[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑԻՆ ՀԻՄՆԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ

altԱմբողջ աշխարհում է աղբահանության խնդիրն արդիական ու  հրատապ: Եթե քաղաքակիրթ երկրներում մտածում են աղբի ծավալները նվազագույնի հասցնելու մասին` որպես երկրորդային հումք օգտագործելու ուղիներ փնտրելով, և խնդիրը դիտարկում  էկոհարթությունում, ապա մեզանում դեռևս  մտահոգիչ է աղբը տնից, ասել է թե` բնակավայրից, փողոցից դուրս թափելու խնդիրը. այն դրվում է սանիտարահիգիենիկ մակարդակով: Թեպետ պետք է ասել, որ մեզ մոտ ևս աստիճանաբար քայլեր են արվում առաջին տարբերակի  իրականացման ուղղությամբ: 
Ստեփանակերտի փողոցներում կարելի է տեսնել հատուկ արկղեր` պլաստիկ շշերի համար: Հավանաբար, կգա  նաև թղթի թափոնի, մետաղի ջարդոնի հերթը:  Պետք է ասել, որ մեր մայրաքաղաքն աչքի է ընկնում իր մաքրությամբ (իհարկե, եթե մի կողմ թողնենք ծայրամասերը): Դա  նկատում են նաև հյուր եկած մարդիկ, որոնք միշտ ընդգծում են այդ փաստը: Բայց, ցավոք, քաղաքից դուրս գալուց` գլխավոր աղբավայրն անցնելուց  որոշ ժամանակ մեզ   ուղեկցում են վառած  աղբի տհաճ հոտով ծխածածկույթը, ծառերին ու թփերին թառած պոլիէթիլենե տոպրակները,  ճանապարհին ընկած պլաստիկ շշերը և այլն: 
Աղբահանության խնդիրն ավելի սուր է շրջաններում: Վերջերս ԼՂՀ վերահսկիչ պալատը քննարկեց քաղաքային մի շարք համայնքներում և նրանց ենթակա  կազմակերպություններում իրականացրած ստուգումների արդյունքները: Արձանագրվել է, որ բնակչությունից աղբահանման դիմաց վճարների հավաքագրումը կատարվում է գրեթե կիսով չափ, ուստի  և կոմունալ տնտեսություններն աշխատում են վնասով: Ստուգման պահին դրությունը մնում էր լարված, ինչի մասին էր վկայում դեբիտորակամ և կրեդիտորական պարտքերի շարժընթացը: Նշվել էր, որ շուրջ 400 մլն դրամ ապառքները, որոնց մի մասը աղբահանության դիմաց պարտքերն են, մարել է պետությունը: Բայց դա հարցի լուծման ամենալավ տարբերակը  չէ, քանզի պետության կողմից կոմունալ ծառայությունների դիմաց կուտակված պարտքերի մարումը հիմք չի տալիս մտածել, որ հաջորդ տարի ապառքներ չեն գոյանա: Վերահսկիչ պալատը եզրակացության մեջ  արձանագրել էր, որ նման վիճակի հիմնական պատճառները  կոմունալ տնտեսությունների ծառայություններից օգտվող բաժանորդների հստակ հաշվառման, նրանց հետ իրավական ուժ ունեցող պայմանագրերի բացակայությունն է, վճարումների սկզբնական փաստաթղթերի ոչ հստակ վարումը կամ դրանց բացակայությունը, ինչպես նաև հայցային վաղեմության ժամկետներում իրավունքների դատական պաշտպանությունից չօգտվելը: Նշվել էր, որ կոմունալ տնտեսությունների վնասով աշխատելու պատճառները պետք է վերացվեն մի քանի աստիճանում` սկսած օրենսդրական կարգավորումից, մինչև անհրաժեշտ նյութական բազայի ապահովումը: 
 Օրերս գործուղման  մեջ լինելով՝ հետաքրքրվեցինք Մարտունի քաղաքի, ՙԿոմունալ տնտեսություն՚ ՓԲԸ-ի վիճակով: Տնօրեն Փայլեր Հարությունյանը, որը նոր է նշանակվել այդ պաշտոնում (երկու շաբաթ առաջ), լավ չէր տեղեկացված թվերին կամ գուցե չցանկացավ անդրադառնալ նախկին տնօրենի թողած պարտքերին` ասելով, որ հաշվապահը գտնվում է արձակուրդում: Ճիշտը որ ասենք, մենք էլ այնքան շահագրգռված չէինք  խորանալու թվերի մեջ, քանզի մեր  նպատակը դա չէր (այդ բոլոր տվյալները կան Վերահսկիչ պալատի կայքէջում), այլ թե ստուգումից հետո ինչ միջոցներ են  ձեռնարկվել ստեղծված վիճակից դուրս գալու համար: 
Կոմունալ տնտեսությունը զբաղվում է, ինչպես նշեցինք, քաղաքի աղբահանության և սանմաքրման ու կանաչապատման աշխատանքներով: Վերջինիս համար ֆինանսավորվում է պետբյուջեից, իսկ աղբահանությունը կատարվում է բնակչությունից և  ֆիզիկական ու իրավաբանական անձանցից` ծառայությունների դիմաց  կատարվող վճարումների հիման վրա: Նոր տնօրենի առաջին գործը եղել է պայմանագրերի կնքումը նրանց հետ: Բարեխիղճ բաժանորդներն առանց պայմանագրի էլ կատարում են վճարումները, իսկ անբարեխիղճների նկատմամբ, տնօրենի խոսքերով,  ոչ մի լծակ չկա ազդելու, ինչպես լույսի կամ գազի դեպքում է, երբ հնարավոր է բաժանորդին դրանցից զրկել` չվճարելու դեպքում: Իրավական դաշտում գործելիս  հնարավոր կլինի բաժանորդի հետ խոսել օրենքի լեզվով: Արդեն 350  ընտանիքի հետ կնքվել են պայմանագրեր, և գործընթացը շարունակվում է: Խնդիրը նաև այն է, որ ստուգող մարմիններն իրենց հաշվետվությունները կազմելիս հաշվի են առնում   գրանցվածների քանակը, բայց փաստացի այդքան մարդ չկա, և  պայմանագրերը կնքելիս այդպիսով նաև ճշտվում են այդ թվերը: 
Քաղաքում գործում են 70-ից ավել հիմնարկ-ձեռնարկություններ, որոնց հետ նույնպես ՙԿոմունալ տնտեսություն՚ ՓԲԸ-ն պայմանագրեր չուներ: Կամավորության  սկզբունքով ով ցանկացել` վճարել էր աղբահանության դիմաց, ով չէր ցանկացել` չէր վճարել: Այսօր էլ որոշ ՙԱՁ՚-եր, ինչպես նաև սեփական տներում բնակվողներ չեն ուզում պայմանագիր կնքել` պատճառաբանելով, որ իրենք են իրենց ուժերով իրականացնում   աղբահանությունը:  Տնօրենի խոսքերով՝ դա անթույլատրելի է երկու հանգամանքով. նախ` որ նրանք աղբը տանում-թափում են որտեղ պատահի, միայն թե իրենցից հեռու լինի,  իսկ եթե թափում էլ  են թույլատրելի վայրում` դրա իրավունքը չունեն, քանի որ տվյալ տարածքի վարձակալը ՙԿոմունալ տնտեսությունն՚ է, ինչի համար նա հարկ է տալիս պետությանը: 
Սակայն այս խնդիրները չնչին են այն բանի համեմատությամբ, որն առնչվում է աղբահան մեքենայի հետ: Բանն այն է, որ եթե անգամ բոլորը  պայմանագիր կնքեն, ՙԿոմունալ տնտեսությունը՚ ի վիճակի չէ նրանց սպասարկել ունեցած տեխնիկայով: Այս անգամ օրենքի լեզվով ինքը պիտի պատասխան տա բաժանորդներին` պատշաճ ծառայություն չիրականացնելու համար:   Ձեռնարկությունն ունի ընդամենը մեկ աղբահան և  վարձակալած մեկ ՙԳազ-53՚ մեքենա, որը մինչև կեսօր է աշխատում:  Մեկ մեքենան ամբողջ օրն աշխատելու դեպքում հասցնում է 30 աղբարկղ թափել, իսկ քաղաքում ներկա դրությամբ  տեղադրված է 140 աղբարկղ: Տնօրենի կարծիքով, եթե իրենց տրամադրության տակ ունենան թեկուզ  ևս մեկ աղբահան մեքենա,  կկարողանան  որոշակիորեն բարելավել քաղաքի 
աղբահանության գործը: Լրացուցիչ մեկ մեքենան ուղղակի անհրաժեշտություն է: Այդ օրը, երբ մենք գտնվում էինք շրջկենտրոնում, նորանշանակ տնօրենը փոխքաղաքապետի հետ նոր էր վերադարձել շրջայցից, տեսել են, որ չդատարկված աղբարկղեր շատ կան քաղաքում, ինչը ոչ միայն տգեղ է՝ որպես տեսարան, այլև` վտանգավոր բնակչության առողջության պահպանման տեսակետից:
 Մարտունում ևս  արդեն մտածում են աղբը նվազեցնելու մասին, այնտեղ էլ կան տեղադրված պլաստիկ շշերի համար արկղեր: Բայց Փ. Հարությունյանը կարծում է, որ բնակչության հետ  բացատրական աշխատանքի, նրանց գիտակցությունը բարձրացնելու մեծ կարիք կա: Դա վերաբերում է ոչ միայն աղբն արկղի մեջ թափելուն, այլև կենցաղային աղբը բանջարանոցային թափոններից զատորոշելուն: Պարտադիր չէ դրանք  մինչև աղբարկղ հասցնել, երբ կարելի է նաև տեղում վառել:   Բանն այն է, որ խոտերը, երկաթի կտորները, քարերը փչացնում են  աղբահան` առանց այն էլ միակ մեքենան: ՙԲնակչության մեջ նաև աղբահանության մշակույթ պետք է ձևավորել. ինչպես սովորեցնես, այնպես էլ կգնա՚ ,-կարծում է կոմունալ տնտեսության տնօրենը:                                               
 
Սվետլանա  ԽԱՉԱՏՐՅԱՆ