Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ ԾՐԱԳՐԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ

555.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 7-ին Ստեփանակերտում կայացավ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների սկրինինգային ու կանխարգելման ծրագրերին վերաբերող գիտաժողով։ Այն կազմակերպվել է  ԼՂՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների համատեղ ջանքերով ու ֆրանսիական ՙՍերվիե՚ հանրաճանաչ դեղագործական ընկերության հովանավորությամբ։ 
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ՀՀ առողջապահության Ազգային ինստիտուտի տնօրեն, Հայաստանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, ՙՍերվիե՚ ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գագիկ Վելիջանյանը, ԼՂՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման (ԲՕԿ) բաժնի աշխատանքները համակարգող բժիշկ Կարինե Արշակյանը։ Զեկուցողների հիմնական շեշտադրումը սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարն էր և այդ ուղղությամբ հետագա անելիքները։ 
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի պարզաբանմամբ՝  գիտաժողովի նպատակն է կյանքի կոչել ծրագրեր՝ լիարժեք կանխարգելելու սիրտ-անոթային հիվանդություններն ու հետագա  բարդությունները, ինչպես նաև ազգաբնակչության շրջանում ծավալելու առողջ ապրելակերպի արդյունավետ տեղեկատվական աշխատանք։ Ծրագիրը ենթադրում է փուլային աշխատանք, սկրինինգային լուրջ նախագծեր, եզրակացություններ հետագա կանխարգելիչ աշխատանքների համար։ 
ՙՍերվիե՚ դեղագործական ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գագիկ Վելիջանյանը գիտաժողովին հանգամանալից ներկայացրեց ընկերության կարգախոսները, գործելաոճը։ Ֆրանսիական դեղագործական այս ընկերությունը ձևավորվել է 1954թ.,  Օռլեան քաղաքում` Ժակ Սերվիեի կողմից։ Սկզբնական շրջանում այն իրենից ներկայացնում էր փոքրիկ դեղատուն, որը հետագայում դարձավ դեղագործական անկախ կազմակերպություն։ Այն ներկայացված է աշխարհի ավելի քան 140 երկրներում, այդ թվում և` ՀՀ¬ում և ԼՂՀ¬ում։ Արտադրված դեղամիջոցների 92%¬ը սպառվում է Ֆրանսիայի սահմաններից դուրս, այսինքն ունի միջազգային ճանաչում, շրջանառության 25%¬ն օգտագործվում է գիտահետազոտական ծրագրերի ներդրման համար։ Կազմակերպությունն ունի ավելի քան 25 հազար աշխատող, որոնցից 3 հազարը ուղղակիորեն զբաղվում է գիտական հետազոտմամբ և նոր դեղամիջոցների սինթեզի հայտնաբերմամբ։ Գ. Վելիջանյանի պարզաբանմամբ՝  ՙՍերվիեն՚ նպատակ ունի նորագույն դեղամիջոցների շնորհիվ  բավարարել բժիշկների և հիվանդների պահանջները, հետազոտությունների և այլ ծրագրերի միջոցով նպաստել բժշկագիտության զարգացմանը, ինչպես նաև գնահատել իր աշխատակիցների գործը։ Ընկերությունն ունի ավելի քան 20 կենտրոն, որոնք իրականացնում են գիտահետազոտական աշխատանքներ՝ դեղերի սինթեզման ու հայտնաբերման ուղղությամբ։ Մեկ դեղի սինթեզի համար ծախսվում է 700-900 մլն եվրո։ Բնականաբար, ներդնելով հսկայական ծախսեր, ընկերությունը ձգտում է նրան, որպեսզի արտադրանքը լինի որակյալ, անվտանգ ու արդյունավետ։ Հայաստանյան գրասենյակի տնօրենը ներկաներին ծանոթացրեց կազմակերպության կողմից ստեղծվող նոր դեղամիջոցներին, այդ թվում՝ զարկերակային ճնշման արդյունավետ հսկողության, բարդությունների, մահացության կանխարգելման համար արտադրվող ՙՊրեստանս՚ դեղամիջոցի և շաքարային դիաբետով տառապող հիվանդների համար արտադրվող դեղորայքին։ Արցախյան բժիշկները ծանոթացան գիտահետազոտական ընկերության առաջիկա  6 ամիսների ընթացքում շուկա ներմուծվելիք երկու նոր դեղամիջոցին, ինչպես նաև հեռահար ծրագրերին։ 
Գիտաժողովի մասնակիցներին Կարինե Արշակյանը ներկայացրեց 2008-2012թթ. արյան շրջանառության խանգարմամբ հիվանդների վիճակագրական տվյալները։ Ընդհանրապես, 20-րդ դարի 2-րդ կեսին մահացության ցուցանիշներում սկզբունքային փոփոխություն տեղի ունեցավ, առաջին գիծ մղվեցին քրոնիկ ոչ ինֆեկցիոն, հատկապես սիրտ-անոթային հիվանդությունները և շաքարային դիաբետը։ Վիճակագրական տվյալներով՝ վերջին տարիներին աճում են սիրտ-անոթային հիվանդությունների և դիաբետի պատճառով մահացության դեպքերը։ ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարությունների տվյալներով՝ սիրտ¬անոթային հիվանդությունների բարդություններից  մահացության դեպքերը կազմում են ընդհանուր մահացության դեպքերի  50%-ը, որը բավականին մեծ թիվ է։ Ուստի սիրտ-անոթային հիվանդությունների բարդություններից մահացության կանխարգելումը լուրջ խնդիր է դարձել նաև Արցախի համար։ Հետազոտելով 2008-2012թթ. արյան շրջանառության խանգարմամբ հիվանդությունների վիճակագրական տվյալները, Կ. Արշակյանը պարզեց, որ, ըստ ցուցանիշների, վերջին 5 տարիների ընթացքում արձանագրվել է նշված հիվանդությունների աճ  6057 դեպքով։ Նշված հիվանդներից 2873¬ը զարկերակային հիպերտենզիայով հիվանդներն են (47%)։ Միջազգային ցուցանիշներով նույնպես զարկերակային հիպերտենզիան կազմում է արյան շրջանառության խանգարմամբ հիվանդների 50%¬ը, ուստի կարևոր են հիվանդների վաղ հայտնաբերումը և այդ ուղղությամբ իրականացվելիք կանխարգելիչ աշխատանքները։ 2010 թվականից ԼՂՀ առողջապահության համակարգում դեղագործական տարբեր ընկերությունների, հատկապես ՙՍերվիեի՚ կողմից ընդգրկվեցին մի շարք նախագծեր, որոնք հնարավորություն ընձեռեցին վաղ հայտնաբերել և բուժել հիվանդներին։ Աստիճանաբար սկսեցին նվազել մահացության դեպքերը։ Արյան շրջանառության խանգարման բարդություններից մեկը սրտամկանի սուր ինֆարկտն է.  2009թ. ԼՂՀ¬ում այդ հիվանդությամբ ախտորոշված հիվանդների թիվն աճել էր։ Սակայն կազմակերպված կանխարգելիչ ծրագրերի և ՙՍերվիե՚ ընկերության կողմից առաջարկվող դեղորայքի կիրառումից վերջին տարիներին  սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերը սկսեցին նվազել։ Միջազգային վիճակագրության տվյալներով՝ աշխարհի յուրաքանչյուր տասներորդ մարդ տառապում է շաքարային դիաբետով. Արցախում 2007-2012թթ. ընթացքում շաքարախտով հիվանդների թիվը կրկնապատկվել է։ Ընդհանրացնելով հետազոտության արդյունքները՝ Կ. Արշակյանը նշեց, որ զարկերակային հիպերտոնիայով և շաքարային դիաբետով հիվանդների հայտնաբերումը դեռևս շարունակում է մնալ կարևոր խնդիր, իսկ համատեղ միասնական աշխատանքի շնորհիվ արդյունքներն ակնհայտ կլինեն։ 
Հայաստանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանն իր հերթին ներկայացրեց անցյալ տարվանից սկսած Ստեփանակերտի բնակչության շրջանում իրականացված հետազոտության արդյունքները։ Այն կազմակերպվեց ՀՀ  և  ԼՂՀ առողջապահության նախարարությունների և ՙՍերվիե՚ դեղագործական ընկերության հետ համատեղ։ Հետազոտվեցին գործունյա, իրենց առողջ համարող 700 ստեփանակերտցիներ։ Արդյունքում նրանցից բարձր զարկերակային ճնշում ունեին 54%¬ը, բարձր խոլեստերինեմիա` 72%¬ը, ավելցուկային քաշ՝ 35%¬ը, ֆիզիկական թերակտիվ կյանք վարողները՝ 51%-ը, ամենօրյա ծխող տղամարդիկ՝ 42%-ը և այլն։ Պ. Զելվեյանի պարզաբանմամբ՝ նման միջոցառումն առաջին անգամ կազմակերպվեց Ստեփանակերտում, որպեսզի համապարփակ պատկեր ստեղծվի ռիսկի գործոնների տարածվածության վերաբերյալ։ Հետազոտությունները փաստեցին, որ զարկերակային գերճնշման տարածվածությունը բավականին բարձր է ստեփանակերտցիների շրջանում։ Ակնհայտ է, որ զարկերակային գերճնշման ավելի արդյունավետ վերահսկումը և առողջ ապրելակերպի քարոզչության ճանապարհով ռիսկի գործոնների նվազեցումը պիտի լինի գերխնդիր։ Նման հետազոտություններն ու դիտարկումները կկրեն շարունակական բնույթ։ Բացի այդ, պետք է բարձրացվի բնակչության տեղեկացվածությունն առողջ ապրելակերպի հանդեպ, որովհետև կյանքի որակը ուղղակիորեն կապված է առողջության հետ։ 
Վերլուծելով ուսումնասիրությունների տվյալները՝ հյուրերը Հ. Քուշկյանի հետ քննարկեցին հետագա անելիքները, որը ենթադրում է փուլային աշխատանք։ Հաջորդ քայլը կլինի 15-20 հոգուց բաղկացած աշխատանքային խմբի ստեղծումը, որը կշարունակի իրականացնել հետագա հետազոտությունները վերը նշված մարդկանց շրջանում։ Դա մեկնարկ է հետագա լայնածավալ սկրինինգային ծրագրերի իրականացման համար։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ