[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

 Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց  դեպի թիվ 10 դպրոց ձգվող ճանապարհը վերջին տարիներին տեղացած հորդ անձրևների ու հեղեղումների պատճառով գրեթե դուրս է եկել շարքից, ավտոմեքենաների համար դարձել դժվարերթևեկելի: Այս առնչությամբ բնակչության արդարացի բողոքները հասան իրենց նպատակին, և իշխանությունները համապատասխան միջոցներ ձեռնարկեցին փողոցը բարեկարգելու և պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ:

Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանի տեղեկացմամբ՝ Հեքիմյան փողոցի հիմնանորոգման ու բարեկարգման ծրագրի իրագործման նպատակով պետբյուջեից հատկացված գումարը կազմում է 100 մլն դրամ, որը նախատեսված է ամենատարբեր աշխատանքների համար: Պատվիրատուն հանդիսանում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը, իսկ կապալառու կազմակերպությունը` ՙՔարավան՚ ՍՊԸ-ն։ Ընդ որում, բարեկարգման  աշխատանքներն այստեղ մեկնարկել են 2013-ին: Երկրորդ փուլի մեկնարկը տրվել է ընթացիկ տարվա գարնան սկզբներին:
Հիմնանորոգվել են ինչպես մայթերը, այնպես էլ ճանապարհները, հին, մաշված եզրաքարերը փոխարինվել են նորերով, առանձնակի ուշադրություն է դարձվում ենթակառուցվածքների, մասնավորապես` կոյուղագծերի կարգավորմանն ու ջրահեռացմանը: Հողային շերտի մաքրման աշխատանքներին անմիջապես հաջորդել է խճապատման գործընթացը, որին կհետևեն ասֆալտապատման և բարեկարգման մյուս աշխատանքները:
Վ. Միքայելյանի հավաստմամբ՝ ընդամենը երկու-երեք ամսից Հեքիմյան փողոցը լիովին կվերափոխվի և միանգամայն բարեկարգ տեսքով  կներկայանա ստեփանակերտցիներին:  
 
Լաուրա Գրիգորյան