[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔՈՒՄ

Zina.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, անցած շաբաթ Արցախում էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և Հայաստանում երիտասարդական քաղաքականություն իրականացնող կառույցների ներկայացուցիչները։ Հիմնադրամը Հայաստանի տարբեր մարզերում ունի երիտասարդական կենտրոններ, որոնք էլ տեղերում իրականացնում են բազմապիսի միջոցառումներ։ 
ՀԵՀ-ն նպատակադրվել է իրականացվող ծրագրերում ներգրավել նաև Արցախի երիտասարդներին։ Այդ առումով դեռևս սեպտեմբերի վերջին Վայոց Ձորի երիտասարդական կենտրոնի անդամները ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոնում՚ ( AYDC) հանդիպումներ են ունեցել ԼՂՀ երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկել համատեղ  ծրագրեր և հանդիպմանը ներկա կազմակերպությունների ղեկավարներին հրավիրել մասնակցելու Վայոց Ձորի ՙԵրիտասարդական հավաք- 2013՚ միջոցառմանը։ Ճամբարին մասնակցելու հրավեր ստացան ՙԶեփյուռ՚, ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ (AYDC), ՙՀայկի Սերունդ՚ և ՙԴաշնակցություն՚ կուսակցության երիտասարդական  թևի հասարակական կազմակերպությունները։ Նրանցից  երկուական հոգի կազմեցին Արցախի թիմը և մեկնեցին Եղեգնաձոր՝ մասնակցելու մարզական, մշակութային և այլ  մրցություններով, հետաքրքիր հանդիպումներով և  ծանոթություններով հարուստ երիտասարդական հավաքին, որն անցկացվեց հոկտեմբերի 11-13-ը, Եղեգիս գյուղում տեղակայված ՙՍիրանույշ՚ ճամբարում։ Այն համատեղ կազմակերպեցին Վայոց Ձորի մարզպետարանը և ՀԵՀ Վայոց Ձորի մարզային կենտրոնը։   
ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պետրոսյանի պարզաբանմամբ՝  հիմնադրամի  մասնաճյուղերը  մարզկենտրոններում ունեն  ակտիվ երիտասարդներ, կամավորներ, ովքեր մշտապես մասնակցում են կենտրոնի կազմակերպած միջոցառումներին։ Ու դրանք այնքան էին ծավալվել, որ հասան Արցախ և Արցախի երիտասարդական կառույցներից կազմված մեկ ջոկատ հրավիրեցին Վայոց  Ձորի հավաքին։ 
Միջոցառմանը մասնակցեցին Վայոց Ձորի ինը համայնքներ, երկու բուհեր և Արցախն` իր ջոկատով. ընդհանուր առմամբ՝ շուրջ 100 երիտասարդներ։ Եռօրյա ճամբարը նպատակ ուներ ստեղծել բարեկամական և մրցակցային մթնոլորտ, բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, որպեսզի հետագայում վերջիններիս ընդգրկեն մարզային և հանրապետական զանազան մրցումների ու միջոցառումների։ Հավաքի մասնակիցները կիսվեցին տարբեր ոլորտներում ունեցած իրենց գիտելիքներով, փորձով ու տպավորություններով։ Մշակութային բոլոր մրցույթներն ուղղված էին ազգային արժեքների  պահպանմանն ու տարածմանը։  Ծրագրի կարևոր նպատակներից էր նաև  ստեղծել բարեկամական  հարաբերություններ Վայոց  Ձորի և Արցախի երիտասարդների միջև, նպաստել փորձի փոխանակմանը։ 
Հավաքն ուներ համակարգող ղեկավար մարմին, գեղարվեստական և մարզական խմբերի պատասխանատուներ։ Ընդհանուր առմամբ, կազմակերպվեցին ինտելեկտուալ (բրեյն ռինգ, որի ընթացքում տեղ տրվեց  Հայաստանի  պատմությանը, ականավոր գործիչներին, նրանց գործունեությանը  և այլ տրամաբանական հարցերի) և սպորտային խաղեր (ազգային խաղեր, սեղանի թենիս, շախմատ, պարանի ձգում և այլն)։ Այս միջոցառումների նպատակն էր ձևավորել ու ամրապնդել  թիմային հոգեբանությունը, միասնական ուժ լինելու կարևորությունը։ Մշակութային միջոցառումների շարքում կազմակերպվեցին  երգի, պարի, սանրվածքների մրցույթներ։ Եռօրյա մրցություններում Արցախի ջոկատը գրավեց երրորդ տեղը՝ ստանալով գավաթ։ Առանձին մրցություններում նույնպես արցախցիները զբաղեցրին մրցանակային տեղեր։ Այսպես, ՙԶեփյուռ՚  բնապահպանական կազմակերպությունից Զինա Կաֆյանը սեղանի թենիսի անհատական մրցույթում զբաղեցրեց առաջին տեղը, իսկ դաշնակցության երիտասարդական թևից Սասուն Միրզոյանը՝ առաջին տեղը շախմատի մրցույթում։ ՙԲրեյկ դանս՚ պարի մրցույթում զեփյուռական Զինա Կաֆյանը և Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի անդամներ Գոռ Ղևոնդյանը, Բորիս Գոնչարովը միասին,  ցուցադրելով հիանալի պար, զբաղեցրին  երկրորդ տեղը։ Զ. Կաֆյանի պարզաբանմամբ` նման միջոցառումներում առաջնային տեղ տրվում էր ազգային արժեքներին ու մշակույթին։ Այդ պատճառով էլ, չնայած արցախցիների պարը հիանալի էր, նրանք առաջին տեղը զիջեցին ազգային պար ներկայացնող թիմին։ Ի դեպ, նշենք, որ արցախցիները միջոցառումներին ներկայացել էին հանպատրաստից և տեղեկացված չէին ծրագրին։ Ամեն դեպքում, առաջին անգամ նման միջոցառմանը մասնակցելն ու մրցանակային տեղեր զբաղեցնելը ողջունելի է։ 
 
Զարինե Մայիլյան