ԴՊՐՈՑԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱՆ
Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում համաքաղաքային ցերեկույթ կազմակերպվեց մայրաքաղաքի հ. 12 հիմնական դպրոցում: Այն Ստեփանակերտի ամենաերիտասարդ կրթօջախն է, որն իր գործունեությունն սկսել է պատերազմի ժամանակ, 1993 թվականին: Սկզբում` Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Խրամորթ, Խնապատ գյուղերից տեղահանված ընտանիքների երեխաների բազայի վրա` կոչվելով Վրեժավանի դպրոց, այնուհետև` զուտ որպես ազատագրված այդ տարածքի Ստեփանակերտի 12-րդ դպրոց:
Խորհրդանշական էր հանրակրթական այս դպրոցում մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառում կազմակերպելը, որին ներկա էին փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանը, քաղաքի մյուս դպրոցների փոխտնօրենները, այդ դպրոցի նախկին տնօրենները: Տարիներ առաջ այս տարածքում օտար շունչ էր թևածում, որը սպառնում էր տարածվել շուրջբոլոր: Հայ զինվորների բազկի ուժով մաքրվեց տեղանքը և աստիճանաբար ստացավ հայեցի դեմք:
Ստեփանակերտի արվարձաններից մեկը համարվող Աջափնյակ այս թաղամասն օրեցօր բարգավաճում է մայրաքաղաքի գրկում: Ապացույցը նախ դպրոցն է, որտեղ գնալով շատանում է երեխաների թիվը: Ինչպես հայտնի է, այստեղ բնակվում են հիմնականում Ադրբեջանի տարբեր վայրերից բռնատեղահանված հայերը և բազմազավակ ընտանիքներ: Վերջինիս դրական ազդեցությունն իրեն զգալ է տալիս: Եթե անցյալ տարի առաջին դասարանում սովորում էր 5 աշակրտ, ապա այսօր` ինը, մյուս տարին ավելի խոստումնալից կլինի, ասաց դպրոցի տնօրեն Էլմիրա Գաբրիելյանը: Եվ ահա ոչ մեծաքանակ այդ դպրոցը (սովորում է 56 աշակերտ) տոնական այդ օրն իր հյուրընկալ հարկի տակ ընդունել էր հյուրերի և գեղարվեստորեն ներկայացնում էր Ստեփանակերտի և առհասարակ Արցախի անցած հերոսական ճանապարհը: Հետաքրքրական է, որ այդ ճանապարհին մի պահ երևում են ֆեսավոր օտարները, որոնք հիացած երկրամասի գեղեցկությամբ, իրենցն են համարում այդ ամենը, բայց հենց տեսնում են հայ զինվորի մարտական կեցվածքը` անմիջապես ճողոպրում են, թողնելով երկիրն իրենց իսկական տերերին: Առավել տպավորիչ էր, որ ծրագիրը ներկայացվեց դպրոցականների և շեֆ զորամասի զինվորների հետ համատեղ` ապացույց դպրոց-բանակ սերտ կապի:
Մեկ ուրիշ կապ` քաղաք-գյուղ, ներկայացվեց միջոցառման երկրորդ մասում` դպրոցի միջանցքում կազմակերված ՙԱշնանային տոնավաճառ՚-ում` երրորդ դասարանցիների մասնակցությամբ: Այստեղ իշխողը հումորն էր: Երեխաները վարպետորեն ներկայացրին շուկայում տիրող հարաբերությունները, գյուղի մարդու կյանքի դժվարությունները, բայց դրա հետ մեկտեղ՝ նրա բարությունը, քաղաքում ապրող իր հայրենակցին օգնելու պատրաստակամությունը և առհասարակ սերը մեր բոլորի հպարտություն, հերոս քաղաք Ստեփանակերտի նկատմամբ:
Կրթության և սպորտի բաժնի վարիչ Կ. Մարգարյանը քաղաքային իշխանությունների անունից շնորհակալություն հայտնեց դպրոցի կոլեկտիվին` բովանդակալից միջոցառման համար:
ՙԱԱ՚