[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ԴԻԶԵՆՏԵՐԻԱՅԻ ԴԵՊՔԵՐ

alt 2013 թվականի հոկտեմբեր ամսում մեր հանրապետության բնակչության շրջանում գրանցվել են սուր աղիքային վարակներ։

Ինչպես մեզ տեղեկացրեց ԼՂՀ առողջապահության նախարարության  պետական հիգիենիկ և հակահամաճարակային  տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, հոկտեմբերի 10-28-ն ընկած  ժամանակահատվածում  Ստեփանակերտ քաղաքի նախադպրոցական և ուսումնական հաստատություններից սուր աղիքային վարակով  ԼՂՀ ԱՆ  ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել 45 հոգի, որոնցից 23 երեխայի մոտ լաբորատոր վերլուծությամբ ախտորոշվել է դիզենտերիա հիվանդությունը. մնացածների մոտ սուր աղիքային վարակ էր։  
 Հիվանդների  50%¬ից ավելին վարակվել են շփման, կենցաղային ճանապարհով։ Միաժամանակ  իրազեկվեց, որ  իրավիճակը վերահսկվում է ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից։  Օ. Հարությունյանի  պարզաբանմամբ՝ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, ինչպես նաև համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի  մասնագետների կողմից  սուր աղիքային ինֆեկցիայի օջախներում կատարվում են հակահամաճարակային միջոցառումներ, որոնց արդյունքում Ստեփանակերտ քաղաքում  արդեն գրանցվել է սուր աղիքային վարակների նվազում։ Մայրաքաղաքի  մանկապարտեզներում  սահմանված է կարանտին։ Հանրապետության շրջաններում դիզենտերիայի դեպքեր չեն գրանցվել։
Ընդհանրապես դիզենտերիան հաստ աղու ախտահարմամբ ուղեկցվող սուր կամ քրոնիկական կրկնվող վարակիչ հիվանդություն է։ Բնորոշվում է օրգանիզմի թունավորումով և աղիքային  համախտանիշներով, ինչպես նաև այլ օրգան¬համակարգերի  երկրորդային  ախտահարման  երևույթով։ Տարբերում են մարդու և կենդանիների դիզենտերիա։ Մարդկանց մոտ այն լինում է  բակտերիալ և ամեոբային։ Դիզենտերիայի հարուցիչն արտաքին միջավայր է ընկնում հիվանդի  կղանքի միջոցով և երկար ժամանակ պահպանում  իր կենսունակությունը՝ հատկապես ջրի, կաթի և զանազան սննդամթերքների մեջ։ Այդ վարակի ակտիվ տարածողներ են հանդիսանում  ճանճերը,  իսկ նպաստող գործոնները  բնակչության սանիտարական վիճակի  ցածր մակարդակն ու հիգիենայի կանոնների  խախտումներն են։ Հարուցիչը մարդու օրգանիզմ է թափանցում ջրի, սննդի և կեղտոտ ձեռքերի միջոցով։ Հիվանդության գաղտնի շրջանը  2-3 (1-6 ) օր է։ Հիվանդությունն սկսվում է դողով, որովայնի ստորին հատվածի ցավերով, հաճախակի հեղուկ կղանքով (լորձ, երբեմն  արյան հետքեր) և փսխումներով։ Հիմնականում հիվանդներն ունենում են փսխում, լուծ, ջերմություն,  քնի և ախորժակի խանգարումներ։ Մասնագետները գտնում են, որ ժամանակին պետք է  նշված ախտանշաններով  անձանց հոսպիտալացնել ինֆեկցիոն հիվանդանոց։ Իսկ սննդի արդյունաբերության, պարենային  խանութների, ջրամատակարարման ցանցի և  մանկական  հաստատությունների բացիլակիր աշխատակիցներին անհապաղ պետք է արգելել աշխատել։
Օ. Հարությունյանի  խոսքերով՝  դիզենտերիա հիվանդությունը փոխանցվում է նաև շփման միջոցով։ Այդ առումով մայրաքաղաքի վարակի բոլոր օջախներում իրականացվել են հակահամաճարակային  միջոցառումներ։ Մանրէաբանական հետազոտության նպատակով տարբեր մակերեսներից վերցվել են ջրի նմուշներ, օգտագործվող սննդամթերքներ, ճաշի տեսականիներ։ Տեսչության պետի  հավաստմամբ՝  լաբորատոր հետազոտությունների տվյալներով՝  սննդամթերքներում և ջրի նմուշներում  դիզենտերիայի մանրէներ չեն հայտնաբերվել, բայց մատակարարների տարաների և մանկապարտեզների իրերի լվացուկներում հայտնաբերվել են աղիքային  ցուպիկի մանրէներ։ Այդ պատճառով համաճարակաբանական ցուցումով  հետազոտվել են նաև համապատասխան ոլորտի  աշխատողներ. արդյունքում հայտնաբերվել են դիզենտերիայի մանրէակիրներ։  Այն աշխատողները, որոնց մոտ հայտնաբերվել են  մանրէակիրներ, ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից՝ անհրաժեշտ բուժում ստանալու նպատակով։ 
ԼՂՀ առողջապահության  նախարարության կողմից իրականացվող  աշխատանքների  արդյունքում Ստեփանակերտ քաղաքում  հոկտեմբերի 24-ից  արձանագրվել է սուր աղիքային  վարակի նվազում։ Մասնագետները  խորհուրդ են տալիս  պահպանել անձնական  հիգիենան,  սննդի խոհարարական ճիշտ մշակումը, ինչպես նաև  բարելավել բնակավայրերի ջրամատակարարման  և կոյուղու ցանցի սանիտարական պայմանները։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ