[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ

888_1.jpgՔաշաթաղի շրջանի կազմավորումից քիչ անց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը հիմնեց ՙԳուրգեն Մելիքյանը Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին՚ բարեգործական հիմնադրամը, որը գործում է մինչ օրս:  
Բացի բարեգործությունից՝ Գ. Մելիքյանը նույն ժամանակից նաև կազմակերպել է ծառատունկ Բերձորում և հարակից տարածքներում, վերջին ժամանակներում՝ նաև Կովսականում: Արդյունքում այսօր Բերձորում կան մի քանի պուրակներ՝ նվիրված Երևանի պետական համալսարանին, Մոնթե Մելքոնյանին, Ստեփան Ալաջաջյանին, Լեդի Քոքսին և այլն: Նոյեմբերի 2-ին Երևանի պետական համալսարանի մոտ 80 ուսանողներ Բերձորի հարակից տարածքներում տնկեցին 100 ծառ՝ ընկուզենի և սոսենի: Միջոցառումը դարձյալ Գ. Մելիքյանի կազմակերպմամբ էր: Առաջին տունկն սկսվեց Բերդաձոր-Բերձոր հատվածում, որտեղ հիմնվելու է պուրակ:  Գ. Մելիքյանի  տեղեկատվությամբ՝ այն նվիրված է գրող Վահագն Մահտեսի Հակոբյանցին: 
Ծառատունկին մասնակցում էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը, արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը, ուսխորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը։ Ռ. Մարկոսյանն ասաց, որ նախօրեին ուսանողներն այցելել էին  Կովսական քաղաք, իրականացրել ծառատունկ (տնկել են 20 ծառ) և կազմակերպել միջոցառում՝ նվիրված ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին, ում անունով է կոչվում քաղաքի միջնակարգ դպրոցը: Նշեց նաև, որ այս տարիներին միշտ ուղեկցել է ուսանողներին և կարևորեց այն, որ յուրաքանչյուր այցից հետո շատերն են կապվում Արցախի ու Քաշաթաղի հետ: Միջոցառմանը ներկա էր նաև հերոսի դուստրը՝ Ասպրամը: Կովսականից համալսարանականներն այցելել էին նաև Ստեփանակերտ, այստեղ կազմակերպել ցերեկույթ՝ նվիրված Արցախի հերոս Շահեն Մեղրյանի հիշատակին: Շուշիում այցելել են  Ղազանչեցոց Սուրբ  Ամենափրկիչ եկեղեցի, շրջել քաղաքում: Բերձորում՝ Երևանի պետական համալսարանին նվիրված պուրակում, Գ. Մելիքյանն ասաց, որ տարածքում տարիներ առաջ տնկված ընկուզենիներն արդեն բերք են տալիս: Նշեց նաև, որ այսօրվա տնկած սոսիներով լրացվեց քաղաք մտնող մայրուղու մի հատվածի ծառատունկը: Դիմելով ուսանողներին՝ Գ. Մելիքյանն ասաց՝ այս բարի գործը կատարելով՝ բոլորն էլ զինվորագրվում են հայրենի երկրի շենացմանը։ Նա ուսանողներին հորդորեց չլքել հայրենի երկիրը:
Ուսանողներից շատերն առաջին անգամ էին այստեղ և հիացած էին Արցախ աշխարհով: Թաթուլ Կրպեյանի դստեր խոսքով՝ հպարտությամբ է յուրաքանչյուր անգամ լինում Արցախում, որի ազատագրման համար հերոսաբար մարտիրոսվեց իր հայրիկը, երբ ինքը շատ փոքր էր: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ Տաթև Նազարյանը, Սյուզի Մսրյանը և Ասյա Հայրապետյանը հիացած էին Արցախի բնությամբ: Տպավորված էին Կովսականի երեխաներով:  Տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Արման Մանուկյանը նույնպես առաջին անգամ էր Արցախում, իսկ նրա կուրսեցի Ռոզա Ալավերդյանը՝ երկրորդ: Միասին  մի քանի տնկի արդեն հողին էին պահ տվել և ուրախ էին, որ այսպես են իրենց ծառայությունը մատուցում տղաների սուրբ արյամբ ազատագրված հողին: 
Ծառատունկից հետո կայացավ ուրախ խնջույք, որի ժամանակ հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, կատարվեցին ազգագրական պարեր, հնչեցին խոսքեր՝ նվիրված հայրենի հողին, այն ազատագրողին, շենացնողին, պաշտպանողին, այցելողներին, հայ ժողովրդին… 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր