[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՙWorld travel Market-London՚ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՑ

turizm_london.jpgՆոյեմբերի սկզբին Արցախը ևս ընդգրկվեց հերթական միջազգային ցուցահանդեսում։ Այս անգամ պատվիրակության կազմում երկու հոգի էին՝ ԼՂՀ  ԿԱ  զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետի օգնական Արտակ Գրիգորյանը և ՙԼՂՀ զբոսաշրջության զարգացման գործակալություն՚ հասարակական կազմակերպության տնօրեն Գալինա Սիմոնյանը։ Մեր տաղավարին ծանոթանալու հնարավորություն ունեցան ՙWorld travel Market-London-2013՚ ցուցահանդեսի կազմակերպիչներն ու հյուրերը։ 
Ընդհանրապես նման ցուցահանդեսները և միջազգային համագործակցությունը մեծ խթան են ԼՂՀ-ի՝ միջազգային զբոսաշրջային շուկային ինտեգրվելու, զբոսաշրջային ռեսուրսների ներկայացման և քաղաքական քարոզչության առումով։ Ինքը՝ լոնդոնյան այդ ցուցահանդեսը, եվրոպական տարածաշրջանի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից է։ 
Ա. Գրիգորյանի տեղեկատվությամբ, այս տարի  ՙWorld travel Market-London՚ ցուցահանդեսին մասնակցեց 49 հազար հոգի՝ 5000 զբոսաշրջային ընկերություններից և 197 երկրներից։ Նա նաև տեղեկացրեց, որ մեր տաղավարը ձևավորված էր ուրույն տեսքով և մեծ հետաքրքրություն էր առաջացնում այցելուների շրջանում։ Բոլոր նյութերը շատ կարճ ժամանակում սպառվել էին. նպաստել էր նաև ԼՂՀ տաղավարի բարենպաստ դիրքը։ Այս անգամ, բացի տպագրական ու գովազդային նյութերից, Արցախի զբոսաշրջային ռեսուրսների մասին պատմող վավերագրական ֆիլմի սկավառակներից, ներկայացվել էր նաև, այսպես կոչված՝ ՙՎիրտուալ տուր՚ ծրագիրը, որի շնորհիվ այցելուները հնարավորություն ունեցան վիրտուալ շրջագայություն կատարել Ստեփանակերտում, ՙայցելել՚ Գանձասար և Շուշի։ Ա. Գրիգորյանի դիտարկմամբ, տարեցտարի ավելանում են Արցախով, Արցախի տաղավարով հետաքրքրվողները։ ՙՈւրախալի է նաև այն փաստը, որ շատերը մեր տաղավարին մոտենում էին՝ նախապես իմանալով Արցախի մասին,- ասաց Ա. Գրիգորյանը։- Այսինքն՝ կոնկրետ նպատակով էին այցելում տաղավար՚։ Այս անգամ,  նրա խոսքերով, գործնական առաջարկություններով, կոնկրետ պայմանավորվածություններով մոտեցողներն էլ շատ էին, որոնց մի մասը զբոսաշրջային ոլորտի ընկերություններ էին։ Կոնկրետ առաջարկներից Ա. Գրիգորյանն առանձնացրեց այն, որ ռուսական ՙԷյ-թի-ջի՚ հեռուստաընկերության կողմից առաջարկվել է վավերագրական ֆիլմ նկարահանել Արցախի մասին, իսկ գերմանական հայտնի մարքետինգային ընկերություններից մեկի կողմից՝ Karabakh.travel կայքի տարածաշրջանային համապատասխանեցում (լոկալիզացիա) և թարգմանում մի քանի լեզուներով։ Աշխատանքներն սկսելու մասին նախնական պայմանավորվածություն արդեն կա։ 
Մեր հարցին, թե ինչպես է այս անգամ իրեն դրսևորել ադրբեջանական կողմը, որը միշտ փորձում է խոչընդոտել արցախյան տաղավարի  գործունեությանը, Ա. Գրիգորյանն ասաց, որ ցուցահանդեսն այս առումով անցել է առանց միջադեպի։ Ճիշտ է, ամեն անգամ Ադրբեջանի հիստերիան վերածվում է գովազդի՝ մեզ համար։ Այս անգամ էլ Ադրբեջանն իր տաղավարում կախել էր ինտերակտիվ քարտեզ, որտեղ առանձին ներկայացված էին նաև ՙՀայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքները՚, բայց դա նույնպես ի նպաստ մեզ էր աշխատում, քանի որ մարդիկ այդպիսով հետաքրքրվում էին Ղարաբաղով և նրան ծանոթանում մեր տաղավարում։
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ