[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՏՈՒՐԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ

IMG_6082.JPGԻնչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 12-ին ՙՎալեքս Գարդեն հոթել՚ ընկերության կողմից Ստեփանակերտում կազմակերպվել էր համաժողով՝ նվիրված Արցախում զբոսաշրջության զարգացման թեմային։ Համաժողովին ներկայացել էին հայաստանյան խոշոր տուրգործակալությունների գրեթե բոլոր ղեկավարները, ոլորտում գործունեություն ծավալող այլ անհատներ, ինչպես նաև ԼՂՀ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։

 Նրանցից մի քանիսի տպավորություններն ու տեսակետները  թեմայի շուրջ ՙԱզատ Արցախը՚ ներկայացնում է ընթերցողներին։

Սերգեյ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ, ԼՂՀ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ.

- Ողջունելի նախաձեռնություն է։ Ընդհանրապես մենք ձգտում ենք ոլորտում գործունեություն ծավալող անհատների՝ Արցախ կատարելիք այցերը դարձնել պարբերական ու հաճախակի։ Նման համաժողովների կարևորությունն ընդգծվում է նրանով, որ հնարավորություն է ստեղծվում նախ զբոսաշրջային ոլորտի աշխատողներից իմանալ տեսակետներ մեր աշխատանքի, մեր երկրի դրական և բացասական կողմերի մասին։ Համաժողովի ընթացքից երևում էր, որ այն շատ կառուցողական պիտի լիներ։ Հնչեցին բավականին տրամաբանական առաջարկներ, բարձրացվեցին խնդիրներ, որոնց լուծումը պարտավոր ենք գտնել։ Միաժամանակ  նաև մակերեսային գաղափարներ արծարծվեցին։ Այնպես որ, պետք է վերլուծենք, ի մի բերենք ամբողջ տեղեկատվությունը և գտնենք օպտիմալ տարբերակներ՝ մեր երկրի զբոսաշրջային իմիջը բարձրացնելու և խնդիրները լուծելու տեսանկյունից։ Սթափ  պետք է ուսումնասիրել դրանք, և այն առաջարկները, որ կիրառելի են, անպայման կընթացքավորվեն։ 
Մեզ, իհարկե, չեն բավարարում Արցախ այցելող զբոսաշրջիկների առկա ցուցանիշները (չնայած ամեն տարի դրանք աճում են)։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այն բազմապատկվի, միաժամանակ դրական միտումներ արձանագրվեն նրանց սպասարկման մակարդակում։ Հավատացեք, պետությունն այդ ուղղությամբ  հսկայական ջանքեր է գործադրում։
Միքայել ՂԱԼՈՒՄՅԱՆ, ՙՎալեքս Գարդեն հոթել՚ ընկերության տնօրեն.
- Վաղուց ցանկանում էինք նման միջոցառում կազմակերպել։ Նպատակը տուրգործակալներին  զբոսաշրջային Արցախին ծանոթացնելն էր, քանի որ նրանց, որ ամբողջ Հայաստանին աշխարհի տարբեր երկրներ տուրփաթեթներ են վաճառում և կարող են օգտակար լինել Արցախում զբոսաշրջության զարգացման առումով, գրեթե 90%-ը Արցախում չի եղել և, բնականաբար, պատկերացում ունենալ չի կարող, որ փոխվել է երկիրը, զարգացել է, կան հնարավորություններ՝ հարմարավետություն ապահովել զբոսաշրջիկի համար, կան տեսարժան վայրեր, մի խոսքով՝ այն, ինչի համար զբոսաշրջիկը պատրաստ է վճարել։ Նաև մենք փորձեցինք այդ ամենի մեջ մեզ ներկայացնել։ Կարծում եմ՝ ստացվեց։ Մենք հյուրերին տանելու ենք Արցախի տեսարժան վայրերը. կարծում եմ, նրանք Արցախից մեծ տպավորություններով կհեռանան։
Ելենա ՇՈՒՎԱԵՎԱ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՙԸՐՎպվՌÿ ՑցՐՌրՑՌփպրՍՈÿ՚ ամսագրի գլխավոր  խմբագիր.
- Ես այս խմբից քիչ ավելի վաղ եմ այցելել Արցախ և, նրանցից շատերի համեմատությամբ, առաջին անգամ չէ, որ այստեղ եմ։ Ներկայիս իմ այցը Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև համագործակցության շրջանակներում է կայացել, համաձայն որի Երևանի քաղաքապետարանը պարտավորություն է վերցնում հիմնադրել զբոսայգի։ Նրանց կողմից նախագիծ է կազմվել, որը ներկայացվել է Ստեփանակերտի քաղաքապետին։ Ես մասնակցել եմ այդ երկու կառույցների կազմակերպած կլոր սեղանին, որից հետո երկարաձգել եմ իմ արցախյան գործուղումը՝ այս ֆորումին մասնակցելու համար։
Արցախով շատ եմ ճամփորդել, քանի որ ես նաև հրապուրված եմ լեռնագնացությամբ, իսկ դրա համար ավելի լավ վայր, քան Լեռնային Ղարաբաղն է, դժվար թե գտնես։ Լեռնային Ղարաբաղն ինձ վրա մեծ տպավորություն է թողել հենց սկզբից։ Զարմանալին այն է, որ ամբողջ աշխարհն այսօր ղարաբաղյան հարց է լուծում, մինչդեռ ղարաբաղցիներն իրենց համար վաղուց լուծել են այդ հարցը և այսօր պարզապես ապրում են այս հրաշք երկրում։ Ցավոք, շատ զբոսաշրջիկների համար Արցախն այսօր ռազմական գոտի է պատկերանում։ Որոշ զբոսաշրջիկներ ինձ նույնիսկ հարցրել են՝  ճի՞շտ է, որ Լաչինի միջանցքը մի նեղ ճանապարհ է, որը վերահսկվում է զինված ուժերի կողմից, իսկ Ղարաբաղը պատերազմական գոտի է, և այնտեղ գտնվելն անվտանգ չէ։ Ես, իհարկե, բացատրել եմ, որ դա այդպես չէ. միաժամանակ իմ պարտքն եմ համարում ավելի լայն զանգվածների իրազեկել այս երկրի պատմությանն ու տեսարժան վայրերի մասին։   
Կամելա ՂԱՐԱԽԱՆՅԱՆ, ՙՏաթև՚ տուրգործակալության մենեջեր. 
- Ընկերությունում աշխատում եմ շուրջ 14 տարի։ Ինքն ընկերությունն ունի 21 տարվա անցյալ, ՀՀ անկախությունից անմիջապես հետո է հիմնադրվել իրանահայ գործարարի կողմից։ Ես Իրանից եմ, տեղափոխվել եմ Հայաստան 15 տարի առաջ։ Առաջին խումբը, որ մեր ընկերությունն Արցախ է բերել շուրջ 12 տարի առաջ, 48 հոգուց էր բաղկացած։ Այն ժամանակ  հյուրանոցներ գրեթե չկային Արցախում,   շատ թե քիչ հարմարավետ հյուրանոցը ՙՆաիրին՚ էր։ Բավականին լավ տպավորություններ ստացան զբոսաշրջիկները դեռ այն ժամանակ։ Դրանից հետո պարբերաբար խմբեր ենք բերում, և ամեն անգամ տպավորություններն ավելի ու ավելի վառ են լինում։ Հիմա Հայաստանում մի քիչ այլ է իրավիճակը.  զբոսաշրջիկներն ուզում են ավելի շատ դեպի դուրս գնալ, քան ներս գալ. այսպես ասենք։ Բայց մենք էլի հավատարիմ ենք, և ամսվա մեջ 1-2 խումբ բերում ենք Արցախ։ Ինչ վերաբերում է եվրոպացի զբոսաշրջիկներին, եթե նրանց տուրփաթեթը գոնե 1 շաբաթ ժամկետ է ունենում, Արցախն անպայման ընդգրկում ենք։ Միշտ էլ մեծ տպավորություններով են վերադառնում։ Միակ խնդիրը, որ առաջանում է, ճանապարհի երկարությունն է. խոստովանենք, շատ հոգնեցուցիչ է Երևան-Ստեփանակերտ մայրուղին, և հյուրերը դժվարությամբ են հաղթահարում այն։ Իսկ փոքր խմբերի համար կարևոր է ուղեկցորդի հարցը, որը ևս շտապ լուծում է պահանջում։ Ս. Շահվերդյանին ես առաջարկեցի իրենց կայքում տեղադրել ուղեկցորդների ցանկը, եթե նրանք կան, քանի որ մենք չգիտենք, ում դիմել՝ նման ծառայություն ստանալու համար։ Կարծում եմ, համագործակցելով, մենք կարող ենք ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը։ 
Զարա ԱԴԱՄՅԱՆ, ՙSakvoyaj travel՚ գործակալության ներգնա տուրիզմի գծով մենեջեր.
- Զբոսավարների հարցն, իմ կարծիքով, հրատապ լուծում է պահանջում։ Պետք է այս հարցում ՀՀ գործակալությունները համագործակցեն ԼՂՀ ոլորտի պատասխանատուների հետ, նաև ուսումնասիրեն և կիրառեն արտասահմանյան փորձը։ Ցանկալի է, որ զբոսավարները տեղացի լինեն։ Մի կարևոր հանգամանք էլ կա, գուցե մի քիչ ավելի հետագայի հարց է՝ զբոսաշրջիկները ոչ թե գան Հայաստան ու ընթացքում այցելեն Արցախ, այլ Արցախը դիտարկեն որպես առանձին զբոսաշրջային օբյեկտ։ Այսօր էլ կան անհատներ, որոնք այն դիտարկում են հենց այդպես։ Այդ պրակտիկան պետք է զարգացնել։
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ