ԻՆՉՈՒ ԵՆ ՇԱՏԱՑԵԼ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Alv.jpgՎերջին տարիներին մեր հանրապետությունում ամուսնությունների թվի կայուն աճ է գրանցվել: Ցավոք, ըստ վիճակագրական տվյալների, տարեցտարի աճում է նաև ամուսնալուծությունների թիվը: 
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակումները հուշում են, որ  եթե 2012 թվականին գրանցվել է 147 ամուսնալուծություն,  իսկ 2013-ին այդ թիվը 185 էր, ապա 2014 թ. ամուսնալուծությունների թիվը հասել է 212-ի:  
Մեր հանրապետությունում ամուսնալուծությունների  աճի պատճառների վերաբերյալ որևէ պաշտոնական վիճակագրություն գոյություն չունի, դժվար է գտնել նաեւ մասնավոր հետազոտություններ, որոնք արվել են այդ թեմայով: Իհարկե, անվիճելի է նաև, որ այդ աճը բացառապես մեր հանրապետությանը բնութագրական միտում չէ, այն նկատվում  է  աշխարհի բազմաթիվ երկրներում, իսկ ՀՀ-ում ամուսնալուծությունների կտրուկ աճը անցյալ տարում անգամ  կառավարական մակարդակով քննարկումների առիթ է դարձել։   
Ըստ ԼՂՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գրասենյակի կողմից տրամադրված տվյալների` մեր հանրապետությունում ամուսնալուծվող զույգերի միջին տարիքը ներկայում  34 է, չնայած քիչ չեն նաև  այն զույգերը, որոնք դեռ նոր են կայանում որպես ընտանիք: Ամուսնալուծված 128 զույգ ունեն անչափահաս երեխաներ, ասել է թե՝ երեխաների առկայությունը, որպես ընտանիքը պահող լուրջ գործոն, ևս արդեն վճռորոշ չէ:  Նշենք, որ այսօր մեր հանրապետությունում  ամուսնալուծության գործընթացը բավականին հեշտ է, անհրաժեշտ է միայն ամուսնալուծվողների փոխհամաձայնությունը, ինչի բացակայության դեպքում գործընթացը տեղափոխվում է դատական դահլիճ: Վերջերս հայաստանյան հեռուստաալիքներից մեկին հյուրընկալված մի քանի փաստաբաններ, սոցիոլոգներ ու հոգեբաններ այն համոզմունքն են բարձրաձայնել, որ  եթե զարգացվի մեդիացիայի (միջնորդություն, հաշտարարություն) ինստիտուտի գաղափարը և դատական օրենսգրքով բարդացվի ամուսնալուծությունների ընթացակարգը՝ փոփոխություններ կատարվելով ընտանեկան օրենսգրքում, ապա ամուսնալուծությունների թիվը միանշանակ կնվազի: 
Նկատվո՞ւմ է արդյոք նման անհրաժեշտություն մեզանում և ամուսնալուծվելու համար ի՞նչ փաստարկներով են զույգերը ներկայանում դատարան՝ այս հարցերի շուրջ մենք զրուցել ենք ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանի հետ: Այն, որ ամուսնալուծվող զույգերի հետ հոգեբանական աշխատանք պետք է տարվի՝ անվիճելի է, սակայն դա պետք արվի մինչ նրանց դատարան դիմելը։ Ինչ վերաբերում է դատական վեճերին չեզոք միջնորդի մասնակցությանը, այս հարցում Ա. Թադևոսյանը որոշակի պարզաբանումներ արեց՝ ասելով, որ  համապատասխան օրենսդրությունը մշակված է այնպես, որպեսզի արվի ամեն հնարավորը՝ ընտանիքը քայքայումից փրկելու համար: Նա շեշտեց, որ շատ հաճախ զույգը կամ ամուսիններից մեկը դատարան է դիմում  պահի ազդեցության տակ, անգամ ոչ այնքան լուրջ  կենցաղային դրդապատճառներից ելնելով։ Այս և այլ  դեպքերում բացատրական և, ինչ-որ տեղ, նաև հոգեբանական աշխատանք տանում է դատավորը՝  ձգտելով զույգին կառուցողական որոշումների բերել: ՙԶույգին դատարանն ըստ օրենքի տալիս է մինչև երեք ամիս ժամանակ՝  հաշտվելու համար։ Ընթացիկ տարում 26 զույգ դատարան դիմելուց հետո հրաժարվել է ամուսնալուծության մտքից, ինչը, կարծում եմ, նկատելի թիվ է՚,- ասաց նա: Դատարանի նախագահն ամուսնալուծությունների պատճառներից առանձնացրեց սոցիալ-կենցաղային դժվարություններին զույգերի անպատրաստ լինելն ու վաղ ամուսնությունները, ինչպես նաև  զույգերի ծնողների միջամտությունը, ըստ որում` թե տղամարդու, թե կնոջ ծնողների կողմից: Լինում է նաեւ, երբ ծնողները անհարկի ոգևորություն են դրսևորում՝ հուշելով իրենց երեխաներին բաժանվել: Եվ եթե կողմերից մեկը թուլություն է դրսեւորում, այսինքն` սկսում է իր ընտանիքի շահերը ստորադասել ծնողների շահերին, առաջանում են անհաղթահարելի թվացող խնդիրներ: Իհարկե,  ծնողներին պետք է սիրել, հարգել, պատասխանատվության զգացում ունենալ նրանց նկատմամբ: Հասկանալի է նաև ծնողների հոգատարությունն ու ուշադրությունը երիտասարդ ընտանիքի նկատմամբ: Սակայն անհրաժեշտ է գիտակցել ինքնուրույնության և նոր սերնդին սեփական կյանքի համար պատասխանատվության զգացմունքի փոխանցման կարևորությունը: Չափից ավելի, նույնիսկ դրական միջամտությունը, հավասարազոր է բացասական միջամտությանը, որը խանգարում է նորաստեղծ ընտանիքի կայացմանը և կարող է բաժանման պատճառ դառնալ: Ա. Թադևոսյանը նաև նշեց, որ դատական պրակտիկայի փորձից կարելի է եզրահանգում անել, որ որքան բարձր է ամուսնական զույգի մտավոր մակարդակը, այնքան զույգն ավելի է գնահատում ընտանեկան արժեքները և հարաբերությունները:  
ՙՄենք այսօր մեկանգամյա օգտագործման իրերի ժամանակաշրջանում ենք ապրում, բայց առաջներում  մեր ունեցածը պահպանում էինք, կարում-կարկատում, վերանորոգում, հիմա հեշտ է նորով փոխարինել ամեն ինչ, նույնն էլ ամուսնությունների դեպքում է՚՝ այսպիսի համոզմունք ունի երկար տարիների մանկավարժական վաստակ ունեցող Ա. Վ-ն, որի որդու ընտանիքը ևս վերջերս քանդվել է: Վերջինիս կարծիքով՝ ամուսնալուծությունների աճի  և ընդհանրապես ամեն վատի առաջին պատճառը սոցցանցերի ներկայությունն է երիտասարդության կյանքում: Երիտասարդ զույգերն իրար ներելու ու հաշտության եզրեր գտնելու մասին մտածում են, երբ արդեն ապահարզանը փաստ է դառնում: Այսօր հեռուստաեթերը թելադրողի դերում է, իսկ այնտեղ երիտասարդի համար ուսանելի և ընդօրինակման արժանի ոչիչ չես գտնի: Իսկ ամենաբացասական ազդեցությունը, Ա.Վ.-ի կարծիքով, հայկական սերիալներն են գործում, այն տպավորությունն է, որ հայկական իրականությունում տասնամյակներով համերաշխ ապրող ընտանիքները վերացել են:
Մեզ հետ ունեցած զրույցում հոգեբան Հասմիկ Եսայանը ամուսնալուծությունների աճը պայմանավորեց այդպես էլ ավարտ չնախանշող անցումային ժամանակաշրջանով. մեր հասարակությունը ճգնաժամային վիճակում է, մենք գտնվում ենք երկու տարբեր մշակույթների՝  հայկականի և արևմտյանի արանքում: Արևմտյան բարքերն ու երիտասարդների կողմից ընտանեկան արժեքների ստորադասումը ծնում են մի շարք խնդիրներ, որոնք էլ հիմնականում ամուսնալուծությունների պատճառ են դառնում: Առաջնային խնդիրներից է դեռահասության շրջանում սեռական դաստիարակության բացակայությունը և միաժամանակ Արևմուտքից մեր իրականություն արագ ներխուժող ազատությունը: Հին կարծրատիպերը շարունակում են գոյություն ունենալ և ճնշել, իսկ նորին հետևողներն էլ հաճախ մյուս ծայրահեղության մեջ են հայտնվում։ Արդյունքում մեծանում է ամուսնական դավաճանությունների թիվը,մեծամասամբ՝ տղամարդու կողմից: 
Այժմ հայ կանայք սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել կարիերային, ինչը մեր տղամարդկանց այնքան էլ դուր չի գալիս։ Ըստ հոգեբանի՝ այդ երևույթը ևս ամուսնալուծությունների համար նոր խթան է դարձել։ 
Ամուսնալուծությունների պատճառ է դառնում նաեւ այն, որ հասարակությունն ու ծնողը չեն կարողանում ձևավորել հասուն մարդ, անհատ, ով կարող է պատասխանատվություն կրել, ընդունել դիմացինին և հանդուրժող լինել: Անվիճելի է, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ևս մեծ դեր ունի ընտանիքի կայունության առումով, քանի որ ամուսնալուծվում են նաև սոցիալական խնդիրների պատճառով, որոնք իրենց հերթին բերում են հոգեբանական խնդիրներ՝ ֆինանսական դժվարություններ, աշխատանքի բացակայություն, երեխաների հոգս: Սրանք այնպիսի հոգեբանական խնդիրներ են, որոնք պետք է ամուսինները հաղթահարեն համատեղ: Եթե դրանց հաղթահարման բեռը միայն կնոջ կամ տղամարդու վրա է ընկած, մեծ է լինում երկրորդ կեսից հիասթափվելու վտանգը: Հոգեբանը շեշտեց նաև, որ ամուսնալուծությունը ընտանիքի ինքնասպանություն է, սակայն կան դեպքեր, երբ ապահարզանը պարզապես փրկություն կարող է դառնալ ամուսիններից մեկի համար. այդ շարքում են սովորաբար դիմումում որպես ամուսնալուծության պատճառ չնշվող՝ ալկոհոլի կամ թմրանյութերի նկատմամբ ամուսնու հակումը, ընտանեկան բռնությունը և այլն: Նման ընտանիքները երեխաների առկայությամբ ամուսինների արհեստական համատեղ գոյակցություն են և անդառնալի ավերածություններ են գործում երեխաների հոգեբանության մեջ:                                                                                                                                               
Հ. Եսայանի դիտարկմամբ՝ կա նաև այլ խնդիր, երբ ամուսնությանը նախապատրաստվելը զույգերի կողմից չի դիտարկվում որպես  կարևոր գործոն: Նախքան ամուսնանալը պետք է հաշվի առնել որոշ կետեր, որոնց համապատասխանելու դեպքում զույգերը կարող են հանգիստ լինել ապագայի հարցում: Զույգը պետք է իրար տևական ժամանակ ճանաչի, չնայած կան զույգեր, ովքեր շատ կարճ ժամանակահատվածում ամուսնացել են ու կազմել ամուր, երջանիկ ընտանիք: Այս դեպքում արդեն առկա է կայացած անհատների միություն:  Հ. Եսայանը ցավով նշեց, որ մեզանում ամուսնալուծությունների խնդիրներով գրեթե չեն դիմում հոգեբանների, մինչդեռ  ընտանիքը հոգեբանի ինստիտուտի միջոցով փրկելու համար կարող է մեկ այցը նույնիսկ  բավարար լինել: Հ Եսայանը ցանկալի է համարում նաև դատական վեճերի ժամանակ հոգեբանի ներկայությունը: 
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ