[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԵՐԶԱՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Այսօր շաքարային դիաբետը ուռուցքներից և սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից  հետո 3-րդ հիվանդությունն է, և դրանց, միասին   վերցրած, բաժին է ընկնում  ամբողջ աշխարհի հաշմանդամության և մահացության ամենամեծ  տոկոսը: Շաքարային դիաբետը ոչ միայն բժշկական, այլև սոցիալական լուրջ խնդիր է աշխարհի բոլոր երկրների  առողջապահության  համակարգերի համար: 
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված՝ շաքարային դիաբետով հիվանդների թիվն արդեն անցել է 66000-ից, իսկ ԼՂՀ-ում նրանք կազմում են մոտ 2400:
Շաքարային դիաբետի դեմ պայքարի խնդիրները ներկայումս  ավելի արդիական են, քան երբևէ: Նրա կանխարգելմանը, դեղորայքային  առավել արդյունավետ քաղաքականության մշակմանն ու բուժման ժամանակակից մոտեցումների քննարկմանն էր նվիրված օրերս Ստեփանակերտ քաղաքի ՙԱրմենիա՚ հյուրանոցային համալիրի կոնֆերենց-դահլիճում կայացած սեմինար-խորհրդակցությունը: 
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, համակարգի բժիշկ-ներզատաբաններ, նախարարության այլ պատասխանատուներ:
Նախարար Զ. Լազարյանը, ողջունելով ներկաներին՝ հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր ներզատաբան Էդվարդ Թորոմանյանին և ՙՍանոֆի ավենտիս՚ դեղագործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությանը՝ սեմինար-խորհրդակցություն կազմակերպելու  նախաձեռնության համար:
 Ծավալվեց մասնագիտական փորձի փոխանակմանը միտված հետաքրքիր քննարկում՝ հարց ու պատասխանի տեսքով: Էդվարդ Թորոմանյանը, բժիշկներին հուզող հարցերի շուրջ պարզաբանումներ տալով՝ նշեց, որ արդեն մշակման փուլում են շաքարային  դիաբետով հիվանդների վարման ուղեցույցները:
Նշենք, որ ԼՂՀ-ում շաքարային դիաբետով հիվանդները գտնվում են պետական հոգածության ներքո, ներզատաբանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է անվճար հակադիաբետիկ դեղորայք՝ հաբեր և ազդեցության տարբեր տևողության ինսուլիններ:
2013 թվականին ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից նշված դեղորայքի ձեռքբերման համար ծախսված գումարի չափը կազմել է 114 106 հազ. դրամ
 
Անահիտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ