացվել են 100-ից ավելի դամբարաններ, որոնք պատկանում են մ.թ.ա. 12-11, 9-8 և 7-5-րդ դարերին: Հավանական է, որ անտիկ շրջանում նույնպես տարածքը բնակեցված է եղել. այդ մասին են  վկայում գտնված ապակե սրվակը, այլ իրեր: 
- Տարածքը միջնադարում յուրացվել է, դա են ապացուցում այդ շրջանին պատկանող խեցեղեն իրերը,- ասում է Գնունին:- Այնուամենայնիվ, ավելի վաղ դարերի բավականին նյութեր պահպանվել են, որոնց մի մասն այժմ գտնվում է Ստեփանակերտի, իսկ մի մասն էլ՝ Բերձորի թանգարաններում: Տարածքը բացառիկ է իր նյութերով, որոնցից առավել հետաքրքիր են ծիսական ծորակավոր 3 տեսակի  անոթները։ Մնացած իրերն էլ յուրահատուկ են իրենց զարդամոտիվներով, ձևերի բազմազանությամբ:
Վերջերս պեղված դամբարաններից մեկում հայտնաբերվել է 2 կարաս, որոնք ուղարկվել են վերականգնման: Հնավայրը մեծապես վնասվել է դեպի անտառ ձգվող ճանապարհի բացումից: Դամբարանների մեծ մասը մնացել է անտառի տակ, և միայն պատահական հանդիպող քարերից կարելի է եզրակացնել դրանց գոյության մասին: 
Կերենի բնակիչներ՝ եղբայրներ Արթուր և Հայկ Թումասյանների ուղեկցությամբ շարունակում ենք ճանապարհը՝ հասնելու վերջերս նրանց կողմից պատահաբար տեսած եկեղեցի, որը գտնվում է Շաթառուզ կոչվող գյուղի մոտակայքում: Չնայած ճանապարհի դժվարանցելիությանը՝ այնուամենայնիվ, Գագիկ Սարգսյանը վարպետորեն է վարում ՙՆիվա՚ ամենագնացը, և բարեհաջող հասնում ենք տեղ։ Անտառապատ տարածքում մի փոքր գյուղատեղի է երևում, որից մոտ 2կմ արևելք ընկած է սրբատեղին: 17-րդ դարի բազիլիկ եկեղեցի է. դա է հուշում ճարտարապետական հորինվածքը: Երեք կողմում ծառեր են աճել, և միայն հարավ-արևմտյան կողմի պատն է բաց: Միակ մուտքը բացված է եղել այս կողմից, ցավոք, չի պահպանվել բարավորը, որի վրա պետք է լիներ արձանագրություն եկեղեցու անվանման և կառուցման ժամանակաշրջանի մասին: Անկյունաքարերն էլ են տեղահանված, բացի ներքին շարքերից: Հավանական է, մուտքից վերև պատուհան է եղել, որի պսակն ու անկյունաքարերը նույնպես տեղահանվել են, և պատնիվեր ճեղք է առաջացել:  Սուրբ Խորանի վերևում թաղակապ ծածկը քանդվել է, և փլվածքը ծածկել է բեմը, որի վրա ծառեր են աճել: Խորանը նույնպես ճաք է տվել: Խորանի պատի արտաքին մասում ագուցված է միջնադարյան մի հասարակ խաչքար՝ երկու խաչերով: Հյուսիսային մասում առաստաղի մի մասը քանդված է, իսկ պատը նույնպես ճաք ունի: Դրա և հարակից պատի անկյունամասում հատակը քանդված են, որն էլ թուլացրել է հիմքերը: 
 - Քանդել են ինչ-որ մարդիկ, իբր գանձ գտնելու համար,-ասում է Հայկը: 
 Պատերը շարված են կոպտատաշ քարով ու կրաշաղախով: Ներսի կողմից կան կամարներ: Խորանի 2 կողմերում ավանդատներն են: Ձախ կողմում մկրտության ավազանն է: Մուտքը նույնպես քանդված է: Եվս մի խաչքար կա մուտքի մոտ, որի վրա մեծ խաչ է քանդակված: Հարավային պատի մոտ անմշակ քարեր կան. հավանաբար, շիրմաքարեր են: Չհաջողվեց որևէ արձանագրություն գտնել: Գագիկ Սարգսյանն ու Արթուր Թումասյանը կատարում են շինության չափագրումը: Այն գտնվում է ծովի մակերևույթից 934 մետր բարձրության վրա. Կերենից հարավ ուղիղ գծով 3կմ, իսկ Կովսականից՝ արևմուտք 10,6կմ հեռավորության վրա: Մոտակա գյուղում այժմ անասնապահներ են բնակվում: Նրանցից Սենիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս բնակավայրը՝ Շաթառուզը, ժամանակին եղել է հայկական, որտեղ բնակվել են նաև իր ծնողնեորը: Հետագայում այստեղի հայ բնակիչները տեղափոխվել են հարևան Շիկահող գյուղ, իսկ Շաթառուզում սկսել են հիմնավորվել ադրբեջանցի հովիվներ, ովքեր հովվություն են արել նաև Շիկահողում: Այսպիսով հայոց բնակավայրն ու եկեղեցին դառնում են քոչվորների սեփականությունը: Անտերության մատնված հայոց սրբավայրը քանդվում է, գանձագողերը քանդում են հատակն ու պատերը, տեղահան անում պատերին ագուցված խաչքարերը՝ մտածելով դրանց տակ ոսկի գտնել: Արցախյան գոյամարտի տարիներին Շաթառուզը դառնում է թշնամու ռազմական հենակետ, որտեղից հրետակոծվում է Կապանի շրջանը: Գյուղի մոտ պահպանվել է նաև հայոց գերեզմանատունը, որը նույնպես ավերվել է ազերիների կողմից: 1993-ի աշնանը տարածքն ազատագրվեց: Ազատագրվեց նաև եկեղեցին, որն այժմ վթարային վիճակում է և ամրացման կարիք ունի: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր