[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆ

Վարակիչ հիվանդությունների ծանր հետևանքները միշտ էլ իրենց զգացնել են տալիս: Գիտնականների հաշվարկով՝ գոյություն ունի ավելի քան 400 վարակիչ հիվանդություն, որից 200-ը ընդհանուր է մարդկանց և կենդանիների համար: Այդ թվից 150-ը ինֆեկցիոն են, իսկ 50-ը՝ ինվազիոն: 
Մի շարք վարակիչ հիվանդությունների նկատմամբ մեր հանրապետության տարածքը համարվում է խոցելի: 
Հետևաբար՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը պետք է գտնվի համայնքները և ֆերմերային տնտեսությունները սպասարկող անասնաբույժների անմիջական ուշադրության կենտրոնում, հանդիսանա նրանց առաջնահերթ խնդիրներից մեկը: Այս առումով մեծ վտանգ են ներկայացնում հողային ինֆեկցիաները (վարակները), որոնց նկատմամբ ձևավորվել են կայուն համաճարակային օջախներ: Մանրէների շրջապտույտում արդեն ձևավորվել են հիվանդության հարուցիչի կայուն փոխանցման գործոններ այնպիսի վարակների համար, ինչպիսիք են սիբիրախտը, խշխշան պալարը (էմկարը), բրադզոտը և այլն: Ստացիոնար համաճարակային օջախների թվին են պատկանում նաև բնական օջախային վարակիչ հիվանդությունները, մասնավորապես, աուեսկի (կեղծ կատաղություն) հիվանդությունը և դեղնախտը (լեպտոսպիրոզը), որոնց բռնկումը կապված է մկնանման կրծողների, մասնավորապես, առնետների և գետնասկյուռների ակտիվացման հետ: Վերջիններս որոշակի դեր են խաղում ջրի միջոցով վարակը տարածելիս: Նշված հիվանդությունների դեպքում առանձնահատուկ նշանակություն է տրվում նաև մանրէակրությանը և վիրուսակրությանը, ինչը նույնպես պայմանավորում է մշտական համաճարակային օջախների գոյացումը:
Քանի որ վիրուսային հիվանդությունների հարուցիչները որպես ներբջջային մակաբույծներ գոյատևում են միայն կենդանու օրգանիզմում, դրանց դեմ պայքարի միջոցառումներն ավելի դյուրին են և արդյունավետ, քան մանրէական, հատկապես սպորավոր վարակներինը, երբ դրանց սպորավոր ձևերը հողում պահպանվում են տասնյակ տարիներ: Միաժամանակ անհերքելի է այն փաստը, որ այդպիսի մանրէները հողին են փոխանցվում հիվանդ կենդանիներից, դրանցից ստացված մթերքներից, հումքից, ինչպես նաև՝ անկածների (սատկածների) դիակներից: 
Այս հիմնախնդրի լուծման համար չնայած առաջարկվում են տարբեր եղանակներ, սակայն ամենաարդյունավետը կենդանիների ինֆեկցիոն ախտահարման կասեցումն է, որը կապված է գիտականորեն հիմնավորված, կենդանիների զանգվածային վակցինա-ախտականխման (պրոֆիլակտիկայի) հետ:
Անշուշտ, կարևորվում է անասնաբուժասանիտարական հսկողությունը կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխումների, ինչպես նաև կենդանիների սպանդի, սպանդային մթերքների վերամշակման, պահպանման և առևտրի վրա: Ինչ խոսք, կարևորվում է նաև անասնագերեզմանոցների առկայությունը համայնքներում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հանրապետության տարածքում միայն մի քանի վարակիչ հիվանդությունների նկատմամբ են նախատեսվում հակահամաճարակային ծրագրային (պլանային) միջոցառումները, նպատակահարմար ենք գտնում համառոտակի կանգ առնել դրանց վրա: Ամենակարևորներից առաջինը ցանկանում ենք նշել սիբիրախտը, մի հիվանդություն, որը վերջերս Հայաստանի մի շարք շրջաններում (Լոռի, Շիրակ) արձանագրվել է համայնքի ղեկավարների և համայնքները սպասարկող անասնաբույժների անբավարար աշխատանքի պատճառով (համայնքներում կենդանիների ոչ ճիշտ հաշվառման, անտեղի թաքցման, հետևաբար՝ անասնաբուժական կանխարգելիչ միջոցառումներ՝ վակցինացում չկատարելու): Հիվանդներ կան նաև մարդկանց շրջանում:
Սիբիրախտ հիվանդությունը բնորոշվում է սեպտիցեմիայով, օրգանիզմի ընդհանուր ջերմաստիճանի բարձրացմամբ, մարմնի տարբեր հատվածներում կարբունկուլների (բորբոքային գործընթացների) առաջացմամբ: Հիվանդության հարուցիչի շտեմարան է համարվում հողն այն վայրերում, որտեղ թաղվել են սիբիրախտից սատկած կենդանիների դիակները: Ընկալունակության տեսակետից առաջնակարգ տեղ են զբաղեցնում խոշոր և մանր եղջերավորները, այնուհետև ձիերը և թռչունները, իսկ խոզերը, շները և կատուներն ունեն որոշակի կայունություն: Մարդը ևս խիստ զգայուն է սիբիրախտ հիվանդության նկատմամբ: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 1-3 օր:
Հիվանդությունը սովորաբար ընթանում է սուր, ենթասուր և կաթվածի (ապոպլեքսիկ) երևույթներով, կենդանու հանկարծակի անկումով: Արտաքինից միանգամայն առողջ թվացող կենդանին հանկարծ սատկում է: Սատկած կենդանու բերանից, քթից և ուղիղ աղիքից արտազատվում է փրփրախառն արյուն: Որպես կանոն՝ սիբիրախտից սատկած կենդանու դիակը չի երաշխավորվում հերձել՝ վարակը չտարածվելու համար: Սիբիրախտից սատկած կենդանու մոտ մյուս հիվանդություններին  հատուկ դիակային փայտացում չի լինում: Սիբիրախտ հիվանդության ժամանակ արյունը չի մակարդվում, փայծաղը կենդանու մոտ այն աստիճանի է մեծանում, որ երբեմն պայթում է:
Սիբիրախտ հիվանդության ախտորոշումը կատարվում է համաճարակաբանական տվյալների, կլինիկական նշանների, ախտաբանական փոփոխությունների և հիմնականում լաբորատոր հետազոտությունների միջոցով:
Վարակիչ հիվանդության դեմ պայքարի գործում գլխավոր ուշադրությունը պետք է դարձնել ճշգրիտ ախտորոշումը ժամանակին տալու  վրա: Հիշել՝  ճիշտ և ժամանակին ախտորոշումը լիարժեք բուժման նախապայմանն է: Ինչպես սիբիրախտի, այնպես և մյուս վարակիչ հիվանդությունների յուրահատուկ կանխարգելումը կատարվում է վակցինաթերապիայի միջոցով: 
Մի ավելորդ անգամ ցանկանում եմ նշել, որ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը պետք է գտնվի համայնքը սպասարկող անասնաբույժի ուշադրության կենտրոնում: Համայնքները և ֆերմերային տնտեսությունները սպասարկող անասնաբույժները միշտ պատրաստ պետք է լինեն իրենց պարտականությունների կատարմանը, առավել ևս, որ նրանք գործ ունեն կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման հետ: 
 
Էդվարդ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի 
ԳՀՀ բաժնի մասնագետ