ԲԱՐՁՐԱՑՎԵԼ ԵՆ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԸ
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առանձին ծրագրերով այս կամ այն կերպ ուշադրության է արժանացնում հաշմանդամների, տարեցների, զոհված զինծառայողների ընտանիքների, փախստականների և սոցիալապես անապահով այլ խմբերի քաղաքացիների հիմնահարցերը:
Ընդհանուր առմամբ՝ հաշմանդամներին տրվում է ամենամսյա դրամական օգնություն. Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին տրամադրվում է ամենամսյա պատվովճար, իսկ ԼՂՀ հիշարժան օրերի կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիներն ստանում են միանվագ դրամական օգնություն։
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի տեղեկատվությամբ՝ 2015թ., Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, առանձնահատուկ մոտեցում կցուցաբերվի այդ պատերազմի վետերանների նկատմամբ իրականացվող ծրագրերին: 2015թ. հունվարի 1-ից 10 հազ. դրամով բարձրացված է վերջիններիս տրվող ամենամսյա պատվովճարի չափը՝ սահմանվելով 35 հազ. դրամ: Ավելացել են նաև Մայիսի 9-ի՝ Եռատոնի առթիվ տրվող գումարները. Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցների, այդ թվում՝ հաշմանդամ մասնակիցների համար սահմանվել է 100 հազ. դրամ։ 100-հազարական դրամ կստանան նաև Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները, իսկ նույն պատերազմի մասնակիցներին հավասարեցված հաշմանդամներին կհատկացվի 50 հազ. դրամ: Այս տարի կբարձրացվեն նաև զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակների հետ վճարվող ամենամսյա պարգևավճարների չափերը: Ընդհանուր առմամբ՝ առանձին խմբերի քաղաքացիների համար սահմանված ամենամսյա դրամական օգնությունների և պարգևավճարների վճարման նպատակով 2015թ. պետբյուջեից կհատկացվի շուրջ 900 մլն դրամ:
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարզաբանմամբ՝ նախարարության կողմից շարունակվելու են զինծառայության ժամանակ հաշմանդամ դարձած քաղաքացիներին ու զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին միանվագ ապահովագրական գումարների, զոհվածների գերեզմանների բարեկարգման ու հուղարկավորման նպատակով միանվագ դրամական փոխհատուցումների հատկացման աշխատանքները, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության ժամանակ երկու և ավելի զոհ ունեցած ընտանիքներին ամենամսյա օժանդակության տրամադրումը: Այս ծրագրերի իրականացման համար 2015թ. պետբյուջեով նախատեսված է ավելի քան 110 մլն դրամ:
Հաշմանդամության բնագավառում իրականացվող՝ սահմանափակ կարողություններով անձանց վերականգնողական ծրագրերի շրջանակներում կշարունակվեն պրոթեզավորման աշխատանքները, թիկնասայլակների, լսողական սարքերի և այլ օժանդակ միջոցների տրամադրումը: Մեկ տասնյակից ավելի՝ ինքնուրույն շարժվելու անկարողությամբ տառապող հաշմանդամների տարեցտարի տրամադրվում են նորագույն չափորոշիչներին համապատասխանող եվրոպական արտադրության էլեկտրասայլակներ: 2014թ. ԼՂՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպվել է լսողության խանգարումներով գյուղաբնակ երեխաների ինտերակտիվ ուսուցման ծրագիր, ինչի շնորհիվ այսուհետ նման խնդիրներ ունեցող դպրոցականները հետ չեն մնա իրենց հասակակիցներից: Բացի այդ, կշարունակվի առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի տրամադրումը հաշմանդամներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և այլ խմբերի անձանց: Առաջին անգամ, 2014թ.նոյեմբերի սկզբին, ուղեղի կաթվածով տառապող 25 երեխաներ ծնողների հետ միասին ուղեգրվել են ՀՀ Ջերմուկ քաղաքում գործող հատուկ մասնագիտացված առողջարան՝ ժամանակակից մեթոդներով վերականգնողական բուժում ստանալու նպատակով:
Նախարարության և ՙՀանգանակ՚ հասարակական կազմակերպության միջև գրավոր համաձայնություն է ձեռք բերվել՝ տնային պայմաններում սպասարկման կարիք ունեցող միայնակ տարեցներին և հաշմանդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։ 2014թ. ընթացքում պետական աջակցության կարիք ունեցող անձանց, այդ թվում՝ հաշմանդամներին նյութական (պարենային) օգնության տրամադրման ծրագրի շրջանակներում 10 ամիսների ընթացքում ծախսվել է շուրջ 66 մլն դրամ: 2015թ. ևս այս ծրագրերը կշարունակվեն։ Ամբողջովին ավարտվել է հաշմանդամների հաշվառման շտեմարանի թվայնացման գործընթացը, ներկայումս հնարավոր է հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող բոլոր օղակներին առցանց տրամադրել հաշմանդամների վերաբերյալ ցանկացած տեղեկություն:
Ս. Ավանեսյանը հարկ համարեց նշել, որ նախարարության կողմից կատարվում են հետազոտական վերլուծական աշխատանքներ՝ ուղղված սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությանը, երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգընթաց դրանց վերափոխմանը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների ծախսման հասցեականությանը:
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ