[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ՙԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ՚ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

r.jpgԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրավերով հունիսի 23-ից Արցախ են այցելել ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Միքայել Մանուկյանը, անգիովիրաբուժության ծառայության ղեկավար, անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արամ Բադալյանը, անեսթեզիոլոգ Սերոբ Միքայելյանը, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը։ 
Հրավիրված մասնագետները ՙԲաց դռների օր՚ ծրագրի շրջանակում Հանրապետական բժշկական կենտրոնում և պոլիկլինիկայի մասնաշենքում կազմակերպեցին  խորհրդատվություններ ու վիրահատություններ։ 
Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը, հունիսի 23-24-ը լինելով Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման և անզգայացման բաժանմունքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, կադրային ռեսուրսներին և փորձեց ինքն էլ իր հերթին օգտակար լինել արցախյան գործընկերներին։ 
Հ. Մանգոյանը տեղի մասնագետների համար կազմակերպեց դասախոսություններ բժշկական արդի թեմաներով, մասնավորապես, հակաբիոտիկների և ինսուլտների բուժման վերջին նորությունների վերաբերյալ։ Անդրադառնալով Հանրապետական բժշկական կենտրոնի շենքային ժամանակակից պայմաններին, Հ. Մանգոյանը նշեց, որ այդքանով հանդերձ, բուժսպասարկման հիմքում պետք է դրվի հիվանդի հանդեպ ունեցած վերաբերմունքը, որովհետև այսօրվա դրությամբ թերևս ոչ ոքի չես կարող զարմացնել սարքավորումներով, մաքուր միջանցքներով, վերանորոգման մակարդակով. միակ տարբերակիչը, որ կարող է վարկանիշ բարձրացնել՝ մարդկային վերաբերմունքն է։ ՙՊետք է բուժսպասարկման որակն այնպես կազմակերպել, որ հիվանդը, մտնելով բուժհաստատություն, մնա ուշադրության կենտրոնում։ Նրա բոլոր պահանջները, մտավախությունները, կասկածները, տեղեկատվության ծարավը մասնագետը պետք է կարողանա հագեցնել և ցուցաբերել հարգալից վերաբերմունք բուժհաստատություն մտնելու սկզբից մինչև դուրս գալը։ Կարծում եմ՝ դա է հիմնական գործոնը, որ կարող է բուժսպասարկման որակն այլ մակարդակի հասցնել։ Մյուս բոլոր առումներով պայմաններն առկա են, մասնագետների շարքերն էլ համալրվում են ու աստիճանաբար կկատարելագործվեն՚,- ասաց Հ. Մանգոյանը։ Իրականում մարդիկ նախընտրում են այնպիսի բուժհաստատություն, որտեղ ուշադիր են իրենց հանդեպ։ Հ. Մանգոյանը վստահ է, որ Արցախի վերակենդանացման և անզգայացման բաժանմունքն ունի հիմնական ռեսուրսները, այսինքն` կան բավականին  հեռանկարային մասնագետներ, ովքեր աշխատում են ակտիվորեն ու եռանդով։ Իսկ նմանատիպ փոխայցելությունների ու շփումների միջոցով ոլորտը կզարգանա, տեղի մասնագետներն էլ կտեսնեն նոր մոդելներ և կփորձեն, դրանք ձևափոխելով, ներդնել տեղում։ 
Երկօրյա այցի շրջանակներում կազմակերպած դասախոսությունների ժամանակ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավարն անդրադարձավ  նաև հակաբիոտիկների թեմային, այսինքն՝ ոչ թե գովազդեց առանձին ինչ-որ դեղորայք, այլ ուշադրություն  հրավիրեց դրանց կիրառման անհրաժեշտությանն ու սկզբունքներին։ Մասնագետները փորձեցին վերլուծել նաև որոշ հոգեբանական պահեր, ասենք՝ ինչու է բժիշկը նշանակում հակաբիոտիկ, որը երբեմն հիմնավորված չի լինում, կամ էլ առանց կիրառելու շատ թանկարժեք դեղորայք՝ եղածով հասնեն նույն արդյունքներին՝ նվազագույնի հասցնելով հիվանդության բարդությունները։ Քննարկվեցին նաև ուղեղի արյան շրջանառության խանգարումների՝ ինսուլտների առաջացման և դրանց հետ կապված խնդիրների մասին թեմաներ, որովհետև  ինսուլտով պառկած հիվանդների թիվը վերակենդանացման բաժանմունքում մեծ տոկոս է կազմում։ Վերջում Հ. Մանգոյանը  բժիշկների հետ խոսեց հիվանդների հետ շփման կանոնների մասին։ 
Հունիսի 23-ին Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասում հիվանդների խորհրդատվություն և ընդունելություն է իրականացրել նաև ՙԷրեբունի՚ ԲԿ-ի անգիովիրաբուժության ծառայության ղեկավար, անոթային վիրաբույժ Արամ Բադալյանը։ Որպես անոթային վիրաբույժ՝ Ա. Բադալյանը 2005թ. 8 ամիս աշխատել էր ԼՂՀ-ում՝ Իվանյանի կենտրոնական հոսպիտալում։ Տարիների ընթացքում շարունակել է տեղի բժիշկների հետ համագործակցությունը, երբեմն կատարել  վիրահատություններ, բայց աստիճանաբար կապերն ընդհատվեցին։ ԼՂՀ առողջապահության նախարարի հրավերով Ա. Բադալյանը դարձյալ Արցախում էր։ Նա ևս հիացած է Հանրապետական բժշկական կենտրոնի շենքային պայմաններով և հուսով է, որ Արցախի ժողովուրդը կապահովվի որակյալ բուժսպասարկմամբ։ ՙՑավոք, այսօր օբյեկտիվ պատճառներով մասնագետների քանակը դեռ չի բավարարում մեծ թվով մարդկանց բուժսպասարկումն ապահովելու համար, ուստի մենք  պատրաստակամություն ենք հայտնել պարբերաբար այցելել, կազմակերպել խորհրդատվություններ, հետազոտել և զննել հիվանդներին, իսկ հարկ եղած դեպքում՝ անել վիրահատություններ՚,- նշեց Ա. Բադալյանը։ Անոթային վիրաբույժը չի կարծում, որ արցախցիներն ավելի շատ ունեն անոթային խնդիրներ, բայց փաստ է, որ բարձիթողի վիճակում հիվանդներ շատ կան։ Իսկ պատճառն այն է, որ երկար  տարիներ մարդիկ հնարավորություն չեն ունեցել ստանալ որակյալ մասնագիտացված բուժօգնություն, որի պատճառով էլ հիվանդությունը տարիների ընթացքում բարդացել է։ 
Հիվանդների զննումից պարզվել է, որ շատերը ժամանակին չեն դիմել բժշկի, ուստիև հիվանդությունը բավականին խորացված փուլում է։ Նման դեպքերում բուժումն ավելի դժվար ու երկարատև է լինում։ Ա. Բադալյանի պարզաբանմամբ՝ անոթային հիվանդություններից ամենատարածվածը ստորին վերջույթների երակային անբավարությունն է, մասնավորապես վարիկոզ հիվանդությունը։ Ընդհանրապես, ամբողջ աշխարհում բնակչության մինչև 30-40%-ը  հասուն տարիքում տառապում է այս կամ այն երակային պաթոլոգիայով։ Զարկերակային հիվանդությունները բնակչության շրջանում  շատ ավելի քիչ են հանդիպում՝ մինչև 10%։ Մասնագետը հորդորում է հատկապես ուշադիր լինել այն մարդկանց նկատմամբ, որոնց մոտ ախտորոշվել են  սրտանոթային հիվանդություններ՝ աթերոսկլերոզ, սրտի իշեմիկ հիվանդություն, ստենոկարդիա, ինֆարկտ, որովհետև նրանցից յուրաքանչյուր երրորդի մոտ հայտնաբերվում է ծայրանդամների կամ էլ ուղեղը սնուցող անոթների աթերոսկլերոտիկ ախտահարում։ 
Շաքարային դիաբետի ժամանակ նույնպես անխուսափելիորեն առաջանում են շատ թե քիչ արտահայտված զարկերակային ախտահարումներ։ Նման հիվանդությունները շատ անգամ դժվար է կանխել, բայց հնարավոր է հիվանդության առաջընթացը զգալիորեն մեղմացնել կամ դանդաղեցնել։ Այդ գործին պետք է նպաստեն դիաբետիկ դպրոցները, հիվանդների համար համակարգված ծրագրերը, որպեսզի բժիշկների օգնությամբ հիվանդները սովորեն ճիշտ ապրելակերպ վարել, ինչն էլ կնվազեցնի հետագա բարդությունները։ Արցախում այժմ արվում են զարկերակային վերականգնողական վիրահատություններ, իսկ անգեոգրաֆ սարքի տեղադրումից հետո Հանրապետական բժշկական կենտրոնում հնարավորություն կընձեռվի կատարել ներանոթային վիրահատական միջամտություններ։ Այդ ամենի կիրառմամբ այլ մակարդակի կհասնի բուժսպասարկումը։ Ա. Բադալյանը հորդորեց մարդկանց չխուսափել բժշկի դիմելուց, քանզի  հիվանդության հետ կապված դժվարությունները քայլ առ քայլ պետք է հաղթահարել համատեղ։ 
Իսկ հունիսի 25-ին ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Միքայել Մանուկյանը Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն և խորհրդատվություն ուրոլոգիական հիվանդությունների մասով:
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ