[ARM]     [RUS]     [ENG]

2015-Ը ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՐ ԿԼԻՆԻ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ, ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՏԱՐԻ

Յուրաքանչյուր տարեվերջ և տարեսկիզբ իրականացված աշխատանքների հանրագումարի և հաջորդող տարվա անելիքների համակարգման  շրջան է։ Մարտունին մեծ համայնք է, ունի 5834 բնակիչ, ու համայնքի ղեկավարումն էլ պահանջում է բավականին լուրջ, բազմակողմանի և հետևողական աշխատանք: 
Առկա են բազում խնդիրներ, բնակչության առաջ ծառացած են հարցեր, որոնց լուծումը հրատապ է։ Իհարկե, քիչ չեն  նաև լուծում ստացածները։ Ու ժամանակի զարգացումները, տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներն առաջադրում են հերթական քայլեր, հերթական խնդիրներ: Այս հարցերի շուրջ է զրույցը Մարտունու քաղաքապետ Մհեր ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
-Պարոն Խաչատրյան, ի՞նչ տվեց 2014-ը: Ի՞նչ  աշխատանքներ են իրականացվել: 
- Նախ նշեմ, որ բյուջեն նախատեսված 86մլն 399հազ. դրամի փոխարեն փաստացի կատարվել է 79մլն 802հազ. դրամով, կամ` 92, 4 տոկոսով: Նախատեսված 27մլն 457հազ. դրամ սեփական եկամուտը հավաքագրվել է 23մլն 448հազ. դրամի չափով կամ` 85, 4տոկոսով: Սանմաքրման պլանով նախատեսված 27մլն. 256հազ. դրամի աշխատանքները փաստացի կատարվել են 25մլն 805հազ. դրամի չափով, կամ` 94,7 տոկոսով, կանաչապատման 15մլն 95հազ. դրամը` 14մլն 707հազ դրամի չափով, կամ` 97,4 տոկոսով, լուսավորում` պլանով նախատեսված 13մլն 500հազ դրամի չափով, բարեկարգում` նախատեսված 19մլն 500հազ. դրամը` փաստացի` 17մլն 944հազ. դրամի չափով: 
Կատարվել են նաև այլ աշխատանքներ, որոնց մի մասն ավարտուն տեսք ունի, մի մասն էլ շարունակական կլինի ընթացիկ տարում: 
Տարին այնքան էլ նպաստավոր չգտնվեց գյուղատնտեսությամբ զբաղվողների համար: Բավականին լուրջ կորուստներ եղան: Չնայած Մարտունին քաղաքի կարգավիճակ ունի, մեր բնակչության մի զգալի մասը զբաղվում է հողի մշակությամբ և անասնապահությամբ, ուստի տարվա գյուղատնտեսության մեջ արձանագրված կորուստները չպիտի հուսահատեցնեն մեր հողօգտագործողներին և անասնապահներին անհրաժեշտ է ներդնել բոլոր միջոցները գյուղատնտեսական երկու ճյուղերի զարգացման համար:  
- Այսօր բնակչության շրջանում դժգոհություններ կան հենց քաղաքի արտաքին տեսքի հետ կապված: Դրանք առանձնապես պայմանավորված են ցեխոտ փողոցներով, բնականաբար` տաք եղանակին նաև քաղաքի փոշոտվածությամբ, սանիտարական վիճակով:  
- Քաղաքի ցեխոտվածությունը մեզ համար իրոք որ մեծ խնդիր է համարվում: Անձրևներից հետո ճանապարհները պատվում են ցեխով, որն արևոտ եղանակներին վեր է ածվում փոշու: Մեր մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղումների հետևանքով վերևի թաղամասերից անձրևաջրերը կենտրոնական փողոցներ են բերում մեծ քանակությամբ ցեխ: Ճիշտ է, կոմունալ տնտեսության աշխատակիցների կողմից հավաքվում է այն, բայց լրիվությամբ վերացնել հնարավոր չէ: Այստեղ անհրաժեշտ են հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք առայժմ մենք չունենք: Ցեխոտվածության պատճառ են դառնում նաև բեռնատար մեքենաները: Խնդրի լուծման համար  նախատեսում ենք քաղաքում կառուցել սելավատարներ, որտեղ կհավաքվեն անձրևաջրերն ու ցեխաջրերը։ Կա նաև որոշում, համաձայն որի` բեռնատար մեքենաների մուտքը քաղաքի կենտրոնական փողոցներ արգելվում է: Կարծում եմ՝ այսպիսով հնարավոր կլինի հարցը լուծել:
Վերը նշվել է բարեկարգման աշխատանքների մասին, ու եթե ուշադրություն դարձնելու լինեք` դրանք լուրջ ծավալներ ունեն: Ցավոք, քաղաքապետարանը բոլոր փողոցները միանգամից  կապիտալ վերանորոգման ենթարկելու հնարավորություն չունի: Ուստի  պիտի գիտակցենք, որ այն պահանջում է ժամանակ, ինչն առավելապես պայմանավորված է ֆինանսական միջոցներով: Նախորդ տարի սկսեցինք ծայրամասային փողոցների սալահատակման գործընթացը: Արդեն կատարվել է 2000մ աշխատանք: Ճանապարհներն ունեն 5մ լայնություն: Նման աշխատանքները շարունակվում են և շարունակական կլինեն ընթացիկ տարում։ Ծածկույթը մասնագետների հավաստմամբ` դիմացկուն է և կպահպանվի ավելի երկար ժամանակ: Մինչև քաղաքի շուրջօրյա ջրամատակարարման հետ կապված ջրագծերի և կոյուղագծերի ցանցերի կառուցումն ու վերանորոգումը քաղաքի շատ փողոցներ գտնվում էին բավականին բարվոք վիճակում, կենտրոնական փողոցները լրիվությամբ ասֆալտապատված էին, բայց նշված աշխատանքների իրականացման հետևանքով ճանապարհները քանդվեցին ու մի խնդրի լուծումն իր հետևից բերեց նոր խնդիր: Վերջին տարիներին իրականացված շինարարական աշխատանքներն, այդ թվում` մարզահամալիրի, թիվ 1 դպրոցի շենքերի կապիտալ վերանորոգումները, շրջանային հիվանդանոցի նոր շենքի կառուցումը, դրականորեն են ազդել ընդհանուր համայնապատկերի վրա։ Առաջիկայում քաղաքի Սբ Ներսես Մեծ եկեղեցուն կից վթարային շենքի տեղում կառուցվող երիցտան և կիրակնօրյա դպրոցի շենքը, բազմաբնակարան չորս շենքերի, Երևանյան այգու կառուցումը և մի քանի այլ շինություններ, որոնք առայժմ գտնվում են նախագծա-նախահաշվային վիճակում, կլրացնեն եղածը, և համոզված եմ, որ մի քանի տարի հետո Մարտունին իրոք որ կունենա ժամանակակից գեղեցիկ քաղաքի տեսք: Երևան քաղաքի Արաբկիր վարչական տարածքի հետ մեր փոխայցելություններն իրենց հերթին լուրջ դերակատարություն ունեցան: Քաղաքի կենտրոնական փողոցների սիզամարգերում ավելացան ծաղիկներ, տարբեր մասերում տեղադրվեցին նոր նստարաններ, խաղային և մարզական սարքավորումներ: Հետագա համագործակցությունն անպայման այս առումով շարունակական կլինի: 
Ինչ մնում է սանիտարական վիճակին` յուրաքանչյուր տարի ավելացնում և թարմացնում ենք  աղբամանները, կոմունալ տնտեսության կողմից ժամանակին իրականացվում է աղբահանման աշխատանքը: Մնում է մեր բնակչությունը գիտակից մոտեցում ցուցաբերի քաղաքը հնարավորինս մաքուր պահելու հարցում: Չեմ ուզում խորանալ, բայց, կարծում եմ` յուրաքանչյուրս էլ հասկանում ենք, որ մեր շրջապատում առաջացած աղբը երկնքից չի թափվում:  
- Միշտ խոսում ենք այն մասին, որ երկրի հուսալի  ապագայի երաշխավորները մեր աճող սերունդն ու երիտասարդներն են: Մինչդեռ բազում խնդիրներ ունենք, որոնք կարևորագույն հարցերի լուծման ժամանակ երիտասարդին դնում են  բավականին դժվար վիճակում: Շատ երիտասարդներ ընտանիք կազմելուց խուսափում են բնակարանային խնդրի պատճառով, կան երիտասարդ ընտանիքներ, որոնք արդեն իսկ ունեն այդ խնդիրը: Կա՞ն ծրագրեր, որոնք կնպաստեն նշված խնդրի լուծմանը:
- Միանշանակ, մեր այսօրն ու ապագան երիտասարդների ձեռքերում են: Կան ծնելիության խթանման և այլ ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը: Պետական ուշադրությունը լրիվությամբ ուղղված է զոհված և վիրավոր զինծառայողների, բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը։ Քաղաքում ունենք մի քանի վթարային շենքեր, որոնց բնակիչներին ևս պետք է փոխհատուցում տրվի նոր բնակարաններ ձեռք բերելու կամ ինչ-որ կերպ իրենց խնդրին լուծում տալու համար: Կառուցվող 4 քառահարկ շենքերն այդ նպատակին կծառայեն: Այս շենքերի շահագործմանը կհետևեն նույն տարածքում ևս 4 քառահարկ շենքերի կառուցման աշխատանքները: Համոզված եմ, որ կիրականացվեն ծրագրեր, որոնք լուրջ օժանդակություն կլինեն երիտասարդներին ու երիտասարդ ընտանիքներին բնակարանային խնդրի լուծման համար: Պարզապես ժամանակ է պետք: Նշեմ նաև, որ երիտասարդներն իրենք պիտի լինեն նախաձեռնող ու աշխատասեր, նպատակասլաց, ինչի պակասը շատ է զգացվում: 
- Ինչպիսի՞ն կլինի 2015թ.-ը մարտունեցու համար: Ի՞նչ ծրագրեր կան ընթացիկ տարվա համար:
- 2015-ը կլինի սանմաքրման, կանաչապատման և բարեկարգման տարի: Այս ուղղությամբ էլ բավականին աշխատանքներ են նախատեսվում: Կլինի շինարարության տարի, քանի որ ծրագրում ունենք Երևանյան այգու հիմնադրման, 4 քառահարկ շենքերի շինարարության, ինչպես նաև ճանապարհների վերանորոգման և այլ ծրագրեր: Ես այս տարի կուզենայի տեսնել մեր հերոս ժողովրդի ակտիվությունն ու սրտացավությունը մեր քաղաքի զարգացման և բարեկարգման աշխատանքներում: Հույս ունեմ, որ միասին կկարողանանք ստեղծել մեր քաղաքն այնպիսին, ինչպիսին ուզում ենք այն տեսնել:
 
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
ք. Մարտունի