Logo
Print this page

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՈՎ

SAM_1593.JPGԼՂՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունն օրերս հերթական կլոր սեղան գումարեց Մարտակերտում։ Նմանատիպ միջոցառումների անցկացումը շրջաններում նպատակ է հետապնդում  տեղեկանալ կանանց հիմնախնդիրներին և կազմակերպության ծրագրերի մշակման  ընթացքում հաշվի առնել դրանք։
ՙՄայրություն՚ ՀԿ Մարտակերտի շրջանային ներկայացուցիչ, բժշկուհի Միլետա Հովհաննիսյանն իր ելույթի ընթացքում նախ պատմեց, թե Ղարաբաղյան շարժման օրերից առ այսօր ինչպիսի աշխատանքներ է իրականացրել շրջանի կանանց միավորող ՙՌուզան՚ կազմակերպությունը։ Այն իր բարձրության վրա է գտնվել թե՜ պատերազմական և թե՜ հետպատերազմյան ժամանակաշրջանում՝ ակտիվ գործունեությամբ ի նպաստ հայրենիքի օգտագործելով շրջանի կանանց ներուժը։ Ըստ Մ. Հովհաննիսյանի, այսօր պայքարի նպատակները, ձևերն ու միջոցները փոխվել են։ Նա  Մարտակերտի կանանց ակտիվին կոչ արեց բոլոր հարցերում լինել աջակից ու նախանձախնդիր, չմոռանալով, որ աշխատանքային ու ընտանեկան հոգսերից զատ կա նաև հասարակական կյանք ու աշխատանք, ինչը պակաս կարևոր չէ, մանավանդ մեր օրերում, երբ ստիպված ենք դիմակայելու բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերների,  բազում հիմնախնդիրների, որոնք առկա են սոցիալական, իրավական, հոգևոր-մշակութային և այլ ոլորտներում։ Մ. Հովհաննիսյանը նաև շնորհակալություն հայտնեց այն կանանց ու մայրերին, ովքեր կանգնած են իր կողքին՝ առաջին գիծ և զորամասեր այցելությունների ժամանակ։ 
ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը ներկաներին իրազեկեց կազմակերպության նպատակների ու խնդիրների մասին, մատնանշելով այն բոլոր միջոցառումները, որոնք իրականացվել են  վերջին շրջանում և նպաստել ոչ միայն մայրաքաղաքում, այլև շրջաններում հասարակական կյանքի աշխուժացմանը։ Ըստ Հ. Միքայելյանի, կատարածը քիչ չէ, սակայն անելիքներն ու հետագա ծրագրերն առավել շատ են։ Կազմակերպության նախագահությունն իր առջև նպատակ է դրել միջոցառումներում  ընդգրկել նաև շրջանները, առավել ևս հեռավոր բնակավայրերը,
խոստանալով աջակցել լավագույն նախաձեռնողականություն հանդես բերողին։ 
Հասարակական հնչողություն ունեցող մի շարք հարցերի քննարկմանը մասնակից կանայք հանդես եկան   առաջարկություններով։
Հնչեցին նաև տագնապահարույց հարցեր, մասնավորապես՝ կապված Մարտակերտի զարգացման դանդաղ տեմպերի, մասնավոր հողերի մշակման, երիտասարդների աշխատանքի տեղավորման,  աղանդավորների դեմ պայքարի և այլ խնդիրների վերաբերյալ։ Իսկ Մարտակերտի հ. 2 հիմնական դպրոցի տնօրեն Մելսիդա Քարդումյանն առաջարկեց բոլոր միջոցառումների ու նախաձեռնությունների հիմքում դնել ազգայինը, հայրենասիրականը և երիտասարդներին կոչ արեց լինել առավել ակտիվ։
Վերջում Մարտակերտի մի խումբ կանանց Հ. Միքայելյանը պարգևատրեց ՙՄայրական երախտագիտություն՚ հուշամեդալով։ 
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.