Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

DSCF0478.JPGՀուլիսի 4-ը Շուշիի երեխաների համար նշանավորվեց ևս մեկ տոնակատարությամբ։ Շուքով նշվեց Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից կառուցված՝ հերթական՝ 2-րդ խաղահրապարակի բացումը, որը կառուցվել է բարերարներ Բրայն և Ռոզի Պետրոսյանների հովանավորությամբ։ Նշենք, որ զույգը հովանավորում  է նաև Շուշիի ՙՊետրոսյան՚ ճամբարը, որտեղ, սկսած 2003 թվականից, ամեն տարի իրենց ամառային հանգիստն են անցկացնում շուրջ 600 մանուկներ, պատանիներ և երիտասարդներ։
Խաղահրապարակի բացման արարողությանը ներկա էին ինչպես հովանավորներն ու Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան ղեկավարությունը, այնպես էլ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը Խաղահրապարակի բացման պատիվը կիսեցին Արծվիկ Սարգսյանը և Բրայն Պետրոսյանը։ Վերջինիս խոսքով, խաղահրապարակը նվիրվում է Էռնեստ, Գրիգոր և Քեննեթ Պետրոսյանների (հովանավորի հոր և երկու հորեղբայրների) հիշատակին։ Պետրոսյանների ընտանիքում կա ավանդույթ, հանգուցյալի հիշատակին հավաքագրված գումարը նվիրաբերել ազգօգուտ նպատակի։ Այդ իսկ պատճառով ընտանիքում որոշվել է, որ գումարը նպատակաուղղվի ազգային և քրիստոնեական արժեքների տարածման,  պահպանման և զարգացման գործին։ Իսկ թե ինչու կոնկրետ ընտրվեց Ղարաբաղը՝ քանի որ արդեն տասը տարի է, ինչ ընտանիքը հովանավորում է Շուշիում գործող ճամբարը։ 
Նշենք, որ ընտանիքը Կալիֆոռնիայում գյուղատնտեսական մթերքների մշակման բիզնես ունի (մրգեր, չիր, չամիչ)։ Մեր հարցին, թե բարեգործությունից զատ չի՞ կամենա որպես ներդրող հանդես գա Արցախում, հատկապես, երբ գյուղատնտեսության համար կառավարությունը արտոնյալ պայմաններ է առաջարկում։ Բ. Պետրոսյանը նշեց, որ գյուղատնտեսությունն այնպիսի ոլորտ է, որը հեռվից կառավարելը անհնար է, հատկապես արցախյան քմահաճ, անկայուն կլիմայի պայմաններում, և առայժմ գերադասում է միայն բարեգործությամբ զբաղվել։ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսյանը, խոսելով Շուշիի ծրագրերից, նշեց, որ Շուշիի համար միշտ ծրագրեր կազմվում են, ամեն տարի ավելի են բարելավվում ճամբարի պայմանները, խաղահրապարակները։ Նրա խոսքով, ընդհանրապես երեխաները, նրանց կրթությունն ու դաստիարակությունը ընկերակցության ծրագրերի կարևոր մասն են կազմում, այդ պատճառով աշխատանքները շարունակական են լինելու։ Ունեն կրթաթան ծրագրեր՝ ավետարանչական շեշտադրումներով, դպրոց՝ Հայաստանում։ ՙՄենք հավատում ենք, որ լավագույն ներդրումը, որ կարող է անել ազգը, մանուկների կրթությունն է՚,¬ ասաց նա՝ հավելելով, որ Շուշին և Ղարաբաղը,  հաշվի առնելով նրանց պատմական նշանակությունը, միշտ ուշադրության կենտրոնում են։ 
Հայ Ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղի պատասխանատու Արսեն Մանասյանն իրազեկեց, որ Արցախում ընկերությունը շարունակելու է ինչպես մանուկների, այնպես էլ ընդհանուր առմամբ, բնակչության բարեկեցության մակարդակի բարելավման ծրագրերը, վերանորոգվելու են ՀԱԸ մանկապարտեզները, կառուցվելու են նոր խաղահրապարակներ։ Այս խաղահրապարակի շինարարության վրա շուրջ 18 մլն դրամ է ծախսվել, բայց դեռ որոշ աշխատանքներ էլ են կատարվելու, քանի որ այդ տարածքում նախատեսվում է նաև շուշեցիների համար պուրակ կառուցել, և վերանորոգել մերձակա շինությունը՝ որպես համայնքային գրասենյակ շահագործելու համար։ 
Վերջերս Ստեփանակերտի խաղահրապարակներից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարը, որը մահվան ելք է ունեցել, լուրջ ահազանգ էր խաղահրապարակների սարքինության նկատմամբ առավել զգոն և ուշադիր լինելու առումով, և մենք չէինք կարող չհարցնել, թե որքան անվտանգ են տեղադրված խաղասարքերը։  Ա. Մանասյանը նշեց, որ դրանք լիովին համապատասխանում են միջազգային չափանիշերին. որոշում է կայացվել ճոճանակներ չօգտագործել, իսկ տեղադրված խաղասարքերը միայն պլաստիկից են։ Պետական  համապատասխան մարմիններն էլ ստուգելուց հետո տվել են իրենց դրական եզրակացությունը՝ դրանք  շահագործելու համար։ Ա. Մանասյանը նշեց, որ համապատասխան մարմինները հետագայում էլ պարբերաբար կկազմակերպեն ստուգայցեր, առաջիկայում դրանց սարքինության վիճակին տեղեկանալու համար։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ