ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ` ՄԱՐԴՈՒ ՀՈԳՍԵՐԸ

Բնակչության առավել գործունյա և աշխատասեր մասը մաքառումների գնով հասցրել է փոքր-ինչ բարելավել իր կենսամակարդակը, մյուս մասը բազում զրկանքների գնով գոյատևում է` աշխատանք փնտրելով մայրաքաղաքում կամ այլուր, իսկ մի այլ մասը սպասում է պետության և հովանավորների կողմից տրամադրվող օգնությանը, ասես համակերպվելով խնդրողի իր կարգավիճակին: Իհարկե, վերջին տարիներին բնակչության սոցիալական դեմքը փոքր-ինչ փոխվել է, որոշակի առաջխաղացում նկատվում է: Սակայն այդ ընտանիքներից շատերը շարունակում են մնալ շրջանի սոցծառայության աշխատողների ուշադրության կենտրոնում: Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության 2013թ. կատարած աշխատանքների մասին է հարցազրույցը գործակալության պետ Մանանա ԳՈԳՄԱՉԱՁԵԻ հետ:
-Հայտնի է, որ Շուշիում հիմնականում բնակվում են խոցելի խավերի ներկայացուցիչներ: Ի՞նչ է արվել անցած տարում նրանց կենսամակարդակի նորմալացման ուղղությամբ:
- 2013թ. ընթացքում պետական բյուջեից տարբեր սոցիալական խմբերի տրամադրվել է 183 միլիոն 426 հազար դրամ ֆինանսական աջակցություն: Ելնելով բնակչության առանձին խմբերի նյութապես օժանդակելու անհրաժեշտությունից՝ 2013թ. ԼՂՀ կառավարության համապատասխան որոշմամբ, պետական բյուջեի հաշվին սահմանվել է 7 միլիոն 780 հազար դրամի միանվագ օգնություն, որը Մայիսի 9-ի, Սեպտեմբերի 2-ի և Դեկտեմբերի 10-ի տոն օրերի կապակցությամբ տրամադրվել է ԼՂՀ 106 հաշմանդամների, 77 զոհված ազատամարտիկների ընտանիքների և 12 ՀՄՊ հաշմանդամների. ընդամենը` 195 հոգու:
Նշեմ, որ հաստատված ծրագրերի և ցուցակների համաձայն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Շուշիի սակավակարող 150 ընտանիքների տարվա ընթացքում 3 անգամ տրամադրվել է սննդամթերք, յուրաքանչյուրին` 7 հազար դրամ գումարի արժողությամբ:
- Եվ՝ որպես նախորդ հարցի շարունակություն: Գործազուրկների թիվը Շուշիում մեծ է: Նրանցից շատերը աշխատանք են որոնում մայրաքաղաքում կամ գյուղերում: Ի՞նչ է արվել զբաղվածության խնդրի լուծման ուղղությամբ:
- Գործազրկության նպաստների վճարման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում հատկացվել է 3 միլիոն 676 հազար դրամ: Չնայած սուղ հնարավորություններին, հաշվետու տարում այդ ուղղությամբ գրանցվել է որոշակի առաջընթաց: Այսպես, եթե 2012 թվականին գործակալությունում գրանցվել է 93 աշխատանք փնտրող, այդ թվում` 19 նպաստառու, ապա 2013 թվականին այդ թիվը կազմել է 71 մարդ,այդ թվում 18 նպաստառու։ Տարվա ընթացքում աշխատանքի ենք տեղավորել 27 մարդու, իսկ 17 աշխատանք փնտրող անձի հաշվառումից հանել ենք ժամկետը լրանալու պատճառով:
ԼՂՀ կառավարության ՙԱյլ վայր աշխատանքի ուղեգրվող բժշկին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին՚ որոշման համաձայն, շրջանի 3 բժշկի ամենամսյա տրամադրվում է ֆինանսական աջակցություն, գումարը կազմում է 1 միլիոն 458 հազար դրամ:
- Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել ծնելիության և բազմազավակության խթանման ուղղությամբ:
- ԼՂՀ կառավարության ՙՊետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին՚ որոշման համաձայն, 2013 թվականին մինչև 18 տարեկան երեխա ունեցող առանձին խմբերի 417 ընտանիքներ օգտվել են պետական նպաստների գործող ծրագրերից:
Շարունակվել են ծնելիության և բազմազավակության խթանմանն ուղղված ծրագրերը: Տարվա ընթացքում 110 նորածին երեխայի տրամադրվել է միանվագ նպաստ, որի գումարի չափը կազմել է 33 միլիոն 900 հազար դրամ: Շրջանի 3 բազմազավակ ընտանիքների համար պատրաստվել է փաստաթղթերի փաթեթ` բնակելի տուն կառուցելու համար, և ուղարկվել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Նշեմ, որ որպես պետական աջակցութուն՝ 53 նորաստեղծ ընտանիքի հատկացվել է 150¬հազարական դրամ:
- Վերաբնակեցման գործընթացի ուղղությամբ Ձեր կողմից կատարված աշխատանքների մասին:
¬Այդ ուղղությամբ ևս իրականացվել են որոշակի աշխատանքներ: Հաշվետու ժամանակաշրջանում շրջվարչակազմ են դիմել 4 վերաբնակվող ընտանիքներ Հայաստանի Հանրապետությունից: Յուրաքանչյուր ընտանիքի գլխավորի անվամբ ստեղծվել է անձնական գործ և ուղարկվել փախստականների և միգրացիայի վարչություն: 1 ընտանիքի տրվել է վերաբնակչի կարգավիճակ և միանվագ գումար: Եղծահողի համայնքում 1 վերաբնակչի ընտանիքի տրամադրվել է առանձնատուն, 3 վերաբնակչի դիմումներն ընթացքավորվում են:
- Զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքները մշտապես կարիք ունեն պետական հոգածության: Ի՞նչով է դա արտահայտվել անցած տարում:
- Իհարկե, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքները գտնվում են պետության և հովանավորների հոգածության ներքո: Անցած տարում Շուշիի շրջանին տրամադրվել է 5 հաշմանդամի սայլակ և 2 լսողական ապարատ 888 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: 1 սայլակ հատկացվել է 1-ին խմբի մեկ հաշմանդամի:
Զոհված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանի բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար 3 զոհվածի ընտանիքի տրամադրվել է փոխհատուցում 7 միլիոն և միանվագ օգնություն` 1 միլիոն 360 հազար դրամի չափով:
2013 թվականին, ԼՂՀ կառավարության որոշմամբ, պետական բյուջեի միջոցների հաշվին, ՙԱռողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ծրագրով՚ Շուշիի շրջանին հատկացվել է 20 ուղեգիր, որոնց գումարը կազմել է 2 միլիոն 991 հազար դրամ: ՈՒղեգրերը հատկացվել են զոհված ազատամարտիկների ընտանիքներին, մանկուց հաշմանդամ երեխաներին և ԼՂՀ հաշմանդամներին:
Ամենամսյա դրամական օգնություն են ստանում 2 և ավելի զոհ ունեցող 4 ընտանիքներ, որի գումարի չափը կազմում է 1 միլիոն 770 հազար դրամ:
- Կապված Շուշիի բնակչության բազմախավ կազմի հետ՝ ենթադրում եմ նաև Ձեր ամենօրյա աշխատանքի հետ կապված դժվարությունները:
- Նախ ասեմ, որ գործակալությունում 2013թ. գրանցվել է 299 դիմում, այդ թվում` 110 միանվագ նպաստի, 27 նորաստեղծ ընտանիքի դիմում, 91 մշտական նպաստ նշանակելու և 48 գործազուրկի կարգավիճակ ստանալու համար,11 դիմում` այլ օգնություն տրամադրելու համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և շրջանի վարչակազմի միջոցով գործակալություն մուտք գործող դիմումները 12¬ն էին, որոնք հիմնականում վերաբերում են բնակարանների վերանորոգմանը, ֆինանսական օգնություն ստանալուն և այլ կենցաղային հարցերին, նույն ժամանակահատվածում քաղաքացիներին տրամադրվել է 157 տեղեկանք:
Բոլոր դիմումները գործակալության կողմից ուսումնասիրվում են և կայացվում համապատասխան եզրակացություններ: Նշեմ նաև, որ գործակալության կողմից ժամանակին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացվում հայտեր, հաշվետվություններ, պահանջագրեր:
2013 թվականին վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի բաժնի կողմից 2012-2013թթ. մայիս ամսվա կտրվածքով մանրակրկիտ ստուգումներ են անցկացվել: Թերություններ և բացթողումներ չեն արձանագրվել: Այդ ամենը խոսում է գործակալության աշխատողների բարեխիղճ աշխատանքի մասին: Կցանկանայի նաև նշել շրջվարչակազմի ղեկավար Վ. Կասյանի ամենօրյա աջակցությունը մեր աշխատանքներին: Մեր ուշադրության կենտրոնում միշտ մարդն է իր հոգսերով և այդ հոգսերի թեկուզև մասնակի թեթևացումը: Շուշիի սոցիալական ծառայության տարածքային գործակալության կողմից կատարվող աշխատանքները կկրեն շարունակական ու հետևողական բնույթ` ուղղված բնակչության բարեկեցության բարձրացմանը:
Արցախցին պետք է բարգավաճ կյանքով ապրի: Սա է մեր բոլորի նպատակը:
Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ք. Շուշի