[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵԼ է ՙBRUSH-A-MANIA՚ ԾՐԱԳԻՐԸ

1049.jpgԱրդեն տասը տարի է, ինչ ՙՁեռք ձեռքի՚ հասարակական կազմակերպությունն Արցախում բարեգործական հիմունքով իրականացնում է առողջապահական ծրագրեր, առանձնապես՝  ստոմատոլոգիական անվճար ծառայություններ հանրապետության տարբեր շրջաններում։ Հոկտեմբերի երկրորդ կեսին ԼՂՀ-ում իրենց գործունեության տասնամյակի կապակցությամբ Արցախ էին եկել կազմակերպության նախագահ Բերջ Քիլաջյանը, Առնոլդ Վայսին և Դալալ Քիլաջյանը։
 Հյուրերին ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը և Արցախին մատուցած ծառայությունների համար ՙԵրախտագիտություն՚ մեդալով պարգևատրել  Բերջ Քիլաջյանին։ Կազմակերպվել է նաև հոբելյանական միջոցառում, որին մասնակցել էր ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։ 
Անցած տասնամյակում կազմակերպության ջանքերով Շուշիի, Հադրութի, Մարտունու շրջաններում ստեղծվել են ատամնաբուժարաններ, իսկ Ստեփանակերտում՝ կանանց առողջության կլինիկա։ Կազմակերպության ծրագրերի շրջանակներում պարբերաբար իրականացվում է ՙBrush-a- Mania՚ ծրագիրը նախադպրոցական հիմնարկների և հանրակրթական դպրոցների երեխաների համար։ Հոկտեմբերի երկրորդ կեսից Արցախում մեկնարկած այս ծրագրին զուգահեռ 2014-2015 թվականն անվանվել է  Բերանի խոռոչի առողջության տարի։ ԼՂՀ առողջապահության նախարարն իր հերթին ողջունել է ՙBrush-a- Mania՚ արշավի նախաձեռնողներին և մասնակիցներին՝ նշելով, որ առողջ ատամներն  առողջ ապրելակերպի նախապայման են։ ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը նույնպես պատրաստակամություն է հայտնել այդ առաքելությանն աջակցելու հարցում՝ հույս հայտնելով, որ նախաձեռնությունը կդառնա ավանդույթ՝ ի շահ Արցախի առողջ սերնդի։ Գործընթացը մեկնարկել է  Շուշի քաղաքում։ Հարցի առնչությամբ  մենք զրուցեցինք Շուշիի Մանվել Սահակյանի անվան ատամնաբուժարանի գլխավոր բժիշկ Կարեն ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ։
Շուշիի ատամնաբուժարանը գործում է 1998 թվականից՝ Հայ ատամնաբույժների համաշխարհային միության և նշյալ կազմակերպության արտասահմանյան հովանավորների ջանքերով։ Ստոմատոլոգիական ծառայության գործունեությունը համարվեց հաջողված, և 2004թ. Արցախում հիմնադրվեց  ՙՁեռք ձեռքի՚ հասարակական կազմակերպությունը, որն աշխատանքներ է ծավալում Արցախի տարբեր շրջաններում։ Շուրջ տասը տարի Շուշիի ատամնաբուժարանի գլխավոր բժիշկը  Մանվել Սահակյանն էր, ով մահացել է դժբախտ պատահարից։ Կ. Ավանեսյանի խոսքով՝ ինքը վեց տարի է՝ աշխատում է Շուշիի ատամնաբուժարանում, որն արդեն մարտի 1-ից ստոմատոլոգիական ծառայություններ է մատուցում միայն մինչև 15 տարեկան երեխաների շրջանում։ ՙՁեռք ձեռքի՚ հասարակական կազմակերպության արտասահմանյան հովանավորները վեց ամիսը մեկ այցելում են Արցախ, շրջում բոլոր կլինիկաներով, ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն և  ապահովում համապատասխան սարքավորումներով ու դեղորայքային նյութերով։ Կազմակերպության ներկայացուցիչների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Շուշիի շրջանի երեխաների մոտ առավել շատ է  տարածված կարիեսը։ Բացի դրանից,   երեխաների 90 տոկոսն ատամնաբուժարան է դիմում, երբ արդեն մի քանի օր ցավեր  է ունենում, այսինքն՝ արդեն  առկա են լինում որոշակի խնդիրներ։ Երեխաները մեծանալով՝ այդ խնդիրներն ավելանում են, ուստի անհրաժեշտ է ժամանակին իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։ Հերթական ծրագրերից մեկը  ՙBrush-a-Mania՚-ն է, որի ընթացքում երեխաները մանկապարտեզից մինչև տարրական դասարանները սկսում  են խոզանակել իրենց ատամները։ 
Շուշիի ատամնաբուժարանն իր հերթին տարին երկու անգամ դպրոցներում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ, այսինքն, երեխաների հետ միասին մասնագետները կատարում են ատամների  խոզանակում, սովորեցնում դրա ճիշտ ձևերը, հետո կատարում ատամնափառերի քարերի մաքրում և ֆտորացում: Ֆտորը կանխարգելում է ատամների կարիեսը: Օգտակար են ֆտոր-գելով ատամների ապլիկացիաները, ինչպես նաև ֆտոր պարունակող մածուկով ատամները լվանալը: Այնուհետև  ատամնաբույժը գրանցում է այն երեխաներին, ովքեր կարիք ունեն մասնագիտական բուժօգնության, և հրավիրում է ատամնաբուժարան:  Սահմանված հերթով երեխաները ներկայանում են և ստանում բուժօգնություն, անհրաժեշտության դեպքում աշխատանքներ են տարվում ծնողների հետ։ Մեկնարկած ՙBrush-a-Mania՚-ի շրջանակներում Շուշիի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում առանձնացվել է հատուկ սենյակ՝ բրաշադրոմ և կահավորվել ստոմատոլոգիական սարքավորումներով, խոզանակման անհրաժեշտ պարագաներով: Դասասենյակի պատերին փակցված են ցուցանակներ, որոնցում նկարագրված են ատամների ճիշտ մաքրման կանոններն ու միջոցները: Երեխաները տեղեկանում են, որ ճշգրիտ խոզանակումով քերվում և հեռացվում է ատամի մակերեսի փառը, իսկ ատամնաթելի ճշգրիտ օգտակործումով քերվում և հեռացվում են միջատամնային ճեղքերի և լնդի եզրերի փառերը: Ցանկալի է, որ ուտելուց հետո մաքրվեն ատամները, այն էլ  ոչ պակաս՝ քան օրական երկու անգամ: Ատամների առողջության համար կարևոր է նաև առողջ սնունդը. երեխաները պետք է օգտագործեն կալցիում պարունակող սննդամթերքներ, հատկապես պանիր, մածուն, կաթ, ինչպես նաև կրճատեն շաքարավազի ընդունումը և այլն: Վերոնշյալ սենյակում երեխաները խոզանակումը կատարում են ուսուցիչների և բուժքրոջ հսկողությամբ, որպեսզի, եթե տանը ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել պահպանել ատամների հիգիենան, ապա դպրոցում անեն: Մեկ տարվա ընթացքում տարբեր դասարանների աշակերտներ պարբերաբար կայցելեն բրաշադրոմ, որպեսզի սովորություն ձևավորվի  հետևելու ատամների առողջությանը. երեխաներին բաժանվել են հատուկ թերթիկներ, որտեղ տարվա ընթացքում նրանք պետք է լրացնեն իրենց խոզանակումների և ատամնաբուժարան այցելությունների աղյուսակները:  Մեկ տարուց հետո կկատարվեն վերլուժություններ ծրագրի արդյունքների վերաբերյալ: Այս արշավն անց է կացվել ՙՁեռք ձեռքի՚ ՀԿ-ի, Հայ ատամնաբույժների համաշխարհային միության, Օնտարիոյի Հայ-կանադական բժշկական միության ու ԼՂՀ կրթության և գիտության,  առողջապահության նախարարությունների համատեղ ջանքերով: 
Կ. Ավանեսյանը նշեց, որ պետք է աչալուրջ լինենք, որ կանխենք երեխաների շրջանում հետագա բարդությունները: Այն հարցին, թե ինչ տարբերություններ կան տարիների գործունեության ընթացքում այցելուների շրջանում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ատամնաբուժարան այցելողների թիվն աստիճանաբար աճում է, բայց աշխատանքներ դեռ շատ կան: Ներկայումս, մի շաբաթվա կտրվածքով,  կան հերթագրվածներ: ՙԳնում ենք նաև դպրոց, գրանցում, թերթիկը տալիս, տեղեկացնում ծնողին և ուսուցչին, որպեսզի երեխան ժամանակին գա ատամնաբուժարան: Շուշիի շրջանում,  պայմանավորված բնակլիմայական պայմաններով, յուրաքանչյուր տասը երեխայից ինը ունեն խնդիրներ: Իսկ կարիեսն առաջանում է նաև ջրում պարունակվող ֆտորի  քանակությունից։ Բայց եթե երեխաները ծնողների օգնությամբ ժամանակին հետևեն իրենց ատամներին, ապա այդ ցուցանիշը կարելի է իջեցնել մինչև հիսուն տոկոս՚,- ասաց Շուշիի ատամնաբուժարանի գլխավոր բժիշկը: Նման ծրագրեր արտերկրում սկսել են իրականացնել 30-40 տարի առաջ, և այժմ նրանք նման խնդիրներ չունեն: Շուշիի մանկական ատամնաբուժարան օրական այցելում է 6-10 երեխա: Այն հագեցած է ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, այդ թվում և՝  թվային ռենտգեն-սարքով: Այստեղ կատարվում է նաև օրթոդոնտիկ խնդիրների կանխարգելում, որպեսզի երեխաները հետագայում ծնոտի անոմալիայի խնդիրներ չունենան: Բոլոր ծառայություններն այստեղ անվճար են: Մասնագետները ձգտում են փոքր երեխաների հետ կոնտակտի մեջ մտնել, վստահություն ձեռք բերել, որպեսզի որոշ դեպքերում չդիմեն ընդհանուր անզգայացման, այլ հատուկ մածուկ քսելով և անզգայացնելով լնդի մակերեսը, հեռացնեն ատամը: Դա հիմանականում կատարվում է հարատամնային շրջանում բորբոքային պրոցեսների ժամանակ, երբ վտանգվում է մշտական ատամների սաղմը: 
Մի խոսքով, արտասահմանյան մասնագետների հետ այստեղ անում են ամեն հնարավորը՝ երեխաների բերանի խոռոչի առողջության պահպանման համար: 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ