[ARM]     [RUS]     [ENG]

ԻՄ ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ…

Ստեփանակերտը նշեց  իր վերանվանման 90-ամյակը
3.jpgՎերջին տարիներին գեղեցիկ ավանդույթ է դարձել ԼՂՀ մայրաքաղաքի օրվա տոնակատարությունը, ինչն առիթ է անդրադառնալու նրա անցյալին ու ներկային, արժևորելու քաղաքի պատմությունը և անցած ճանապարհը։ 
Մայրաքաղաքի օրվան ու Ստեփանակերտի վերանվանման 90-ամյակին էր նվիրված հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած հանդիսավոր երեկոն, որին ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, աշխատանքի և պատերազմի վետերաններ, պատվավոր ստեփանակերտցիներ, հյուրեր Հայաստանից ու արտերկրից։ 11.JPG
Մինչ երեկոյի մեկնարկը մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոանալու պալատի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ցուցադրված խորհրդանշական 90 նկարները պատմում են հին ու նոր Ստեփանակերտի մասին։ 
Հանդիսավոր նիստին զեկուցումով հանդես եկավ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ 
Պատմական հանգամանքների բերումով 1923 թվականին Ստեփանակերտը հռչակվեց ինքնավար մարզի կենտրոն։ Սակայն քաղաքը, որպես բնակավայր, հնագույն պատմություն ունի։ Ստեփանակերտի տարածքում և շրջակայքում հայտնաբերված հնագիտական հարուստ նյութերը վկայում են, որ այստեղ մարդը բնակություն է հաստատել անհիշելի ժամանակներից, ասաց քաղաքապետը։ Ուշագրավ է այն, որ 1988թ. Ստեփանակերտի Նոր Արմենավան թաղամասում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է քրիստոնեական ժամանակաշրջանի մի ընդարձակ դամբարանադաշտ։ Այն վերաբերում է 6-8-րդ դարերին և իր զուգահեռներն ունի Այրարատում, Շիրակում ու Գուգարքում հայտնաբերված համանման հուշարձանների հետ։ 
47.jpgՉնայած բազում դժվարություններին, մարզկենտրոնի կարգավիճակ ստանալուց հետո Ստեփանակերտում ձեռնարկվեցին լայնածավալ աշխատանքներ։ Արցախի տարբեր գյուղերից Ստեփանակերտ էին գալիս արհեստավորներ, շինարարաներ։ Մեկ տարվա ընթացքում վերականգնվեցին տասնյակ տներ, կառուցվեցին նորերը, անցկացվեց էլեկտրականություն, տեղադրվեց առաջին հեռագրատունը, շրջանների հետ հաստատվեց հեռախոսակապ, բարեկարգվեցին փողոցները։ 1923-24թթ. Ստեփանակերտում հաստատվում են իշխանության մարզային մարմինները, կազմավորվում են նոր հիմնարկներ ու արտադրական ձեռնարկություններ։ Այդ ամենի շնորհիվ քաղաքի ազգաբնակչությունն օրեցօր ավելանում էր։ 1924թ. մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում էր 2467 բնակիչ, իսկ 1939-ին այդ թիվը հասնում էր 10200-ի։ 66666.jpg
Ս. Գրիգորյանի խոսքերով՝ թեև յոթ տասնյակ տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից մոլեգնորեն կիրառվում էր ազգային խտրականության, ճնշման ու հալածանքի քաղաքականություն, բայցևայնպես, Արցախի ժողովրդի համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ Ստեփանակերտը կառուցվել, զարգացել ու որոշակի առաջընթաց է ապրել։ 70-ական թվականներին քաղաքում առկա արդյունաբերական ձեռնարկությունների թիվը հասնում էր 20-ի։ Համախառն արտադրանքով առաջատարը համարվում էր թեթև արդյունաբերությունը։ Արդյունաբերության հաշվեկշռում իրենց ուրույն տեղն ունեին Ղարմետաքսկոմբինատը, կոշիկի ֆաբրիկան, էլեկտրատեխնիկական ու կոնդենսատորների գործարանները, գինեգործարանը, շինանյութերի կոմբիանտը։ Մտավորականների կոչով դրամական հանգանակության շնորհիվ մայրաքաղաքն ունեցավ իր մարզադաշտն ու երաժշտական ուսումնարանը, ապա մարզգործկոմի շենքը, կենտրոնական հրապարակը, մի շարք այլ նշանակալից կառույցներ։
IMG_0081.JPGԶեկուցողն անդրադարձավ Ադրբեջանի հայահալած քաղաքականությանն ու արցախահայության ազգային-ազատագրական պայքարի մանրամասներին` նշելով, որ Ստեփանակերտը դարձել էր ազերիների հիմնական թիրախը՝ մշտապես ենթարկվելով հրետակոծությունների ու ռմբակոծությունների։ Իսկ շուրջ 1300 ստեփանակերտցիներ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրաբերել են ամենաթանկը՝ իրենց կյանքը։ 777_1.jpg
ՙԶինադադարից հետո Ստեփանակերտում մեծ թափ ստացան վերականգնողական աշխատանքները։ Պատերազմի դաժան արհավիրքներն իր վրա կրած քաղաքը Հայաստանի և Սփյուռքի, երկրի իշխանությունների աջակցությամբ սկսեց բուժել իր վերքերը, վերացնել ավերածությունների հետքերը,- ասաց Ս. Գրիգորյանը։- Այսօր քաղաքը գրեթե ամբողջությամբ վերականգնվել ու շարունակաբար առաջընթաց է ապրում՝ ենթարկվելով ակնհայտ փոփոխությունների։ Հիմքով ազգային, բայց և ժամանակակից ճարտարապետական-գեղարվեստական բազմազան հնարքներով նոր բնակելի թաղամասերի, ճանապարհների, մշակութային օջախների, հյուրանոցային համալիրների կառուցմամբ մեր քաղաքն այսօր միանգամայն նոր տեսք է ստացել՚։
Ուրախալի է, որ տարեցտարի նոր հեռանկարներ են բացվում քաղաքի զարգացման համար։ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարի համոզմամբ` այդ առումով բավականին արգասաբեր է Երևանի ու Ստեփանակերտի միջև ձևավորված համագործակցությունը, որի համար հիմք է հանդիսացել անցյալ տարի երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների միջև ստորագրված համաձայնագիրը։
ՙՍտեփանակերտը մեր անկախ պետականության դեմքն ու այցեքարտն է, և համոզված ենք, որ սերունդներն այսուհետ էլ ավելի կարժևորեն ու կսիրեն իրենց մայրաքաղաքը, անձնապես կնպաստեն նրա հետագա զարգացման ծրագրերի իրագործմանը, կառուցապատմանն ու բարեկարգմանը, կանեն հնարավորը, որպեսզի վերածնվող Ստեփանակերտը լինի էլ ավելի գեղեցիկ, հրապուրիչ ու ներդաշնակ՚,- իր խոսքն այսպես ավարտեց քաղաքապետը։ 
Իր ելույթում Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի, ԼՂԻՄ մարզգործկոմի նախկին նախագահ Մուշեղ Օհանջանյանը հատկապես անդրադարձավ իր պաշտոնավարման տարիներին քաղաքի կառուցապատման և բարեկարգման այն լայնածավալ ծրագրերին, որոնք, չնայած Ադրբեջանի իշխանությունների ճնշումներին ու հետապնդումներին, հետևողականորեն իրագործվեցին ու ապահովեցին Ստեփանակերտի առաջընթացը։ 
12.JPGՍտեփանակերտ քաղաքի օրվա և անվանակոչության հոբելյանին նվիրված հանդիսությանը ներկա էր Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, որի կազմում էին ավագանու անդամներ, Հայաստանի շախմատի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ, Երևանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանն ու ՙՍինոփսիս Արմենիա՚ ընկերության նախագահ Հովիկ Մուսայելյանը։ Նրանք իրենց հետ բերել էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես կարևորվում են երկու հայկական հանրապետությունների մայրաքաղաքների փոխգործակցությունը, կապերի ամրապնդումն ու ընդլայնումը։555_1.jpg
Հոբելյանական երեկոն առանց պարգևատրումների չանցավ. քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պատվոգրեր ու արժեքավոր նվերներ հանձնեց քաղաքային համայնքի տարբեր բնագավառների մի խումբ նվիրյալ աշխատակիցների։ 
Տոնական օրվա առիթով ներկաներին ու բոլոր ստեփանակետցիներին օրհնանքի իր խոսքն ուղղեց Արցախի հոգևոր թեմի առաջնորդը։
Հանդիսության մասնակիցները դիտեցին Արցախի մայրաքաղաքի ու նրա բնակիչների մասին պատմող` ԼՂՀ հանրային հեռուստատեսության պատրաստած տեսաֆիլմը։
Երեկոն ավարտվեց տոնական համերգով, որին մասնակցեցին Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները, ՙԱրցախի ձայները՚, ԼՂՀ երգի-պարի պետական համույթը։
Ստեփանակերտի վերանվանման հոբելյանական միջոցառումները շարունակվեցին հաջորդ օրերին։ Հոկտեմբերի 12-ի վաղ առավոտյան Ստեփան Շահումյանի անվան պուրակում տոնական շունչն էր թևածում։ Այստեղ էին նաև Արցախի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների ներկայացուցիչները. ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ նրանք ծաղիկներ դրեցին Ստեփան Շահումյանի հուշարձանին։ 
Պուրակի մերձակայքում Ստեփանակերտի փոքրիկ բնակիչներն իրենց նկարելու շնորհքն էին ցուցադրում։ Նկարների թեմատիկայում գերակշռում էին արևն ու վառ գույները։ Ասել է թե՝ քաղաքի վաղվա տերերն Արցախի ապագան վառ ու լուսավոր են պատկերացնում։ Իսկ շատրվանների մոտ շուրջպարը կրկին մեր միասնությունն է խորհրդանշում։ 
Նույն օրը մայրաքաղաքի Ս. Դավթի-6 հասցեում հանդիսավորությամբ իր դռները բացեց Ստեփանակերտի պատկերասրահը։  222.jpg
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, Վերածննդի հրապարակում աշխույժ եռուզեռ էր. ավանդական դարձած բերքի տոնը, որն ուղեկցվում էր երգ-երաժշտությամբ, բարձրացրել էր մարդկանց տրամադրությունը։ Հանրապետության շրջաններն իրենց հատկացված տաղավարներում վաճառքի էին հանել գյուղատնտեսական տարբեր մթերքներ։ Թերևս գերակշռողը Քաշաթաղի շրջանի գյուղերն էին, որոնց բնակիչների շարքում իրենց ակտիվ մասնակցությունն էին բերել սիրիահայերը։ Ժողովրդի տրամադրությունը կիսելու էին եկել երկրի պետական այրերը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք։
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ