ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ 533 ՀՈԳՈՒ
ԼՂՀ կառավարության 2011թ. համապատասխան որոշմամբ արտերկրի առողջարաններ ուղեգրումներն իրականացվում են ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, իսկ ՀՀ առողջարաններն ու հանգստյան տները` տարածքային սոցծառայությունների միջոցով։ Համաձայն կարգի՝ հստակեցվում են հատկացվող ուղեգրերի նպատակային օգտագործման մեխանիզմը, ուղեգրեր ստանալու իրավունքից օգտվող քաղաքացիների խմբերը և այլն։
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության բաժնի գլխավոր մասնագետ Ռայա Առուշանյանի տեղեկատվությամբ՝ այս տարի առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրեր են տրամադրվել առանձին սոցիալական խմբերի պատկանող 533 անձանց։ Ի դեպ` 2012թ. ծրագրից օգտվել է 514 քաղաքացի։ ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերն առաջնահերթության կարգով հատկացվել են հաշմանդամ զինծառայողներին (հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձինք), առաջին, երկրորդ և երրորդ խմբերի հաշմանդամներին (արդեն 2013 թվականից երրորդ խմբի հաշմանդամները նույնպես ներառված են առողջարանային բուժման ուղեգրերի իրավունք ունեցող քաղաքացիների ցանկում), հաշմանդամ երեխաներին (մինչև 18 տարեկան ), խուլ-համր երրորդ խմբի հաշմանդամ ճանաչված անձանց, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, նույն պատերազմում զոհվածներին և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին, ՀՀ և ԼՂՀ ազգային հերոսներին և շքանշանակիրներին, ինչպես նաև միայնակ քաղաքացիներին։
Մեր զրուցակցի տեղեկատվությամբ` այս տարի ՙԱրզնի՚ առողջարան է մեկնել 106 քաղաքացի, որից 6-ը՝ մոր և մանկան ուղեգրով, այսինքն` հաշմանդամ երեխայի հետ առողջարանային տուն է մեկնել նաև ծնողը։ ՙՋերմուկ՚ քաղաքի առողջարան է ուղեգրվել 306 հոգի (12 օր), որից 20-ը՝ նույնպես մոր և մանկան ուղեգրով, իսկ ՙԳրացիա՚ առողջարանում իրենց հանգիստն են անցկացրել 30 հոգի (15 օր), Սևանի ՙԱրևիկ՚ հանգստյան տուն մեկնել է 75 հոգի։ Ռ. Առուշանյանի խոսքերով՝ այս տարի Ուկրաինայում գործող մասնագիտացված Սակիի առողջարանային կլինիկայում բուժում են ստացել հենաշարժական խնդիրներ ունեցող` ԼՂՀ պատերազմի առաջին խմբի 16 հաշմանդամներ։ Մասնագիտացված առողջարանների ուղեգրերը տրվում են առաջին խմբի հաշմանդամ զինծառայողներին և հաշմանդամ երեխաներին. առաջնահերթություն տրվում է այն քաղաքացիներին, որոնց հաշմանդամության սահմանման համար հիմք հանդիսացած հիվանդությունը (վնասվածքը) համապատասխանում է տվյալ առողջարանում բուժման հիմնական ուղղվածությանը։ 2013թ. համար առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և ընդհանուր ծրագրի համար ԼՂՀ պետբյուջեից հատկացվել է շուրջ 98 միլիոն դրամ։ Առողջարան մեկնած քաղաքացիների վերջին խումբը կվերադառնա հոկտեմբերի 15-ին։ Առողջարաններից վերադառնալուց հետո քաղաքացիները պետք է նախարարություն ներկայացնեն առողջարանում հաշվառված լինելու օրերի մասին տեղեկանք, իսկ չներկայացնելու դեպքում քաղաքացին կզրկվի հետագայում ուղեգիր ստանալու իրավունքից։
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ