[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

hars.jpgԱրցախը  հզոր է իր  զավակներով, որոնցից  շատերն  իրենց  մատաղ  կյանքը զոհաբերեցին  հանուն  հայրենիքի  անկախացման, այն  զավակներով, որոնք ընտանիքներ պիտի կազմեին, երեխաներ  պիտի ունենային, բայց... չհասցրին։ Արցախը նաև հզոր է ներկայիս  սերնդով, որը  պաշտպանն է իր հողի, իր օջախի։ Հզոր է իր անհատներով, որոնք  ջանք ու եռանդ չեն խնայում  հայրենիքի  բարգավաճման  և զորացման համար։ Արցախը կանգուն է  նորաստեղծ ընտանիքների  կայացմամբ, որոնք  ապրում և արարում են,  դիմանում  ներկայիս  դժվարություններին և չեն լքում մեր  երկրամասը։ Հայրենասիրությունը  սին խոսք չէ, այլ՝ կենսակերպ։
Արցախցուն  շատ բան է ասում  Լևոն  Հայրապետյանի  անունը։  Ես չեմ նշի նրա  կատարած գործերն  իր  հայրենի գյուղի, մեր երկրամասի  համար։ Միայն  այն,  որ 5 տարի առաջ մեծ տոն պարգևեց արցախցուն, բավական  է նրան  մեծ բարերար անվանելու։  Արցախյան  մեծ հարսանիքը կազմակերպվեց  ճիշտ պահին, որպեսզի  տեղաբնակներս  հետևում  թողնենք  պատերազմի  արհավիրքները,  վերականգնենք ավերածությունները,  ունենանք  ՙՍիրահարների պուրակը՚, ամուր կանգնենք  հողի վրա, արտագնա  աշխատանքների  չգնանք, որ տունը լցվի մանուկների  ճիչով,  դպրոցները և մանկապարտեզները  քանակակազմի  պակաս չունենան։ Որ նոր  տներ  կառուցենք, զարգացնենք   տնտեսությունը և նոր  զինվորներով  լրացնենք  պաշտպանության  բանակի  շարքերը։ 
 Ընտանիքները  պետք  է կազմավորվեն  նաև նրանց  փոխարեն, ովքեր  չհասցրին  զգալ  ընտանիք ունենալու  քաղցրությունը։ 
Մեր երախտագիտությունը  Լևոն Հայրապետյանին  և նրա  թիմին՝ մեզ այդ մեծ  ուրախությունը  պարգևելու  համար։ 
 5 տարի առաջ՝ 2008 թ. հոկտեմբերի  16-ին, մայրաքաղաք  Ստեփանակերտն իր  նորապսակներով մի  մեծ  հարսանքատուն  էր հիշեցնում։ Մարզադաշտը  լեփ-լեցուն էր պարողներով  և  հյուրերով, իսկ  կենտրոնում՝  նորահարսերն ու   փեսաներն էին,  երջանիկ  զույգերը, որոնք  բազմահազար  վկաներին  երդվեցին կայուն և օրինակելի  ընտանիքներ  ունենալ։
 Երբեմն միայն մի քայլ է պետք  շատերին երջանկացնելու, որ ինքդ քեզ երջանիկ  զգաս։ Եվ օրինակ ծառայես լավի ու բարու...
Ըստ արժանվույն  գնահատենք  մարդկանց  իրենց կենդանության  օրոք։  Գուցե նրանք  դրա կարիքը ունեն։  Չէ՞ որ  լավ խոսքը սխրանքների կարող է մղել։ 
Լևոն Հայրապետյանի  կյանքը  բարի գործերի  մի ծաղկեփունջ է, որի  նպատակն  արցախցուն  Արցախում  պահելն է։  Ես  շեշտում եմ  այս միտքը, քանզի ներկայումս,  ցավոք սրտի, մեկնողների  թիվն ավելանում է։ 
Ինչքա՛ն լավ կլիներ  նորից  վերապրել  2008-ի հոկտեմբերի  16-ը... 
Իմ դուստրը ՝ Օլգան և փեսաս՝ Արսենը, այդ  հարսանիքի  մասնակիցներից  են։ Ունեն  2 սիրասուն  զավակ, նրանք  ապագա  երկու զինվոր են դաստիարակում։ Հուսով եմ, որ քույրիկ էլ  կունենան։ Թող այդ մեծ հարսանիքի զույգերը  վայելեն ընտանիքի  ջերմությունը,  շատ առողջ ու  ժիր մանուկներ  ծնվեն, իրենք  էլ  տատիկ  ու  պապիկ  դառնան  և ադամանդե  հարսանիքի  օրը բաժակ  բարձրացնեն  ընտանիքի  ամրության  և  հովանավորների  կենացը։ 
 
Մարիետա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ 
ք. Ստեփանակերտ