[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ` ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ

6.jpgՎարազաբունցիների տարիների երազանքը` ունենալ Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմում մարտիրոսված համագյուղացիների պատվին հուշարձան, ռուսաստանաբնակ համագյուղացիների աջակցությամբ է կյանքի կոչվել: Հուշարձանի բացմանը ներկա էին նաեւ հանրապետության եւ շրջանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Ու ծաղկեպսակներով և թարմ ծաղիկներով է պատվել հուշարձանը։ 
Հաղթանակների մայիսը Վարազաբունի բնակիչների համար կորուստներով է նշանավորվել: Շուշիի կորստից անմիջապես հետո ադրբեջանական ուժերը գրոհի անցան Ասկերանի ճակատում: Հակառակորդն առաջին անգամ գյուղ մտավ 1992-ի մայիսի 10-ին: 
Թշնամին գյուղից դուրս շպրտվեց հաջորդ օրը՝ իր հետ տանելով գերեվարված 10 կանանց: Նրանց թվում նաեւ Երանիկ Սարգսյանն էր, ով եւ գերվածներից միակ փրկվածն է: Մյուսների ճակատագիրն առայսօր անհայտ է: Հունիսի 12-ին շրջակա գյուղերի հետ Վարազաբունը կրկին գերության մեջ հայտնվեց՝ մինչեւ սեպտեմբերի 4-ը: Հայկական ուժերը կրկին ազատագրեցին գյուղը, այս անգամ` ավերակների վերածված: ՙՀարեւան գյուղում էլի մի 4-5 տուն կարելի էր վերանորոգել եւ այնտեղ ապրել: Վարազաբունում ոչ մի տուն չէր փրկվել՚,- պատմում է Վարդաձորի համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանը: Վարազաբունն այսօր Վարդաձորի հետ մեկ համայնքում է միավորված:
Գյուղը ադրբեջանական հարեւանության դառը պտուղները սկսել էր ճաշակել ավելի վաղ: Ազգային ժողովի նախագահը դա սահմանապահ գյուղերի ճակատագիրն է համարում. ՙԻնչպես բոլոր սահմանապահ գյուղերը՝ Վարազաբունն էլ ոչ թե 1988 թվականից, այլ տասնամյակներ շարունակ ադրբեջանական հարեւանությունից բխող դժվարություններն է կրել, միշտ եղել է լարվածության մեջ, զգացել ոչ բարեկամի ներկայությունը՚:
Գյուղի կորուստների արմատներն անհամեմատ խորն են: Մեծ Հայրենականին 170 զոհ է տվել, Խորհրդային Միության երկու հերոս ունի: Նրանցից մեկի՝ Երեմ Դանիելյանի պատվին ժամանակին արձան էին կանգնեցրել: Ադրբեջանական եռամսյա գերությունից հետո հուշարձանից ոչինչ չէր մնացել: ՙՆոր հուշարձանից շատ չի հեռու մեր գյուղի հերոսներից մեկի հուշարձանի տեղը, որը խորհրդային տարիներին գյուղի ամենապատվավոր վայրն էր համարվում,- տասնամյակների հեռվից հիշողությունների կծիկն է բացում Երանիկ Սարգսյանը:- Տեղն եմ նշում, որովհետեւ ադրբեջանցիները հիմնովին ավերել են հուշարձանը՚:
Նոր հուշարձանը գյուղի բոլոր ժամանակների կորուստներն է խորհրդանշում՝ Մեծ Հայրենականի 170 զոհերը, երկու հերոսները, ազատամարտի 5 զոհերը եւ 9 անհայտ կորածները` մեկ քարեղեն ամբողջության մեջ: Նախաձեռնությունը դեռ 1970-ականներին Պյատիգորսկում հաստատված վարազաբունցիներինն է: ՙՅուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմանում մասնակցել է այս նախաձեռնությանը՚,- անհամեմատ երկար տեւած աշխատանքները մեկ նախադասության մեջ է ամփոփում նախաձեռնության հեղինակներից Ռաֆայել Գրիգորյանը:
Այս նախաձեռնության համար բարերարներից ոմանք վարչապետի հուշամեդալին են արժանացել, ոմանք՝ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պատվոգրին: Ազատամարտիկներին ու նրանց հարազատներին արժեքավոր նվերներ են հանձնվել պաշտպանության նախարարի հրամանով: Հուշարձանի բացման պատիվն էլ նախաձեռնության հեղինակին ու զոհված ազատամարտիկի որդուն տրվեց: ՙԻհարկե, կար այս հուշարձանի անհրաժեշտությունը,- հուզմունքը չի թաքցնում երկու թոռների հետ հանդիսավոր միջոցառմանը ներկայացած Լարիսա Գաբրիելյանը:- Ճիշտ է, գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի, բայց ամենակարեւորը եւ ամենառաջնայինը մեր կորուստները գնահատել կարողանալն է՚:
Բարերարների կապը ոչ թե հիշողությունների, այլ կենդանի մարդկանց հետ է: Նման նախաձեռնությունները հասցեատեր ունեն, հակառակ փոքրաթիվ բնակչությանը՝ Վարազաբունը անհետացող գյուղերի թվում չէ, վստահեցնում է համայնքի ղեկավարը: ՙԱյսօր համայնքն ունի 38 բնակիչ: Երեխաների թիվը հույս է ներշնչում, որ Վարազաբունը դեռ անցնելիք ճանապարհ ունի,- լավատես է Սամվել Սառաջյանը:- Վերջերս գյուղում հարսանիք ունեցանք: Մեկ ընտանիք էլ ավելացավ, ուրեմն՝ մանուկներն էլ կավելանան՚:
Հույս ունեն կառավարության եւ արտերկրում բնակվող համագյուղացիների ջանքերով առաջիկայում կյանքը գյուղում ավելի գրավիչ դարձնել: Համոզված են՝ այդ դեպքում Վարազաբունի բնակիչը բախտն այլ տեղ որոնելու գայթակղությանը չի հանձնվի:
 
Նորայր Հովսեփյան