[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Սեպտեմբերի 9-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց Ստեփանակերտ քաղաքի օրվա տոնակատարության միջոցառումների ծրագիրը: Հիշեցնենք` Ստեփանակերտ քաղաքի օրվա տոնակատարության օրն այս տարվանից փոխվել է. ավագանու որոշմամբ այն նշվելու է սեպտեմբեր ամսվա չորրորդ շաբաթվա շաբաթ օրը:
Դա պայմանավորված է նրանով, որ նախկինում քաղաքի օրվա տոնակատարությունը համընկնում էր Երևան-Էրեբունի տոնակատարության հետ, ինչը խոչընդոտ էր հանդիսանում հյուրերի, զբոսաշրջիկների, ինչպես նաև երկու բարեկամացած քաղաքների պաշտոնյաների՝ երկու տոների մասնակցությանը: Այսպիսով` այս տարի Ստեփանակերտի օրը կնշվի սեպտեմբերի 27-ին:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեց և հաստատվեց ներկայացված ծրագիրը, լուծում տրվեցին մի շարք կազմակերպական հարցերի:
Ինչպես միշտ, մինչ բուն տոնակատարությունը, քաղաքը կզարդարվի դրոշներով, պաստառներով: Քաղաքի տարբեր հատվածներում կտեղադրվեն էկրաններ, որտեղից տեսահոլովակներով կազդարարվի քաղաքի օրվա մասին: 9-12-րդ դասարաններում կանկացվի շարադրությունների մրցույթ ՙԻմ Ստեփանակերտ՚ խորագրով, որի հաղթողները սեպտեմբերի 26-ին կպարգևատրվեն քաղաքապետարանի կողմից: Սեպտեմբերի 26-ին քաղաքապետարանի պատասխանատուները կայցելեն և կշնորհավորեն ԼՂՀ զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունների, ինչպես և ԼՂՀ պատերազմի և աշխատանքի վետերանների միության անդամներին`  քաղաքի օրը նշելու կապակցությամբ: Նույն օրը այցելություն տեղի կունենա նաև Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն, և նվերներ կհանձնվեն այդ օրը ծնված մանուկներին ու նրանց մայրերին: Հանդիսավոր արարողության կարժանանան նաև այդ օրվա նորապսակները:
Սեպտեմբերի 27-ի տոնական օրը կսկսվի շնորհալի երեխաների ունակությունների ցուցադրմամբ. մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի (ՄՊՍԿ) և Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաները Ս. Շահումյանի անվան պուրակում ժամը 10-ից հանդես կգան պլենարային նկարչությամբ, ՄՊՍԿ-ի կողմից կկազմակերպվի նաև երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Այդ ամենին զուգահեռ տեղի կունենա Արցախի նկարիչների միության կողմից կազմակերպած վերնիսաժ: Առաջին անգամ Ստեփանակերտի օրվա կապակցությամբ կանցկացվի գորգերի ցուցահանդես-վաճառք:  Զուգահեռաբար կանցկացվեն մարզական միջոցառումներ. ծանրաձողի սեղմում, ձյուդո, սանտա-ուշու, բռնցքամարտ, շախմատ, ազգային ավանդական խաղեր, սպորտային պարեր: Միաժամանակ Վերածննդի հրապարակում փոքրիկներն ազատություն կտան իրենց երևակայությանը, և ասֆալտի վրա  կնկարեն իրենց պատկերացրած վաղվա քաղաքը: Տոնական երաժշտության հնչեցմամբ հատուկ զարդարված մեքենայով կազմակերպիչները  կշրջեն քաղաքով և հուշանվերներով կշնորհավորեն փոքրիկ քաղաքացիներին: Ժամը 11-ին պատվո պահակի հանդիսավոր ծառայության ներքո պաշտոնական պատվիրակությունը, հյուրերը ծաղկեպսակ և ծաղիկներ կխոնարհեն Ս. Շահումյանի արձանին: 
Ժամը 12-ին քաղաքացիներին սպասվում է անակնկալ. Վերածննդի հրապարակում տեղի կունենա գրեթե մոռացության տրված, նախկինում շատ սիրված լարախաղը: Զուգահեռ Ս. Շահումյանի անվան պուրակում երիտասարդները կբռնվեն խրոխտ, ձգողական շուրջպարերի:
Սպասվում է նաև հիշարժան միջոցառում. Մարտունի փողոցում տեղի կունենա Ալ. Մյասնիկյանի (Մարտունի) հուշարձանի հանդիսավոր բացումը:
Մայրաքաղաքի մշակութային օջախների սաների ուժերով քաղաքի տարբեր մասերում և տարբեր ժամերի տեղի կունենան համերգներ: Բուն տոնական համերգը կանցկացվի Ս. Շահումյանի անվան պուրակում, ժամը 19.00-ին:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ