Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

 ss_1.jpgԱրդի դարաշրջանում երիտասարդության առջև ծառացած մարտահրավերներից մեկը հոգևոր անվտանգությունն է։ Երիտասարդության հոգևոր և ֆիզիկական զարգացումը, հայրենասիրական դաստիարակությունը ազգային արժեքների ու գաղափարախոսության կայացման կարևոր նախապայմաններից են։ 

Մտահոգված լինելով մատաղ սերնդի հոգևոր, ազգային դաստիարակության, Հայ Առաքելական եկեղեցու դավանության ու մեր հայրերի թողած ժառանգության ճիշտ ընկալման, ավետարանական ճշմարտությունների մատչելի լուսաբանման խնդիրներով՝ ՙՀայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասիրաց եղբայրակցություն՚ կրոնական կազմակերպությունն իրականացնում է մի շարք ծրագրեր։

Ապրիլի 12-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում մեկնարկեց հոգևոր անվտանգության թեմայով հերթական ծրագիրը։ Այն նախատեսված է իրականացնել հանրապետության բոլոր շրջաններում։ Ծրագրի իրականացմանը միացան նաև ԼՂՀ վարչապետի խորհրդական, ՙՀայ ընտանիք՚ հասարակական կազմակերպության նախագահ Արկադի Կարապետյանը, կառավարության աշխատակազմի կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը, ՙԶեփյուռ՚  հասարակական կազմակերպության և Եկեղեցասիրաց եղբայրակցության ներկայացուցիչներ։ 999.jpg

Հանդիպումը կայացավ Շոշ գյուղի Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցում։ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասիրաց եղբայրակցության նախագահ Արմեն Մաղաքելյանը ներկայացրեց այցի նպատակը, անհրաժեշտությունը։ Նա միաժամանակ նշեց, որ ծրագիր են ներկայացրել նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որպեսզի համատեղ կյանքի կոչեն հոգևոր անվտանգության, առողջ ապրելակերպի թեմաներով քարոզչական բնույթի միջոցառումներ։ Նրա պարզաբանմամբ՝ չնայած Եկեղեցասիրաց եղբայրակցությունն իրականացնում է մի շարք հոգևոր ծրագրեր, այնուամենայնիվ, հատկապես շրջանների երիտասարդությունը լավ չի տեղեկացված Առաքելական եկեղեցու դավանաբանությանը, գործունեությանը, իսկ որպես հոգևոր մշակութային արժեքների կրողներ՝ նրանք պետք է գիտակցեն իրենց դերը ազգապահպանության գործում։ Այդ առումով շահագրգիռ կառույցներին անհրաժեշտ է  ակտիվ գործունեություն ծավալել։ 

Ծրագրով նախատեսվում է տարվա ընթացքում այցելել հանրապետության գյուղեր և երիտասարդության շրջանում կազմակերպել հանդիպումներ, տարաբնույթ միջոցառումներ վերոնշյալ թեմաներով։ Այցի շրջանակներում կարժևորվի Հայ Առաքելական եկեղեցու դերը հոգևոր կյանքի և ազգապահպան գործում, կներկայացվի մեր հայրերի անցած ուղին, կզգուշացվի բնակչությանը՝ հեռու մնալ օտար դավանանքներից։ 

Խոսելով ազգային գաղափարախոսության հարցերի շուրջ, Աշոտ Սարգսյանը նշեց, որ ազգային գաղափարախոսության հիմքում պետք է լինի միայն Հայ Առաքելական եկեղեցու դավանանքը։ Ուստի  անհրաժեշտ է իրականացնել համատեղ աշխատանք, որպեսզի այդ ամենի հիմքում լինեն հավատքը, աստվածաշնչյան պատգամները։ ՙՄենք գիտենք, որ ձեզանից ոմանք մկրտված են, մյուսները պատրաստվում են մկրտվել, ու այդ առումով կարող ենք բոլորիդ աջակցել, ուղղություն տալ, որովհետև առանց հավատքի հնարավոր չէ կերտել հայկական միասնական, ուժեղ պետություն՚,- ասաց Ա. Սարգսյանը։ Կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժնի վարիչը նաև շեշտեց, որ Արցախում գրանցված են միայն 5 կրոնական կազմակերպություններ՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը, Հայ Կաթոլիկ եկեղեցին, Հայ Ավետարանական եկեղեցին, Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցությունը և Արցախի Ռուս ուղղափառ եկեղեցին։ Մյուս բոլոր կրոնական կառույցները գործում են անօրեն և վնասում են պետական անվտանգությանը, նաև քայքայում ընտանեկան արժեքները։ Այսպես, Արցախում 40-ից ավելի ընտանիքներ քայքայվել են միայն այն պատճառով, որ զույգերից մեկը հարում էր կրոնական որևէ կառույցի, տվյալ դեպքում՝ Եհովայի վկաներին։ Կան բազմաթիվ օրինակներ, դեպքեր, երբ իրականում վնասվում են ազգային ինքնուրույնությունը, ազգային գաղափարախոսության հիմքերը։ Իսկ մեր նորակերտ հանրապետության համար կարևոր է հեռու մնալ օտարամոլությունից և Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի հիման վրա հոգևոր դաստիարակություն ստանալ, որպեսզի երկիրը զերծ մնա պառակտիչ ուղղություններից։ Ա. Սարգսյանը կարևորեց Արցախում համայնական կյանքի վերականգնումը, որովհետև նախկինում համայնքն ուներ քահանա, ծխական խորհուրդ։ Այդ առումով Կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժինն ուղեցույցներ է պատրաստել, որոնցում  ներկայացված են ծխական խորհուրդների կանոնադրությունը, դրանց անհրաժեշտությունը, ու փոխանցել դպրոցին։ Նման այցերի նպատակը նախկինում ունեցած ազգային լավագույն արժեքների, ավանդույթների վերականգնումն է։ 

Զրույցը ծավալվեց նաև հայ անվանի մանկավարժներ Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս Նազարյանի և այլոց շուրջ։ Նշվեց, որ նրանց ստեղծած կրթական համակարգը  ժամանակին մեծ դերակատարություն է ունեցել հայության կյանքում, և պետք է մեր մեծերի լավագույն հոգևոր դաստիարակչական ծրագրերը վերականգնել։ 

Այնուհետև անդրադարձ եղավ առաջիկա եկեղեցական տոներին, հատկապես Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկին՝ Զատկին կամ Քրիստոսի հրաշափառ Հարությանը, որն այս տարի կնշվի ապրիլի 20-ին։ Շոշի միջնակարգ դպրոցը ևս պատրաստվում է տոնել. երեխաները հանդես կգան ներկայացմամբ։ Դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը ողջունեց նման հանդիպումների պարբերականությունը և վստահեցրեց, որ իրենք պատրաստ են ամեն կերպ աջակցել ներկա սերնդին հոգևոր ազգային արժեքներով դաստիարակելու առումով։ Ա. Մաղաքելյանը ներկայացրեց Զատկի տոնը, ինչը խորհրդանշում է Քրիստոսի հարությունը։ Իսկ քրիստոնեությունը հիմնված է Հիսուս Քրիստոսի խաչելության և հարության վրա։ 

Եկեղեցասիրաց եղբայրակցությունը դպրոցին հոգևոր գրականություն նվիրեց։ Հերթական այցը նախատեսվում է հաջորդ շաբաթ՝ շրջանի Կարմիր գյուղ և Սզնեք համայնքներ։

 

 Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ