[ARM]     [RUS]     [ENG]

ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ 614 ՈՒՂԵԳՐԵՐ

ԼՂՀ կառավարության համապատասխան որոշմամբ հստակեցված են պետբյուջեի միջոցների հաշվին ձեռքբերվող առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և հատկացման ընթացակարգերը։ Որոշմամբ սահմանված են ուղեգրեր ստանալու իրավունքից օգտվող քաղաքացիների խմբերը, դրանք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև հատկացվող ուղեգրերի նպատակային օգտագործման համար վերահսկողության մեխանիզմը։ 
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ այս տարի ձեռք են բերվել 614 առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրեր։ Դրանք հատկացվում են հաշմանդամ զինծառայողներին, 18 տարին լրացած աշխատանքային և սոցիալական կենսաթոշակ  ստացող հաշմանդամներին, հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին ու նրանց հավասարեցված անձանց և զոհվածների այրիներին, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներին,  բռնադատվածներին, Արցախի հերոսներին, ՙՄարտական խաչ՚ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանակիրներին և միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին։ Ուղեգրերը ձեռք են բերվում ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ յուրաքանչյուր տարի պայմանագրի կնքմամբ։ Նախարարությունն էլ իր հերթին, ուղեգրերի բաշխման տարեկան ծրագրի համաձայն,  դրանք տրամադրում է սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային պետական մարմիններին։ Այսինքն, ուղեգիր ստանալու համար քաղաքացին գրավոր պետք է դիմի իր մշտական բնակության վայրը սպասարկող տարածքային մարմին։ Ս. Իսրայելյանի պարզաբանմամբ՝ համաձայն կարգի, քաղաքացին դիմումի, իր կարգավիճակը հաստատող փաստաթղթի և այլ տեղեկանքների հետ մեկտեղ պետք է իր բնակության վայրը սպասարկող համապատասխան բուժհաստատության կողմից ներկայացնի նաև առողջարանային բուժում ստանալու անհրաժեշտությունը հաստատող երաշխավորագիր, որպեսզի առողջարանում էլ ներկայացնի բուժհաստատության կողմից տրված սանատոր-կուրորտային քարտը։ Բացի այդ,  Բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի (ԲՍՓ) կողմից հաշմանդամները պետք է ներկայացնեն վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) փաստաթուղթը, որտեղ ևս պետք է նշված լինի, թե տվյալ քաղաքացին որ առողջարանում պետք է մասնագիտական բուժում ստանա։ 
Այս տարի պետբյուջեի միջոցների հաշվին ձեռք են բերվել հանգստյան տների 348 և առողջարանների 266 ուղեգրեր։ Նշենք, որ առողջարան մեկնողների առաջին խումբն ուղևորվել է ապրիլի 20-ին, իսկ հունիսի 26-ին ողնաշարային խնդիրներ ունեցող 17 հաշմանդամներ կմեկնեն Ղրիմի Սակիի մասնագիտական առողջարան։ Նրանց կուղեկցի նախարարության մեկ ներկայացուցիչ, իսկ բուժումը կտևի 21 օր։ Ընդհանուր առմամբ, Ջերմուկի, Արզնիի և ՀԿԽ ՙԳրացիա՚ միջազգային վերականգնողական կենտրոնի առողջարաններում և հանգստյան տներում քաղաքացիների ուղեգրերը տրամադրվում են 7-12 օրով։ Ս. Իսրայելյանի պարզաբանմամբ՝ եթե քաղաքացին իրականում կարիք ունի բուժման, ապա նրան տրամադրվում է 12 օրվա ուղեգիր, իսկ եթե զուտ հանգստի համար է մեկնում, ապա հատկացվում է 7 օրվա ուղեգիր։ Այս դեպքում քաղաքացին առանց բժշկի տեղեկանքի պարզապես կարող է դիմել սոցիալական ծառայությունների տարածքաին բաժին՝ հանգստյան տան ուղեգիր ստանալու համար։ Մեր զրուցակցի խոսքերով՝ ԼՂՀ կառավարության 2014թ. մայիսի 27-ի համապատասխան որոշմամբ լրացում է կատարվել 2011թ. հուլիսի 26-ի ՙԼՂՀ  պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգերը հաստատելու մասին՚ որոշման մեջ և մտցվել հավելում, որ ՙաղեստամոքսային ուղու խանգարումներ՚, ՙսրտի իշեմիկ հիվանդություն հետինֆարկտային կարդեոսկլերոզ՚ հիվանդություններ ունեցող հաշմանդամներին յուրաքանչյուր տարի, սակայն ոչ ավելի, քան 3 տարի անընդմեջ, կհատկացվի առողջարանի մեկ ուղեգիր։ Նշված ժամկետի ավարտից հետո հաշմանդամին կհատկացվի ուղեգիր ընդհանուր կարգի համաձայն։ 
Նախորդ տարվա համեմատությամբ այս տարի ավելացել է հատկացվող ուղեգրերի թիվը, որոնք էլ կտրամադրվեն մինչև հոկտեմբերի վերջը։ Վերադառնալուց հետո քաղաքացին պետք է նախարարությանը ներկայացնի առողջարանում հաշվառված լինելու օրերի մասին տեղեկանք։ Այն չներկայացնելու դեպքում քաղաքացին զրկվում է հետագայում ուղեգիր ստանալու իրավունքից։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ