Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ԿԱՆԱՑԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Anaida.jpgԱրցախում 2013-ից գործում է վերարտադրողական 
առողջության աջակցման ծրագիրը
Աշխարհում ավելի քան  80մլն մարդ այսօր տառապում է անպտղությամբ, ինչը կանանց ու տղամարդկանց շրջանում գրեթե հավասարաչափ է։ Եվրախորհրդի 2008թ. հռչակագրում նշված էր, որ Եվրոպայում ժողովրդագրական ճգնաժամի պատճառներից մեկն էլ համարվում է անպտղությունը, իսկ վերարտադրողական առողջության զարգացումը՝ ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարման միջոցներից մեկը։ 
Վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում անպտղության ցուցանիշը կազմում է 17%։ Ընդհանրապես ամուսնացած կանանց 30%-ը հղիանում է համատեղ կյանքի առաջին երեք ամիսներին, 60%-ը՝  առաջին յոթ ամիսների ընթացքում, իսկ մնացած 10%-ը՝ սեռական կյանք սկսելուց 11-12 ամիս հետո։ Ընդունված է, որ ամուսնության 1-2 տարիների ընթացքում, առանց հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման, կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հղիության բացակայությունը համարվում է անպտղություն։ Գինեկոլոգիայի ամենաբարդ ու արդիական խնդիրներից մեկն անպտղությունն է, որը, չնայած բժշկության ժամանակակից ձեռքբերումներին, տարեցտարի աճում է, ինչը բացասաբար է անդրադառնում ժողովրդագրական ցուցանիշի, վերարտադրողական առողջության զարգացման վրա։ Խնդիրն արդիական է նաև Արցախում։ Այդ առումով կանանց միամսյակի շրջանակներում զրուցեցինք ԼՂՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին կից 2013թ. ստեղծված վերարտադրողական առողջության աջակցման ծրագրի համակարգող, վերարտադրողաբան, մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ ՄԱՂԱՔԵԼՅԱՆԻ հետ։ 
- Նախ շնորհավորում ենք Ձեզ՝ կանանց միամսյակի կապակցությամբ։ Այս շրջանում մեկ անգամ ևս փորձենք անդրադառնալ կանանց առողջությանը վերաբերող կարևորագույն հարցերից մեկին՝ վերարտադրողական առողջությանը։ Արցախում արդեն գործում է շատ կանանց համար ցանկալի՝ վերարտադրողական առողջության աջակցման ծրագիրը։ Փոքր-ինչ՝ ծրագրի նպատակների և ձեր գործառույթների մասին։ 
- Ընդհանրապես անպտղության խնդիրը տարածված է ամբողջ աշխարհում, մեր հանրապետությունում այն նույնպես առկա է։ Տարիներ ի վեր անպտուղ զույգերն ստիպված մեկնում էին Երևան և այլուր, որպեսզի պարզեն իրենց խնդիրները, գտնեն բուժման և ցանկալի հղիության ուղիները։ Բացի դրանից, անպտուղ զույգերը պետք է հարթեին նաև ֆինանսական որոշակի դժվարություններ։ Այդ առումով ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո Երևանում գործող ՙԱրագիլ՚ վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի համատեղ ջանքերով Ստեփանակերտում ստեղծվեց  վերարտադրողական առողջության կաբինետ։ Ծրագրի նպատակն է օգնել անպտուղ զույգերին՝ պետպատվերի շրջանակներում հետազոտվելու և  կազմակերպելու բուժօգնության ընթացքը։ Քանի որ բազմաթիվ են անպտղության պատճառները, այդ նպատակով իրականացվում է համակողմանի հետազոտություն, դրանով պայմանավորված՝ ճիշտ ախտորոշում և բուժում։ Մենք ոչ միայն օգնում ենք  անպտղությամբ տառապող կանանց, այլև իրականացնում մասնագիտացված արտահիվանդանոցային և հիվանդանոցային մանկաբարձ-գինեկոլոգիական բժշկական օգնություն, արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգ՝ օնկոցիտոլոգիական հետազոտություններ, որոնք ուղղված են արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, այլ գործառույթներ։ 
- Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը, և ի՞նչ տարիքի են դիմող զույգերը։
- Առաջին հերթին, անպտուղ զույգերը հաշվառվում են մեզ մոտ, ինչն էլ հնարավորություն է ընձեռում պարզելու, թե հանրապետությունում քանի անպտուղ զույգ կա։ Ներկայումս գրանցված 500 անպտուղ զույգերից 67-ն ուղեգրվել են արտամարմնային բեղմնավորման։ Դիմողների շրջանակը շատ լայն է՝ սկսած 21 տարեկանից՝ 1-2 տարվա անպտղությամբ, մինչև 45-47 տարեկան՝ արդեն 17 տարվա անպտղությամբ տառապող կանայք։ Ճիշտն ասած, 2013թ. զույգերը կարծես թերահավատորեն էին այցելում կենտրոն և լուրջ չէին վերաբերվում, հիմա արդեն հակառակ պատկերն է։ Կաբինետ այցելողների թիվն աստիճանաբար աճում է։ Ներկայումս տարբեր եղանակներով հղիացել է արդեն 70 կին։ Վերարտադրողական տարիքի բոլոր կանայք կարող են դիմել և հետազոտվել, պարզել խնդիրները, ստանալ ցուցումներ։  
- Իսկ ի՞նչ պատճառով է կանանց և տղամարդկանց շրջանում առաջանում անպտղությունը։ 
- Բազմաթիվ են անպտղության պատճառները. ամենատարածվածը սեռական ճանապարհով փոխանցվող վարակներն են, մեր դեպքում՝ հետազոտություններից պարզվել է, որ անպտղության պատճառների 60%-ը ձվարանների պոլիկիստոզ համաախտանիշն է։ Սովորաբար և՜ կանանց, և՜ տղամարդկանց համատեղ խնդիրներն են հանգեցնում անպտղության։ Խիստ հազվադեպ ենք հանդիպում զուտ կանանց կամ տղամարդկանց խնդրի։ Արցախում այսօր վերարտադրողական տարիքի են պատերազմի և հետպատերազմյան շրջանում ծնված կանայք, որոնք, բնականաբար, ունեն տարբեր խնդիրներ։ Կանանց անպտղության պատճառներից են բնածին արատները, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան և հորմոնային խանգարումները, արհեստական վիժումները (աբորտներ), սեռավարակները։ Սեռական օրգանների բորբոքային գործընթացը վնասում է արգանդի փողերը և առաջացնում խնդիրներ։ Հետազոտությունների արդյունքում, երբ բացառվում է վարակների առկայությունը, ստուգում ենք հորմոնալ համակարգը, որի խանգարման պատճառով ևս առաջանում է անպտղություն։ Տղամարդկանց շրջանում անկանոն սեռական կյանքը, վատ սովորույթների չարաշահումը, վիրահատությունները, սեռական օրգանների հիվանդությունները նույնպես պատճառ են այդ խնդրի առկայության։ Սակայն հետազոտվելուց, ախտորոշելուց և բուժման թերապիայից հետո անպտղությունը հնարավոր է վերացնել։ Անհրաժեշտության դեպքում մասնագետների հետ խորհրդակցելուց հետո կատարվում են նաև լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնք իրականացնում են Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազյանը և ԼՂՀ ԱՆ նախարար Հարություն Քուշկյանի հրավերով ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնից պարեբերաբար այցելող Անդրանիկ Պողոսյանը։ 
- Ինչպե՞ս եք համագործակցում ՙԱրագիլ՚ հիմնադրամի հետ։ 
- Դա տեղի է ունենում կլոր տարին։ 2-3 ամիսը մեկ զույգերի որոշակի  համալրված քանակի քարտերն ուղարկում ենք Երևան։ Ուսումնասիրելուց հետո այնտեղ ընտրվում են տվյալ զույգի համար պահանջվող բուժման եղանակները։ Նրանք պարբերաբար խորհրդատվություններ են անցկացնում մեզ հետ։ 
- Արդեն հղիացած այդ կանանց վերահսկողությունն ինչպե՞ս է կատարվում։
- Նրանք ի սկզբանե հաշվառված են մեզ մոտ և համարվում են բարձր ռիսկի հղիներ։ Նրանք պարբերաբար հետազոտվում են, հաշվի են առնվում անհրաժեշտ մասնագետների կարծիքները, և ըստ ցուցումների իրականացվում է այս կամ այն խնդրի վերացումը։ Նշենք, որ 2014թ. 1-2 ամսում այնքան զույգ է այցելել կենտրոն, ինչքան ողջ 2013-ի ընթացքում։ Այդ կանայք սկսել են հղիանալ արդեն 2013թ. օգոստոս ամսից, այսինքն՝ 6 ամսվա հետազոտություններից ու բուժումներից հետո։ Թիվն այժմ աճել է։   
- Ի՞նչ խորհուրդ կտայիք արցախցի կանանց, հատկապես կանանց միամսյակի շրջանակներում, արդյո՞ք ուշադիր են նրանք իրենց առողջության նկատմամբ։ 
- Նախ շնորհավորում եմ բոլոր կանանց և ցանկանում առաջին հերթին կանացի երջանկություն։ Թող կինը կայանա ամեն բնագավառում՝ որտեղ ինքն ընդգրկված է, որտեղ աշխատում է, ինչպես նաև որպես մայր, կին, աղջիկ, հարս և այլն։ Ես կխնդրեի, որ մեր կանայք մի քիչ էլ ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, քանի որ արցախցի կանայք բոլորի հանդեպ ուշադիր են՝ բացի իրենք իրենցից։ Իհարկե, կան բացառություններ, երբ կանայք բժշկի հատուկ դիմում են  կանխարգելիչ ստուգումների համար, որը շատ ողջունելի է, բայց շատերի առողջությունը հիմնականում բարձիթողի վիճակում է։ Խորհուրդ կտայի գոնե տարին մեկ անգամ հետազոտվեն, որովհետև շատ դեպքերում դա հնարավորություն է տալիս կանխել բազմաթիվ բարդություններ, անցանկալի հիվանդություններ։ Հատկապես հասունության ուշ շրջանում հաճախ կինը մոռանում է իր մասին, մինչդեռ նա պետք է զգոն լինի և հանուն հարազատների մտածի իր առողջության մասին, որովհետև դրանից է կախված նաև ընտանիքի բարօրությունը։  
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ