[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

 altԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ 2013 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում առավել ակտիվորեն շրջանառվել են գրիպի Բ տեսակը, Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները։ ԱՀԿ¬ի տվյալներով՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային վիճակը լարված չէ։ Իսկ Ռուսաստանի Դաշնության մի շարք վարչական միավորումներում արձանագրվել է սուր շնչառական վարակների սեզոնային աճ։ 

 

Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ¬ում գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է։ Պարզապես դիտվում է սեզոնային բնականոն ընթացք։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ ԼՂՀ առողջապահության նախարարությունը նոյեմբերի 1-ից հանրապետությունում իրականացնում է գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների մշտադիտարկումներ։ Լաբորատոր հետազոտություններով դրական նմուշների թիվը եղել է բավականին ցածր, ինչը բնորոշ է և՜ ընթացիկ,   և՜ անցած սեզոններին։ Դիտարկման արդյունքներով՝ երկու հայկական հանրապետություններում նոյեմբեր ամսին սուր-շնչառական վարակների հիվանդացության աստիճանը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակի վրա է։ 
ԼՂՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի պարզաբանմամբ՝ 2013թ. նոյեմբեր ամսին գրանցվել է վերին շնչառական ուղիների 1700 հիվանդության դեպք, որից 1286-ը (75,7%)՝ մինչև 18 տարեկան երեխաների շրջանում։ 2012 նույն ամսվա համեմատությամբ գրանցված դեպքերի թիվը մնացել է նույն մակարդակին։ Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում նոյեմբերին հոսպիտալացվել է սուր-շնչառական վարակներով 40 հիվանդ (մինչև 18 տարեկաններ)։ Դիտարկումները շարունակվում են նաև հանրապետության նախադպրոցական և ուսումնական հաստատություններում։ Հակահամաճարակային տեսչություն հաղորդած տվյալների համաձայն՝ նշված հաստատություններում հիվանդության պատճառով բացակաների թիվը կազմում է 4¬9 %։ 
ԼՂՀ առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով գրիպի և սուր-շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, հորդորում է գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, ուսումնական հաստատություններ, հասարակական վայրեր։ Զանգվածային միջոցառումներին մասնակցելը կարող է դառնալ հիվանդության տարածման ու նոր դեպքերի առաջացման պատճառ։ Մասնագետները զգուշացնում են, որ անհրաժեշտ է կիրառել կանխարգելիչ միջոցներ, պահպանել հիգիենայի տարրական կանոնները, հագնվել եղանակին համապատասխան, օգտագործել լիարժեք սնունդ, վարել առողջ ապրելակերպ։ Իսկ բարձր ջերմության, հազի, գլխացավի, հարբուխի և գրիպանման այլ ախտանշանների դեպքում հարկ է անհապաղ դիմել բժշկի։ Խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի հակաբիոտիկներ օգտագործել։ Իսկ հազալու և փռշտալու կանոնները խստորեն պետք է պահպանեն բոլորը։ Ամեն դեպքում պետք է լինել զգոն և հետևել կանխարգելիչ միջոցներին։    
 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ